Ժամանակի վկան

Հողի էներգիան փոխանցվում է միայն տերերին, ոչ՝ թշնամուն․ Լուսինե Ղարախանյան․ «Ժամանակի վկան»

Ամանոր, նոր հույսեր, ակնկալիքներ, բայց նախ և առաջ ապահովության, գոյապահպանության, ֆիզիկական անվտանգության սպասում։ Իսկ իրականությունը դժբախտաբար ցեղասպանական իրադրությունն է։ Այս է վիճակը, որի մասին չխոսել չենք կարող նույնիսկ Ամանորին։

Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը փակել են ադրբեջանական շինծու բնապահպանները։ 120 000 մարդ մնացել է առանց տնտեսական, բժշկական, մատակարարման։ Երբ ձայնագրում էինք այս հաղորդումը, այն դեռ փակ էր, իսկ գազամատակարարումը դադարեցված։ Եվ, նույնիսկ եթերի պահին, եթե ճանապարհը բացված լինի, չի նշանակում, որ այս նենգ, խորամանկ գործելաոճը չի կրկնվի ապագայում։

Իմ հյուրն է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանը։

Քննարկելու ենք Արցախում իրավիճակն առհասարակ, ադրբեջանական անսանձ զեղծարարությունների դեմ պայքարի, հայատյացության պետական քաղաքականությանը հակադարձելու հնարավոր միջոցներն ու ձեռնարկումները։

Նշված երկու կարևոր ռազմավարական բաղադրիչներից որևէ մեկի բացառումը հայոց ազգային քաղաքական օրակարգերից համարում է անընդունելի։

Համոզված է, որ ուժի հասկացությունը պետք է ամրագրվի հայոց ազգային գաղափարախոսության մեջ, լինի պետական քաղաքականություն։

Ի հակադրություն հայ ժողովրդի խաղաղասիրության, որը նաև մեր ազգային էպոսի հիմքում ընկած խոհափիլիսոփայությունն է, ի՞նչ է քարոզում թուրք-օղուզականը։

Ինչպե՞ս կրթենք, դաստիարակենք մեր երեխաներին, որ դիմագրավենք հայատյացությունից կուրացած թշնամու ցեղասպանական նորանոր նկրտումները։

Լուսինե Ղարախանյանն առաջարկում է կատարել անաչառ մշտադիտարկում՝ ստեղծելով միջազգային անկախ փորձագիտական խումբ, որտեղ ընդգրկված չեն լինի ո՛չ հայեր և ո՛չ էլ թուրք-ադրբեջանցիներ։

Ադրբեջանական կեղծ թեզերը հայկական եկեղեցիների աղվանական լինելու մասին չեն ընդունվում ակադեմիական մակարդակներում։ Մեկուսացնելով Արցախը՝ թշնամին կողոպտում է հայկական մշակույթը՝ այն վերագրելով իրեն, ըստ այդմ, միաժամանակ խախտելով միջազգային կոնվենցիաները։

Նաև համոզված է, որ ճիշտ, թիրախավորված աշխատանքը միջազգային լսարաններում կմեղմի թուրք-ադրբեջանական զեղծարարական բուռն գործունեությունը, որը միտված է Արցախի բնիկ տերերի՝ հայերի, և մշակութային ժառանգության մասին պատմական հիշողությունն իսպառ ջնջելուն։

Լուսինե Ղարախանյանը Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն էր 2020թ․-ի մայիսի 26-ից մինչև 2022 թվականի փետրվարի 9-ը։ Այդ ընթացքում ձեռնարկվել են մի քանի ռազմավարական նախագծեր։

Արցախահայ կնոջ ժառանգականորեն փոխանցվող գոյութենական ձգտումը և կենսասիրությունը ապացուցվել են նաև 2020 թվականի պատերազմից հետո Արցախի գիտական կենտրոնում կանանց շրջանում կատարված հետազոտությամբ։

Իսկ այս հաղորդումն ամփոփենք Ամանորյա մաղթանքներով՝ ուղղված մեր սիրելի հայրենակիցներին․
-Սիրելինե՛ր, թող որ այս Նոր տարում մեր հայրենիքն ազատագրվի թշնամիներից ու կրկին արժանապատիվ խաղաղությունը տիրի Հայոց լեռնաշխարհում։

Back to top button