Սփյուռքի ձայնը

Իսպանիայի Մալագա քաղաքի հայկական նորակառույց եկեղեցում մատուցվելու է Սուրբ Ծննդյան առաջին պատարագը․ «Սփյուռքի ձայնը»

2023 թվականին Մալագայի հայկական եկեղեցում մատուցվելու է սուրբ Ծննդյան առաջին պատարագը, այն անցկացնելու է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։

«Իսպանիայի տարածքում ապրում են անկախությունից հետո Հայաստանից և ոչ միայն, գնացած հայերը։ Եկեղեցու կառուցումը հայության կյանքում, կարծում եմ, շատ բան կփոխի։ Մեր եկեղեցին միշտ միավորող է եղել։ Թեև այսօր բազմաթիվ խնդիրների պատճառով հայությունը մի քիչ հեռացել է եկեղեցուց, սակայն մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի մեր հավատավոր զավակներին մոտեցնենք հավատքին ու եկեղեցուն»,- ասում է Սրբազանը։

Մալագայում ապրող մտահոգ հայերը՝ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ այս բացը փորձում են լրացնել։ Եկեղեցուն կից գործելու է հայկական դպրոց, կանանց միություն և այլն, ավելացնում է Խաժակ արքեպիսկոպոսը։

Եկեղեցին հայության տունն է օտարության մեջ։ Ունենալ եկեղեցի, նշանակում է փոքրիկ Հայաստան ունենալ օտար երկրում․
«Ես պետք է նաև իմ առաքելությունը իրականացնեմ՝ այն համախմբման կենտրոն դարձնելու համար։ Այստեղ պետք է մշտական ծառայող հոգևորական ունենանք, իսկ ինչն այսօր կարևոր է՝ պետք է կրթենք այնպիսի հոգևորականներ, որոնք կհասկանան նաև օտար երկրում ապրող հայության խնդիրները, կտիրապետեն նրանց հետ աշխատելու հմտություններին»,- ասում է Խաժակ արքեպիսկոպոսը։

Սրբազանը դեռևս նախորդ տարվա հուլիսին էր Մալագա այցելել՝ նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններին իր անմիջական մասնակցությունը բերելու նպատակով:

Հայությանը համախմբելու, հոգևոր կառույցի դերակատարության ու Սուրբ Ծննդյան խորհրդի մասին է հեռախոսազրույցը Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի հետ։

Back to top button