Երկրորդ շնչառություն

Պալիատիվ խնամքի կենտրոնները տոներին կարող են օգնել անբուժելի հիվանդների ընտանիքներին․ «Երկրորդ շնչառություն»

Պալիատիվ բուժօգնությունն ու խնամքը միտված են անբուժելի հիվանդություն ունեցող անձանց և նրանց խնամողների և հարազատների կյանքի որակի բարելավմանը: Երկարատև մասնագիտացված արդյունավետ վերականգնողական բուժումն ու խնամքը բուժառուները չեն կարող ստանալ սովորական հիվանդանոցներում կամ տնային պայմաններում, և ամբողջ աշխարհում համանման հաստատություններում հիվանդներն իրենց զգալիորեն ավելի լավ են զգում:

«Խնամքի կազմակերպումը սպեցիֆիկ մասնագիտացում է, որ աշխարհում տարեցտարի խորանում և կատարելագործվում է: Տարեցների հետ աշխատող մարդիկ առանձնահատուկ վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ: Ընտանեկան ջերմ վերաբերմունքը հոգին է բուժում: Հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես են մեր բուժքույրերն ու սանիտարներն իրենց ծնողի պես շոյում, գրկում մեր տարեցներին, շատ են հարազատացել, ու իրենց համարում ենք մեր ընտանիքի անդամը»,- ասում է «Ալֆա բետա պլյուս» կլինիկայի փոխտնօրեն Տաթևիկ Ավետիսյանը:

Նրա խոսքերով, իրենց կլինիկայում երկարատև բուժում ստացող բուժառուները հաճախ, երբ վերադառնում են տուն, հետո կրկին շտապում են իրենց մոտ, քանի որ իրենց ավելի լավ զգում են մասնագետների խնամքի ներքո: Բացի դրանից, տարեցները կենտրոնում մշտապես զբաղված են՝ նկարում են, խաղում են, խաչբառեր են լուծում, հոգեբանի հետ խմբակային զրույցներ են ունենում:

«Ինչ է նշանակում ծանր հիվանդ, դա նշանակում է տառապող հիվանդ և նրա համար տանջվող հարազատ: Երբ բարեկամին ցույց ենք տալիս մեր հոգատարությունն ու պայմանները, իրենք հասկանում են, որ տնային պայմաններում չեն կարող այդպես հոգ տանել, և համոզվում են, որ իրենց հիվանդն ապահով վայրում է»,- բացատրում է բժիշկ Ավետիսյանը՝ ավելացնելով, որ շատերը տոներին երկրից դուրս գնալիս այդ ընթացքում հարազատին իրենց են վստահում:

Տարեցները կենտրոնում նշում են Ամանորը, նրանց համար կազմակերպվում է տոնական միջոցառում, հյուրասիրություն: Անդրադառնալով կենտրոնի ստեղծման պատմությանը՝ Տ. Ավետիսյանը պատմել է, որ պատերազմից հետո հոգեբույժ Անաիդա Գևորգյանը նախաձեռնել է հոգետրավմա ունեցող զինծառայողներին և նրանց հարազատների վերականգնողական բուժօգնություն տրամադրելու պատասխանատու և երկարատև գործը՝ գիտակցելով, որ ամբուլատոր բուժումից հետո նրանք կարիք են ունենալու նաև երկարատև ստացիոնար բուժօգնության:

«Մեզ մոտ իրականացվում է զինծառայողների ռեաբիլիտացիա, հետինսուլտային և հետտրավմատիկ վերականգնում: Կուզեմ ընդգծել, որ մեզ համար պատվաբեր է աշխատել մեր զինծառայողների համար և դրական արդյունքներ արձանագրել, նրանց պետպատվերով տրամադրում ենք ողնաշարի պաթոլոգիաների հետ կապված բուժօգնություն»,-ասում է բժիշկը՝ ավելացնելով, որ դրան գումարած բուժում են նաև հոգետրավման:

Back to top button