Գերդաստաններ

Ռազմիկ Մանուկյան․ քաղաքի հոգսերով ապրող ճարտարապետը․ «Գերդաստաններ»

Նա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի և շքամուտքի ձևավորման հեղինակն է, 1966-70-ական թվականներին եղել է Երևանի Մյասնիկյանի շրջանի գլխավոր ճարտարապետը, իսկ 1985-90 թվականներին՝ «Երևան նախագիծ» ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավարը։

Վաստակաշատ ճարտարապետ Ռազմիկ Մանուկյանի նախագծերով են կառուցվել «Արաբկիր» մանկական պոլիկլինիկան, հիվանդանոցներ, բնակելի տներ։ Ռազմիկ Մանուկյանը պարգևատրվել է «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալով։

1930-ական թվականներն էին, երբ Գյումրիի Հաղթանակի բուլվար կոչվող թաղամասի շատ բնակիչներ տխուր էին, մտազբաղ, ասես ինչ-որ բան էին թաքցնում կամ չէին ուզում բարձրաձայնել, քանի որ շատ ընտանիքների տղամարդկանց աքսորել էին Սիբիր։

Նրանց թվում էր Սիսակ Մանուկյանը, որը մեր գլխավոր հերոսի՝ Ռազմիկ Մանուկյանի հայրն էր։
Փողոցում, որտեղ մեծանում էր Ռազմիկը, ամեն շաբաթ տարածվում էր տատիկի թխած լավաշի բույրը, ու այդ լավաշից բաժանում էին գրեթե բոլորին։ Այստեղ բակի երեխաներն ականատես էին լինում բեմականացումների, շախմատի մրցումների ու համով-հոտով զրույցների։

Շուտով Ռազմիկն ավարտում է դպրոցն ու ընդունվում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ և հենց ուսանողական տարիներից էլ իրականացնում շինարարական աշխատանքներ։ Առաջինը կառուցում է իրենց տան կտուրը՝ ասում է քանդակագործ Ֆրիդ Սողոյանի քույրը՝ Թագուհի Սողոյանը, ում հետ նրանք ծանոթանում են ու ընկերանում։

1985-ից մինչև 1990 թվականը Ռազմիկ Մանուկյանը «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավարն էր։ Շուտով նա ներգրավվում է Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքային խմբում, օգտակար լինում իր արժեքավոր մոտեցումներով։

Ռազմիկ Մանուկյանի որդին՝ Ճարտարապետական գիտությունների թեկնածու Տիգրան Մանուկյանը հուզմունքով, երախտագիտությամբ է հիշում հորը։ Նա ոչ միայն ուշադրությամբ ծանոթացել է նրա նախագծերին, այլև հոր հետ աշխատել է, միասին են նախագծել։

Հիշում է, թե ինչպես էր հայրը կյանքի կոչում բնակելի միջավայրի ձևավորման ծրագրերը, ինչպես էր բացվում Սարալանջի փողոցը, ինչպես էր քաղաքն ազատվում ավելորդ կուտակումներից։

Երբ խոսում ենք Տիգրանի մանկությունից ու ուսանողական տարիներից, ակամայից նա հիշում է այն գրասեղանը, որի վրա հայրը գծագրություն էր անում, իսկ ինքը հարցախեղդ անում հորը։

Քեռու նվիրած նկարչական մատիտներն ու առաջին կավի պարկը դառնում են նրա՝ մասնագիտական կյանք մտնելու առաջին քայլերը։

Իսկ այսօր շարունակում է հոր մասնագիտական ուղին, դասախոսում է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի, ճարտարապետության նախագծի և դիզայնի ամբիոնում։ Իր իմացությամբ ու աշխատանքով նպաստում է երիտասարդ սերնդի գիտելիքների ու հմտությունների բացահայտմանն ու դրսևորմանը գործնական ոլորտում։

Այս գերդաստանի երրորդ սերնդից ճարտարապետական կրթություն է ստացել Գայանե Մանուկյանը, որը ճարտարապետի եղբոր՝ Ռոբերտ Մանուկյանի թոռնիկն է և հետևում է Մանուկյան ճարտարապետների օրինակին։

Back to top button