ՀարցուԳԻՏԱփորձ

Արդյո՞ք դատարկությունն իսկապես դատարկ է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«0-ն ի՞նչ է, 0 կա՞․․․ Փիլիսոփայության մեջ էլ ինչ-որ ժամանակահատված կար, 0-ից վատանում էին, 0-ի մեջ մոգական, կախարդական, նույնիսկ դիվային ինչ-որ բաներ էին տեսնում»։

Բարև։ Սա «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդման զրոերորդ թողարկումն է։

«Արիստոտելը, որ Արիստոտել էր, 0-ն մերժում էր, որովհետև․․․ ո՞նց կարող ենք ընկալել 0-ն։ Ի՞նչ է 0-ն, ոչ մի բան է, ուրեմն չպետք է լինի։ Բայց արի ու տես, որ էդ ոչ մի բանը՝ զրոն, հանկարծ կա, ու հանկարծ պարզվում է, որ չափազանց կարևոր է»։

Ձեր դատին հանձնվող այս բառերը գրելուց առաջ այս թղթի վրա տեքստի բացակայություն կար։ Եթե տեքստը շարունակեր բացակայել, և եթե աշխարհի բոլոր տեքստերն ու հնչյունները վերանային, ձեր ռադիոընդունիչում կամ ականջակալներում այս պահին ձայնի բացակայություն կլիներ։ Բայց մենք գիտենք ինչ է տեքստը, ինչ է ձայնը և կոնկրետ ինչի բացակայությանը տեսականորեն կարող էինք բախվել։ Իսկ ի՞նչ կա մեր իմացության սահմաններից այն կողմ, այնտեղ, ուր մեր ճանաչած մարմիններից ու երևույթներից ոչ մեկը չկա, արդյո՞ք դատարկությունն իսկապես դատարկ է։

«ՀարցուԳիտափորձ»-ը պարզ, երբեմն նույնիսկ անհեթեթ հարցերի գիտական պատասխանները գտնելու նպատակ ունի։ Այս թողարկմանը կիմանանք՝ որտե՞ղ կա դատարկություն և ի՞նչ կա դատարկության մեջ։

Երբ ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանին հարցրի՝ ինչով է զբաղվում, ասաց՝ դատարկությամբ։ Վակուումն ուսումնասիրում է 80-ականների վերջից սկսած, ասում է՝ դատարկությունը ճանաչելը դատարկ բան չէ․

«Վակուումը ֆիզիկական պրոցեսների տեսակետից բավականին հարուստ թատերաբեմ է և արժե զբաղվել դրանով։ Ատոմիստները գտնում էին, քանի որ ամեն ինչի հիմքը ատոմն է, իսկ ատոմների միջև ինչ–որ տարածություն կա, ուրեմն դատարկությունը պետք է լինի, բայց դա այնքան էլ համընդհանուր ընդունված կարծիք չէր։ Օրինակ՝ Արիստոտելը գտնում է, որ վակուումը չի կարող լինել, էությունը պետք է լցնի ամեն ինչ։ Եվ այդ վեճերը շարունակվում էին երկար ժամանակ, մինչև 19-րդ դարի վերջերը, երբ դեռ քվանտային մեխանիկան չէր ձևավորվել»,- պատմում է Արամ Սահարյանը։

Դասական ֆիզիկայում երկու հիմնական հասկացություն կա՝ ատոմ ու դաշտ։ Նույն դասական ֆիզիկան ասում է, որ եթե երկուսն էլ վերացնենք՝ կմնա ոչինչ, իսկ ոչինչն ուսումնասիրել հնարավոր չէ։ Սակայն քվանտային ֆիզիկան ասում է՝ եթե մասնիկ չկա, ապա դաշտ չլինել չի կարող․ այդ «ոչինչն» իրականում ինչ-որ բանով լցված է։

Ավելին՝ քվանտային ֆիզիկայով զբաղվողներն ասում են, որ Մեծ պայթյունն առաջացել է հենց վակուումից, այսինքն՝ կյանքը ստեղծվել է դատարկությունից։ Վակուումը հիմա էլ շարունակում է անել իր գործը․ տիեզերքն ընդարձակվում է, մոլորակները հեռանում են իրարից․

«Էդ դեպքում բնական հարց է առաջանում՝ էդ արագությունները որտեղի՞ց եկան, որ հեռանում են։ Չէ որ գալակտիկաների միջև ազդող ուժերը ձգողական գրավիտացիոն ուժեր են, դրանք սովորական զանգված են, էդ դեպքում ինչու են հեռանում իրարից։ Ուրեմն ի սկզբանե իրենց ինչ-որ բան ստիպել է հեռանալ, որ նրանք շարունակում են այսօր իրենց արագությունը։ Ո՞րն է այդ սկզբնապատճառը, որ մեր տիեզերքն ընդարձակվում է։ Մեծ պայթյունը, որից սկզբնական հեռացումը եղավ, որտեղի՞ց էր։ Սովորական գրավիտացիան, սովորական նյութը, մեր աստղերը, ատոմները և այլն էդպիսի աղբյուր չեն կարող լինել։ Կամ պետք է Աստված ինչ-որ ձևով էդ սկզբնահարվածը տար, որ լիներ, կամ էլ․․․ կամ էլ մենք՝ ֆիզիկոսներս, աշխատում ենք Աստծո գործը հնարավորինս թեթևացնել։ Այսինքն՝ էն խնդիրները, որ մենք կարող ենք անել, փորձենք մենք անել»,- ասում է Սահարյանը։

Ֆիզիկոսները խնդիրը լուծելու ճանապարհին բացահայտեցին, որ այստեղ գործին խառնված է նախկինում դեռ չկիրառված մի հասկացություն՝ վանողական գրավիտացիան։ Ավելի ուշ բացահայտվեց, որ այս հատկությունը բնորոշ է վակուումին․ այն անընդհատ ընդարձակվում է։

Որտե՞ղ է դատարկությունը հարցին Սահարյանը կարճ է պատասխանում՝ ամենուրեք։ Ասում է՝ դատարկությունն այն բեմն է, որի վրա «տեղի է ունենում» կյանքը․ մենք ապրում ենք դատարկության ֆոնին։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե դատարկությունը ունի վանողական գրավիտացիա, ապա ինչպես է ստացվում, որ մենք չենք տրվում դրան, այլ ապրում ենք ձգողական գրավիտացիայի պայմաններում․

«Մեր գալակտիկայում նյութի էներգիան այնքան մեծ է, որ գերակշիռ է վակուումի նկատմամբ, իսկ ամենալավ վակուումը մենք կդիտեինք, եթե հեռանայինք բոլոր գալակտիկաներից, ասենք՝ մինչգալակտիկական տիրույթում։ Այնտեղ ամենալավ վակուումն է, և այնտեղ վանողական էներգիան արդեն դոմինանտ է»։

Ծանիր Զքեզ

«Էն մեծ ուսուցիչները, ովքեր ճանաչել են դատարկությունը, ի՞նչ են ասում։ Ասում են՝ դատարկությունն այն է, ինչը անուն չունի, ինչին անվանել չես կարող»։

Փիլիսոփա Արման Ղարագուլյանը ձեռքը դնում է սեղանին։ Սա, ասում է, անուն ունի, սահմանափակված է այդ անվան կաղապարով։ Մենք ճանաչել, անուն տալ կարող ենք այն ամենին, ինչը հասու է մեր զգայարաններին՝ լսելի է, տեսանելի է, շոշափելի է, այն, ինչից հոտ է գալիս, այն, ինչի մասին մենք գիտենք։ Իսկ մեր մտածողության սահմաններից դուրս, ավելի մեծ երևույթները ոչ թե չկան, այլ մեզ հասանելի չեն․

«Տիեզերական անընդհատ շարժումը որտե՞ղ է տեղի ունենում, տեղի է ունենում մեծ դատարկության ֆոնի վրա, որը ամեն ինչի մայրն է, բայց ինքը, որպես այդպիսին, անուն չունի, ոչ թե որովհետև չունի, այլ որովհետև իմ կարողությունները, իմ ունակությունները, իմ՝ անուն տալու հնարավորությունները սահմանափակ են` դրան հասնելու համար»,- ասում է

Արման Ղարագուլյանը։

Այդ դեպքում որտեղի՞ց են դատարկության մասին խոսակցությունները։ Բանական առաջին մարդը ինչպե՞ս կարող էր մտածել մի բանի մասին, ինչից պատկերացում կազմելու պոտենցիալ անգամ չուներ։

«Առաջին բացատրությունն այն է, որ գուցե մարդը ոչ թե բացահայտել է դա, այլ մարդուն դա տրվել է։ Հիմա հասկանում եմ՝ շատ հարցեր են գալիս՝ ո՞ւմ կողմից է տրվել, բա դրանից առաջ ի՞նչ է եղել, ո՞նց է եղել, կարելի է էդ հարցերին պատասխանել, բայց ուրիշ թեմա է։

Երկրորդ տարբերակն էլ կա․ դրա բացատրությունն այն է, որ դու ինտուիտիվ մակարդակով հասկանում ես, որ երևութական աշխարհը խաբուսիկ է, ինչ-որ բան էն չի կարծես թե, ինչ-որ բան իր տեղում չի և «Մատրիցա» ֆիլմն է գալիս, ու դու քո կյանքի նպատակ ես դնում էդ մատրիցան ջարդել։ Դու չգիտես՝ ո՞ւր ես գնում, դու չգիտես՝ ի՞նչ ես, բայց դու գիտես, որ դու մատրիցան պետք է ջարդես, որովհետև հասկանում ես, որ այստեղ ինչ-որ բան էն չի։ Էն մարդիկ, որոնց դա հաջողվել է, գնում-գնում են, նայում են՝ վերջում ինչ կա, ու տեսնում են… դատարկություն»,- ասում է Ղարագուլյանը։

Արման Ղարագուլյանին հրավիրեցի Ռադիո՝ դատարկ բաներից խոսելու։ Զգուշացրեց՝ զրույցը գուցե շոկային ստացվի։ Այսպիսով՝ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Ձեր բանականությունը գուցե ընդդիմանա ստորև ներկայացվող երկխոսության բովանադկությանը։ Իմը սկզբում այդպես արեց։ Այնուամենայնիվ պարզվում է՝ դատարկությունը մենք ենք․

— Մենք գոյություն ունե՞նք։
— Մենք՝ ո՞վ։
— Ես, Դուք։
— Պետք է հասկանանք՝ Արուսյակը ես ասելով ինչ է հասկանում։ Ես ի՞նչ, ես հիմա իմ մարմի՞նն եմ։
— Եվ ոչ միայն։
— Բայց մարմինն ե՞մ, թե՞ մարմնի կոնկրետ մասեր եմ։ Որովհետև էդ էլ է թեմա, մենք պետք է հասկանանք, որ ես իմ մարմինը չեմ, ես իմ մտքերը չեմ, ես իմ հույզերը չեմ։ Հարց՝ բա ո՞վ եմ ես։ «Ո՞վ եմ ես»-ը էն հարցն է, ոնց որ ասենք՝ դատարկությունը մատնացույց արեք։ Պատասխանը հետևայլն է՝ ասում է՝ երբ դու փնտրում ես քո եսը ու չես գտնում, ուրեմն դու ճիշտ ճանապարհի վրա ես։
— Կարող է՞ մենք էլ ենք դատարկություն։
— Հենց հանեցինք մարմինը, մտքերը, ֆանտազիաները, հույզերը, էն բոլոր նույնականացումները, որ ես ինքս ինձ ասոցացնում եմ ինչ-որ բանի հետ, ես էս սիրուն տղեն եմ, ես էս կրթությունն ունեցողն եմ, հենց հանեցինք (որովհետև առջևից գնացողները հստակ ասում են՝ դու դա չես, ու դա հստակ բացատրվում է, հստակ կարելի է ցույց տալ, որ ես իմ մարմինը չեմ, ես իմ մտքերը չեմ)․․․ Երկու բան պետք է տարբերակենք․ ես ունեմ մարմին, ու ես մարմին եմ։
— Ես ունեմ մարմին, ես ունեմ նաև մտքեր։
— Հա, մտքերն էլ գալիս-գնում են, Բուդդան հատուկ սրա հետ կապված ասում է՝ եթե ես մտքեր լինեի, ես միշտ կունենայի այն մտքերը, որոնք ցանկանում եմ։ Եթե ես իմ մարմինը լինեի, իմ մարմինը միշտ կլիներ նենց, ոնց ես եմ ուզում։
— Բա ի՞նչն է մարմինը։
— Ես օգտագործում եմ։ Դատարկությունը էդ ոչինչը չի, դա էն ահռելի պոտենցիալն է, որ ինչ-որ սահմանի մեջ չես կարող դնել։ Հիմա ներս ես նայում, ինչ ես տեսնում՝ ահռելի պոտենցիալ, որ սահման չունի, բացարձակ կրեատիվ է, թե ինչ-որ խեղճուկրակ էակ, որ չգիտի՝ մարմնից կպնի, թե մտքից կպնի, որովհետև մի բան պետք է, որ ինքը բռնի։
— Այսինքն մեր մարմինը, մեր մտքերը մեզ սահմանափակող (մեզ ասելով դատարկությունը նկատի ունենք), անուն չունեցող ինչ-որ մի բանը սահմանափակող բանե՞ր են։
— Հա, կաղապար են, ընդամենը պատյան են, որ տալիս է ինչ-որ բան անելու հնարավորություն։ Նենց չի, որ մարմինը բանտ է, մարմինը նաև զարգացման հնարավորություն է։ Ոնց որ մեքենա ես առնում, մեքենան էլ է հնարավորություն տեղաշարժվելու, բայց կարող է ինչ-որ պահ լինի դու քեզ սկսես նույնականացնել քո մեքենայի հետ, մեքենադ ինչ-որ խազ էղավ, ֆսյո, կյանքդ էդ օրը լրիվ թարս է։ Մեքենա է, ինչ-որ հնարավորություն տալիս է, բայց էդ մեքենան դու չես։
— Դուք հիմա մեքենային համեմատցեիք մեր մարմնի հետ։
— Այո, ես այդպես ընկալում եմ իմ մարմինը, պետք է խնամել, պետք է տիրություն անել, որ լավ աշխատի։ Բայց, այնուամենայնիվ, էսօր կա, վաղը չկա։

Դատարկությունը ոչ թե ոչինչն է, այլ ամեն ինչը, այն, ինչը մեծ է՝ բանականության կողմից չընկալվելու աստիճան, ինչը այնքան հեռու է, որ չես տեսնում, այնքան մոտիկ է, որ չես տեսնում։ Ֆիզիկոսները այն փորձում են ճանաչել դեպի դուրս նայելով, այնտեղ՝ հեռվում տեղի ունեցողը վերլուծելով, փիլիսոփաները՝ դեպի ներս նայելով, այստեղ՝ մեզ շատ մոտիկ տեղի ունեցողը վերլուծելով։ Մաթեմատիկոսներն էլ վաղուց են հաշտվել օղակված դատարկության՝ 0-ի գոյության հետ ու ընդունել՝ այդ ոչինչը, դատարկությունը ամեն ինչի հիմքն է ու սկիզբը։

Սա «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդման 0-րդ թողարկումն է։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ՝ դատարկության մեջ առաջացող պարզ հարցերի գիտական պատասխանները գտնելու։

Back to top button