Երաժշտական եռանկյունի

Օհան Դուրյանի դիրիժորական արվեստը․ «Երաժշտական եռանկյունի»

Բժիշկ, մեծ երաժշտասեր, մաեստրո Օհան Դուրյանի մտերիմ Վահան Վարդապետյանի հետ մեր զրույցի երկրորդ մասում անդրադարձանք մաեստրոյի կենսագրության և ստեղծագործության տարբեր դրվագներին:

«Օհան Դուրյանը ծնվել էր Երուսաղեմում և մասնագիտանում էր Երուսաղեմի Կոնսերվատորիայում՝ դիրիժորի մասնագիտությամբ: 1945 թ. ավարտելով այն՝ նա մեկնում է Եվրոպա և կատարելագործվում Փարիզում: Տարիներ անց 1957 թ. նա մասնակցում է Երիտասարդության համաշխարհային փառատոնին Մոսկվայում՝ հանդես գալով Խորհրդային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և նույն տարում որոշում կայացնում ներգաղթել Հայաստան: Սկզբնական շրջանում նրան կացություն առաջրկեց Վեհափառ Վազգեն առաջինը և նրա մուտքը հայկական կատարողական արվեստի բնագավառ այնքան վառ էր, որ երեք տարի անց նա արդեն Հայկական ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժորն էր»,- հիշում է իմ զրուցակիցը:

Հենց այդ տարիներին նա առանձնանում է Խորհրդային միության դիրիժորներից երաժշտական նյութի բացառիկ իմացությամբ և երաժշտական անհավանական զգացմունքայնությամբ և էքսպրեսիայով: 1965-69 թթ. նա հրավիրվում է Լայպցիգի Օպերային թատրոն, որտեղ բացի սիմֆոնիկ համերգներից նաև ղեկավարում էր օպերային ներկայացումներ: Վերադառնալով Հայաստան՝ 1967թ.-ին նա հիմնադրում է հայկական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը: Դասական երաժշտության համաշխարհային գոհարներից բացի նա մեծ տեղ էր հատկացնում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմանն ու հանրահռչակմանը, իրականացնում էր բազմաթիվ ձայնագրություններ:

Է.Միրզոյանի, Է.Հովհաննիսյանի, Ա.Աճեմյանի, Կ.Օրբելյանի և Արամ Խաչատուրյանի սիմֆոնիաների կատարումները հարստացրեցին մեր ռադիոյի ոսկե ֆոնդը, ինչպես նաև Ալ.Սպենդիարյանի սիմֆոնիկ սյուիտները: Բացի դիրիժորական արվեստից, նա նաև զբաղվում էր կոմպոզիցիայով՝ գրում ստեղծագործություններ երգչախմբի, սոլիստների և նվագախմբի համար, ստեղծագործություններ կամերային նվագախմբի և երգեհոնի համար, սյուիտներ սիմֆոնիկ նվագախմբի համար, որոնց թվում է Կոմիտասյան եղանակների սիմֆոնիկ մեկնությունը՝ հանրահայտ դուրյանական «Կոմիտասականը»։

Դուրյանի կոմպոզիտորական արվեստի գագաթնակետը համարվում է նրա «Երաժշտական ունիվերսալիզմ» տեսությունը: Չնայած նրա արվեստը բարձր էր գնահատվում՝ նա Արվեստի վաստակավոր գործիչ էր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ուներ մի շարք պետական պարգևներ, որոնք շնորհվել էին ՀՀ և Ֆրանսիայի կողմից, բայց 2001 թ. մշակույթի նախարարի հրամանով նա հեռացվեց Օպերային թատրոնի դիրիժորի պաշտոնից:

Նա դառնացած վերադարձրեց բոլոր պետական պարգևները և հեռացավ Հայաստանից՝ ստանալով Ֆրանսիայի քաղաքացիություն: Մոսկվայում Ստաս Նամինը գրկաբաց ընդունեց Մաեստրոյին, որտեղ Մաեստրոն ստանձնեց Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարի բարձր պաշտոնը: Այսօր, երբ մենք նշում ենք մաեստրոյի 100-ամյակը, ոչ միայն հարգանքի տուրք ենք տալիս, այլ նաև վերականգնում պատմական արդարությունը՝ հավերժացնելով Օհան Դուրյանի անունը. Երևանում կանգնեցվել է Օհան Դուրյանի արձանը, 100-ամյակին նվիրված նամականիշ է լույս տեսել, Երևանի փողոցներից մեկը պետք է անվանակոչվի նրա անունով, իսկ հոբելյանական համերգաշարով նրա երաժշտությունը վերադարձվեց հասարակությանը:

Հաղորդման ընթացքում հնչում են Օհան Դուրյանի տարբեր տարիների կատարումները:

Back to top button