Սփյուռքի ձայնը

Արևմտյան Հայաստանի ասեղնագործությունը․ հոգևորի և զարդարանքի գաղտնիքները․ «Սփյուռքի ձայնը»

Հայկական ասեղնագործության ավանդույթները, ձեռագործության նրբությունները 21-րդ դարում կիրառող հայ կանանցից մեկը՝ սիրիահայ հայրենադարձ Մարալ Շեոհմելյանը, տարիներ առաջ Սիրիայից է տեղափոխվել Հայաստան։ Մարալը իր նախնիներից ժառանգել է ասեղնագործության գաղտնիքները և այսօր էլ ինքն է դրանք փոխանցում ուրիշներին։

Մարաշի ու Արևմտահայաստանի այլ քաղաքների հայ կանայք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներին տունը, բակը զարդարում էին իրենց ասեղնագործած ու պատրաստած իրերով, ասում է Մարալ Շեոհմելյանը։ Տոնական այս օրերին ներկայացնում է հայկական քաղաքների յուրահատուկ ու չկրկնվող ասեղնագործերը՝ տոնածառի խաղալիքներ, սեղանի զարդարանքի համար նախատեսված իրեր և այլն։

«Հայ կանայք, որոնք նախընտրում էին իրենց տոնական սեղանները, տան իրերը, բակը և հագուստը զարդարել սեփական ձեռքերով պատրաստված իրերով, նաև աշխատում էին եվրոպացի պատվիրատուներին իրենց ասեղնագործած սփռոցները, վարագույրները վաճառել՝ դրանով ապահովելով իրենց ապրուստը»,- պատմում է Մարալը։

Այսօր էլ նրա գործերն են շատ հետաքրքրում թե եվրոպացիներին, թե հայերին։ Յուրաքանչյուր ասեղնագործություն բնորոշ էր տվյալ քաղաքին ու շրջանին։ Տոնական օրերին, անցնելով որևէ տան մոտով, կարելի էր զարդարանքից կռահել, թե որ տարածքից կամ շրջանից է այդ տան բնակիչը, ասում է Մարալը։

Տոնական օրերի զարդարանքի մասին հայ կանայք մտածում էին ամբողջ տարին։ Սակայն նրանք միայն դրանով չէին կարևորում տոնն ու դրա խորհուրդը, կարևորվում էր հատկապես հոգևոր կյանքը։

Ինքը՝ Մարալ Շեոհմելյանը Սիրիայում ևս փորձել է իր բնակարանի զարդարանքով տարբերվել մյուսներից. սպասքը արծաթից էր, զարդարանքը և ուտելիքը` Այնթապի։

Back to top button