Գերդաստաններ

Ավետիսյաններ. պարում են Երևանից մինչև Բեյրութ․ «Գերդաստաններ»

Նա «Հուշեր» պարային համույթի ղեկավարն է, հազարավոր երեխաների մեջ  սերմանել է գեղագիտական ճաշակ, Երևանում կայացած «Գիսաստղ» պարարվեստի  հանրապետական փառատոնին արժանացել է Գրան-Պրի մրցանակին։ 2001 թվականից նրա անսամբլը մասնակցել է միջազգային փառատոների, արժանացել մրցանակների։

«Արզնի» առողջարանում աշխատում էր մի շատ հարգված ու սիրված բժշկուհի՝ Լարիսա Ավետիսյանը, որի որդին՝ Էդգարը, հաճախ էր գալիս մայրիկի մոտ, ուշադրությամբ հետևում նրա աշխատանքին և շատ էր ուզում ինքն էլ բժիշկ դառնար։

Բայց նա այդպես էլ բժիշկ չդարձավ, նրա համար այլ ճանապարհ էր նախանշված։ Դեռ մանկուց հաճախում էր Աբովյան քաղաքի մշակույթի կենտրոնի պարի խմբակ։ Երբ պարուսույց Սամվելը նայում էր նրա շարժումներին, վստահաբար ասում էր, որ  Էդգարն անպայման հաջողություններ կունենա հայկական պարարվեստում։ Շուտով Էդգարի հոր՝ Խաչիկ Ավետիսյանի դհոլահար ընկերոջ խորհրդով տղային տանում են Սուրեն Գյանջումյանի պարախումբը։

Էդգար Ավետիսյանը պատմում է, որ իր բեմադրությունները չվրիպեցին հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի ուշադրությունից, իսկ դա իր համար մեծ ոգևորություն էր։

Դրանից հետո արդեն նա սկսեց քայլել ավելի հաստատուն և ստեղծագործական ավելի լուրջ ճանապարհով։ Համերգներ Հայաստանում և արտերկրում, ծափահարություններ Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի և արևելքի շատ երկրների բեմերում։

Բնական է, որ պարուսույցը պետք է ուղղորդեր նաև իր գերդաստանի շատ անդամների դեպի պարաշխարհ։ Էդգարի եղբորորդին՝ Ալեքսանդրը, սովորեց պարարվեստի ուսումնարանում, ուսանեց նաև հորեղբոր մոտ և երբ նրանց խումբը ելույթների մեկնեց Բեյրութ, նրան նկատեց «Կարա-Կալա» խմբի ղեկավարը և մեծ ցանկությամբ ու ջանքերով վերջինիս հաջողվեց Ալեքսանդրին ընդգրկել իր խմբում ու դարձնել խմբի մենակատար՝ պատմում է Ալեքսանդր Ավետիսյանը։

Էլենը Ալեքսանդրի քույրն է, որին նույնպես պարաշխարհի հետ կապել է Էդգարը։ Նա «Հուշեր» խմբի մենապարուհիներից է։ Իր ուսուցիչ-հորեղբոր խորհուրդներն ու ուսման ուղղությամբ նրա մասնագիտական հմտությունները բարձր է գնահատում և իր հաջողություններով հենց նրան է պարտական։

«Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի մեներգիչ Արթուր Մնացականյանի հետ նրանք համագործակցում են որպես արվեստագետներ, կյանքի դժվարին պահերին խորհուրդներ վերցնում, հետաքրքիր հանդիպումներ կազմակերպում իրենց գերդաստանների շատ անդամների մասնակցությամբ։

Էդգարը հուզվում է, երբ իր երեխաները՝ Լարիսան և Խաչիկը, բեմ են բարձրանում։ Պարն ինքը լիրիկա է՝ ասում է։

«Հուշեր» պարային համույթն այսօր մեզ երջանիկ պահեր է պարգևում, և ամենակարևորը, այն անպայման գեղեցիկ հուշեր կթողնի և՛ հայաստանյան, և՛ օտարերկրյա հանդիսատեսի մոտ` դրանով իսկ ճանաչելի դարձնելով հայկական մշակույթը։

Back to top button