Վերնատուն

Գինին վայելելու սովորույթը գենետիկ հիշողություն ունի․ «Վերնատուն»

Խաղողագործության պատմությունը Հայաստանում սկսվել է Ք․Ա․ 6–րդ հազարամյակից Արարատյան դաշտավայրի տարածքում, իսկ գինեգործության պատմության մասին վկայում է Վայոց ձորի մարզում հայտնաբերած աշխարհի հնագույն հնձանը։ Գինին հայկական առօրյա ու տոնական արարողությունների անբաժանելի մասն է կազմում։

«Մ․թ․ 10 –րդ դարի մնացորդների ԴՆԹ հետազոտությունը ցույց է տալիս, որ այսօր Վայոց ձորի մարզում աճող էնդեմիկ կարմիր, սև արենի խաղողն ունի շուրջ 1000 տարվա գենետիկ հիշողություն։ Եվ սա ֆենոմեն է», – ասում է Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն, հնագետ Հայկ Գյուլամիրյանը։

Խոսելով գինու պատմական զարգացումների, գենետիկ հիշողության, տեխնոլոգիայի մասին՝ Գյուլամիրյանը նշում է․

«Եթե քարտեզի վրա դնենք աշխարհի բոլոր գինու գործարանները, հնձանները, կպարզենք, որ բոլորը ծիսական նշանակության տաճարներ են։ Ինչո՞ւ ենք կարողանում գինին հեշտ վայելել։ Որովհետև մեր գենետիկական հիշողության մեջ կա գինին վայելելու սովորույթը։ Օրինակ՝ հեռավոր արևելյան ժողովուրդները մարդաբանորեն այդքան էլ լավ չեն ընկալում գինին»։

Հայաստանի գինու պատմության թանգարան հիմնադրամը հիմնվել է 2016 թվականին։ Այն ակտիվորեն սկսել է գործել 2022 թվականից, մեկ տարվա ընթացքում ունեցել է 12 000 այցելու։ Թանգարանի նպատակն է Հայաստանը հանրահռչակել, որպես խաղողագործության և գինեգործության հայրենիք՝ իր հազարամյակների պատմությամբ ու ավանդույթներով։

Back to top button