Դպրություն

Կրթության շահառուները` ժամանակի մարտահրավերների առաջ․ «Դպրություն»

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հիմնական գործառույթներից է ուսուցիչների վերապատրաստումը, մասնագիտական փորձաքննությունների և ընդհանրապես ուսուցչին աջակցող մեթոդական աշխատանքների իրականացումը:

Ի՞նչ իրականացվեց 2022 թվականին՝ ներկայացնում են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի պետ Գայանե Մկրտչյանը, Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանը։

Արտաշես Թորոսյան

«Կրթության մեջ իրականացվող ներդրումները՝ ուսումնական ծրագրերի, չափորոշիչների, դասագրքերի, ուսումնական նյութերի, մեթոդների, վերապատրաստումների գործընթացները աշխատանքներ չեն, որոնք իրականացվում են զուտ բարեփոխումների ընթացքում։ Սրանք աշխատանքներ են, որ անընդհատ շարունակվելու են և անընդհատ պետք է նման օգնություն լինի ուսուցչի, դպրոցի տնօրենի կողքին, որպեսզի կրթության որակը կարողանանք ավելի ու ավելի բարելավել։ Առավել ևս, երբ նման աշխատանք, որոշ մասնագիտությունների առումով, չէր կատարվել վաղուց։ 2022 թվականը հագեցած տարի էր», – ասում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

Գայանե Մկրտչյան

«Աշխատել ենք հնարավորի և անհնարինի սահմանագծում։ Իմ ղեկավարած բաժինը ունի 9 մասնագետ, ես նրանց հետ՝ 10 մասնագետ։ Եվ այս 10 մասնագետներով այս տարի սպասարկել ենք Տավուշի մարզի 443 ուսուցչի»,– ասում է ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի պետ Գայանե Մկրտչյանը։

Հովհաննես Ստեփանյան

«Նախ ինքներս ԿԶՆԱԿ հիմնադրամում անցանք վերապաստում, հետո՝ ողջ Հանրապետության տրածքում սկսեցինք տնօրենների ու փոխտնօրենների վերապատրաստումը։ 2008 թվականից ի վեր նման վերապատրաստում չէինք ունեցել։ Գործընթացը բավական հետքրքիր էր՝ նորություններով հագեցած։ 2022 թվականի մարտահրավերները 2023–2024թթ․ ուսումնական տարվա նոր չափորոշիչների ներդրման հետ են կապված։ Եվ այս պահին դպրոցները նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում հանրակրթական պետական նոր չափորոշիչների ներդրման, ինչպես նաև ԿԶՆԱԿ հիմնադրամը նախատեսում է առաջիկայում ողջ հանրապետության տարածքում իրականացնել վերապատրաստումներ, որպեսզի 2023 թվականի սեպտեմբերի 1–ից համապատասխան դասարաններում կարողանան իրականացնել նոր չափորոշչով առաջադրված խնդիրները», – ասում է Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանը։

Back to top button