Մոռացված ֆիլմերի ստվերները

Չիրականացած նվիրական ցանկություն. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

1950 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայի մեծ տաղավարում «Երկրորդ քարավան» ֆիլմի նկարահանումներն էին։ Նկարահանման հրապարակում Համո Բեկնազարյանի ղեկավարությամբ իսկական աշխատանքային եռուզեռ էր։ «Դադարեցնե’լ նկարահանումները, ընկեր Ստալինի կարգադրությունն է»,- անսպասելի հնչած այս հայտարարությունն անակնկալի բերեց նկարահանող խմբին և հատկապես Համո Բեկնազարյանին։

Համո Բեկնազարյան

«Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր Համո Բեկնազարյանը կինոյում իր առաջին քայլերը սկսեց, երբ կինեմատոգրաֆը դեռևս համր էր։ «Նամուս» համր ֆիլմին հաջորդեց առաջին հայկական կինոկատակերգությունը՝ «Շորն ու Շորշորը», այնուհետև առաջին հնչուն ֆիլմը՝ «Պեպոն»։

Հայկական առաջին կինոկատագերգության համր և հնչուն ֆիլմերի հեղինակ Համո Բեկնազարյանն անցյալ դարի 50-ականների սկզբին նախաձեռնեց իր կինոգործունեության մեջ առաջին մասշտաբային՝ «Երկրորդ քարավան» ֆիլմի նկարահանումները։ Հայրենադարձության մասին պատմող այս ֆիլմը պիտի դառնար Բեկնազարյանի գործունեության բարձրակետը։ Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։

Թատերագետ Սերգեյ Առաքելյանը պատմում է, որ «ժողովուրդների առաջնորդ» ընկեր Ստալինին դուր չէր եկել ֆիլմի անվանումը։ Իհարկե, ֆիլմի փակման գլխավոր պատճառը վերնագիրը չէր կարող լինել։ Իրականում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Խորհրդային Հայաստանում նկարահանվում էր ֆիլմ՝ ներգաղթող սփյուռքահայերի մասին, մեր այն հայրենակիցների մասին, որոնք ֆիլմի նկարահանումից մի քանի տասնամյակ առաջ բռնի տեղահանվել էին իրենց պատմական հայրենիքից։ Պրոպագանդայի գործիք համարվող ֆիլմարտադրության միջոցով լռության մատնված այս թեմայի հանրայնացումը Խորհրդային Միության առաջնորդը անթույլատրելի համարեց:

Սերգեյ Առաքելյան

«Գիտեք անցյալ դարի 50-ականներին մշակութային ամեն մի մեծ ստեղծագործություն պիտի վերահսկվեր, ասել է թե պիտի անցներ մոսկովյան մսաղացով: Կասկած չունեմ, որ այդ ամենի ետևում մի մարդ էր կանգնած Սոսո Ջուղաշվիլին, ինչպես ժամանակին Եղիշե Չարենցն էր ասել «Թիֆլիսի նեղճակատ կինտոն»,-ասում է Սերգեյ Առաքելյանը:

Այդ ամենը պիտի տեղի ունենար հետագայում և անսպասելի, իսկ մինչև այդ «Երկրորդ քարավան» ֆիլմի նկարահանող խումբը Համո Բեկնազարյանի ղեկավարությամբ նկարահանումներ էր կատարում Երևանում, Մոսկվայում և Կիևում։

Նկարիչ Պյոտոր Բեյթների էսքիզների հիման վրա «Մոսֆիլմի» ամենամեծ տաղավարում ստեղծվեցին ֆանտաստիկ դեկորացիաներ։ Այդ դեկորացիաների շնորհիվ հնարավոր եղավ պատկերել Չիկագոյի 100 մետր երկարությամբ փողոցը, որի երկայնքով իսկական մեքենա էր երթևեկում։ Այն տարիների կինոարտադրության համար սա մեծ նորամուծություն էր համարվում։

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը պատմում է, որ 1940-ականների վերջերին ԽՍՀՄ բոլոր կինոստուդիաները Ստալինի վերահսկողության տակ էին: Գեղարվեստական ֆիլմ նկարահանելու իրավունք ունեին մեկ տասնյակից ոչ ավելի ռեժիսորներ: Այդպես էր որոշել նա՝ ընկեր Ստալինը։ Համո Բեկնազարյանն այն քչերից էր, ում ժողովուրդների առաջնորդը նման հնարավորություն էր ընձեռել։

Սիրանույշ Գալստյան

«Պետք է նշեմ, որ Համո Բեկնազարյանի համար խիստ ցանկալի, փայփայված մի գաղափար էր այդ կինոնոկարը նկարահանելը:  «Երկրորդ քարավան» հրաշալի անվանումը կրող ֆիլմի սցենարը գրել էր անվանի ռուս գրող Կոնստանտին Սիմոնովը , որը անդրադարձել էր 1915 թվականի արյունալի իրադարձություններին»,- ասում է  Սիրանույշ Գալստյանը:

 «Երկրորդ քարավան» ֆիլմն ավելի քան 70 տարի է ինչ պահվում է Մոսկվայի ամենահեղինակավոր՝ «Белые столбы» պետական կինոարխիվում։ Արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանը, ծանոթ լինելով ֆիլմի պատմությանը, 2014 թվականին որոշում է հետաքրքրվել, թե ինչ եղան այդպես էլ էկրան չբարձրացած ֆիլմի կինոժապավենները:

Չնայած յոթանասուն տարիների ընթացքում ֆիլմի ժապավեններն այնքան են հնացել, որ լուրջ տեխնիկական վերականգնման աշխատանքներ են պահանջում, այնուամենայնիվ Վիգեն Գալստյանը հույս ունի, որ ֆինանսական որոշ խնդիրներ լուծելուց հետո, հնարավոր կլինի կինոարխիվից ձեռք բերել ժապավենը, թվայնացնել և վերջապես հանրությանը ներկայացնել լուրջ քաղաքական բնույթ կրող կինոնկարը։

Վիգեն Գալստյան

«Գրվեցին գրանտային նախագծեր, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ թվայնացնել ֆիլմի նկարահանված հատվածները, որից հետո պարզ կլիներ արդյո՞ք հնարավոր է այն ներկայացնել հանդիսատեսին: Սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցները այնքան մեծ են, որ դեռևս անհրաժեշտ գումարը չենք կարողանում հայթայթել »,- ասում է Վիգեն Գալստյանը:

«Երկրորդ քարավանը» դարձավ Համո Բեկնազարյանի նկարահանած վերջին հայկական ֆիլմը։ Այն կարող էր լինել հայրենադարձության դրամատիկ ժամանակաշրջանը պատկերող ինքնատիպ, ազգային մի ֆիլմ, որպիսին մենք չենք ունեցել։ Սակայն Համո Բեկնազարյանի այս մտահղացումը այդպես էլ մնաց չիրագործված։ Գուցե տասնամյակներ անց հնարավոր լինի վերջապես իրագործել այն։ Սպասենք դրականի հույսով։

Back to top button