Ծովահայեր

Ծովամարդու՝ Ամանորի ավանդույթները. «Ծովահայեր»

Պատմության ընթացքում հայերը հեռացել են ծովից, բայց գենետիկ հիշողությունը դեռ կրում է ծովամարդու դրոշմը՝ արտահայտվելով ավանդույթի ձևաչափում։

Ամանորին բարձրաձայնվող երազանքները, կատարվող հմայություններն ու հրաշքի սպասելիքները թվում է, թե նյութականանալու ուղեգիր են ստանում տոնական սեղանների շուրջ։

Ամանորի տոնական սեղանների կարևոր բաղադրիչ է ծովամթերքը։

Գյումրեցի Անահիտ Ամիրյանն իր ընտանիքի Ամանորի սեղանը չի պատկերացնում առանց ձկան ավանդական ուտեստի։ Այդքան ընդունված «խոզի բուդն» այդպես էլ տեղ չգտավ նրանց տոնական սեղանին, բայց դափնու տերևներով, պղպեղով, թարխունով եփած, նռան հատիկներով, սոխի ու լիմոնի շերտերով զարդարված ձուկ պատրաստելը, հետո այն ձկնանման ապասքով մատուցելը փոխանցվեց ավանդաբար։ Տիկին Անահիտի պապերը Կարսից են եկել, Գյումրիում հաստատվել ու որոշ ավանդույթներ սերնդեսերունդ փոխանցել։

Կարսից՝ Թբիլիսիում հաստատված Աիդա Գարեգինյանի մայրական ընտանիքում էլ Ամանորի սեղանին քրքումով եփած ու նռով զարդարված ձուկն ավանդական է։ Մորաքրոջ դուստրը վրացական խոհարարական հաղոդաշարի շեֆ-խոհարարն է, ասում է, որ ձկով ուտեստները պարտադիր են Թբիլիսիում ապրող հայերի Ամանորի սեղանին։

Տարեմուտի գեղեցիկ սովորույթներ են պահպանել հատկապես ծովափնյա երկրներում ապրող սփյուռքահայերը։ Հայաստանի հանրային ռադիոյի Արևմտահայերեն լուրերի խմբագիր և հաղորդավար Անի Զեյթունցյանը 30 տարի ապրել է Միջերկրական ծովի ափին՝ Լաթաքիայում։

Անիի արմատները Միջերկրականի մեկ այլ ափից էին՝ Կիլիկիայից։ Արդեն 6 տարի է, ինչ Անին Հայաստան է եկել՝ իր հետ բերելով նաև ծովի մարդու ավանդույթները։ Նրանց ամանորյա սեղանի զարդը «Սամքէ Հառռա» կոչվող ձկնային ուտեստն է, «Սիյատիյե փլավով» ձկնային կերակուրը և ծովամթերքով պատրաստված այլ աղցաններ։

Հայերիս Ամանորի սեղանի ձկնային ուտեստները մեծամասամբ սիգ, կառաս և իշխան ձկնատեսակներով են պատրաստվում։ Հայաստանի գետերում ու լճերում բազմացող ձկնատեսակներն արդեն 40 տարի ուսումնասիրում է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը։ Ձկնաբանն ասում է, որ այդ տարիների ընթացքում Հայաստանի ձկնատեսակները շատացել են, այսօր ունենք 50 տեսակի ձկներ։

Իսկ Հայաստանի քաղցրահամ ջրերում բազմացող ձկնատեսակների սննդային արժեքն ու համը բարձր է գնահատում սննդաբան, առողջ ապրելակերպի մարզիչ Արևիկ Պետրոսյանը, որը 4 տարի ապրել է Ատլանտյան օվկիանոսի ափին։

Ինչպիսի ավանդույթներ էլ լինեն՝ ծովափնյա՞, թե՞ լեռնային գոտիներում ապրող հայերի ընտանիքներում՝ միևնույնն է, Ամանորի ամենամեծ ավանդույթն ու ուղերձը տոնը միասին նշելն ու միասնականության գաղափարը ևս մեկ անգամ ամրապնդելն է։

Back to top button