ԿարևորՀասարակություն

Խոշորացումը՝ Արմավիրի համայնքային բյուջեների սխալ պլանավորման պատճառ. եկամուտների հավաքագրումը շարունակվում է

Նախորդ տարեվերջին Արմավիրի մարզի համայնքների խոշորացումից հետո տեղական ինքնակառավարման մարմինները բյուջեները կազմելիս հաշվարկներում սխալվել են և եկամուտներն ավելի շատ պլանավորել: Որպես հետևանք՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ կատարողականը 92 տոկոս է: Եկամուտների հավաքագրումը մարզում շարունակվում է, զուգահեռաբար հաստատվում են համայնքների հաջորդ տարվա բյուջեները:

Մարզխորհդի տարեվերջյան նիստում Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիտարկում է՝ տարին բարդ էր մարզի համար՝ նկատի ունենալով հատկապես համայնքների խորոշացումն ու համայնքային բյուջեների մուտքերը։

«Տարին բավականին բարդ էր այն առումով, ու վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում Արմավիրի մարզում 2021թ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով տեղի ունեցավ համայնքների խոշորացման գործընթացը: Ձևավորվեց 7 խոշորացված համայնք, չխոշորացվեց միայն Ֆերիկ եզդիաբնակ համայնքը: Թեպետ ընտրությունները տեղի ունեցան 2021թ ընթացքում, սակայն  խոշորացված համայնքների ձևավորման բուն գործընթացն իրականացվեց 2022թ.-ին»:

Խոշորացված համայնքներում հիմա հաշվարկում են, թե  որքան եկամուտ են հավաքել ու ծախսել, զուգահեռաբար պլանավորում են հաջորդ տարվա բյուջեն: Դեկտեմբերի 16-ի դրությամբ մարզի կտրվածքով եկամուտները կատարվել են 92 տոկոսով՝ նախորդ տարվա 102.7 տոկոսի դիմաց: Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյան.

«Վարչության կողմից իրականացվել է եկամուտների հավաքագրման վերլուծություն 2022թ դեկտեմբերի 16-ի դրությամբ: 12 ամիսների ընթացքում մարզի համայնքների եկամուտների պլանավորումը կազմել է 11 մլրդ  527 մլն դրամ, 2021թ նույն ժամանակահատվածի հետ համեմատած  ավելի շատ է պլանավորվել 802 մլն դրամ, պակաս է մուտքագրվել 58 մլն  810 հազար դրամ»:

Խոշորացված բոլոր համայնքների բյուջեները կազմվել են տարվա սկզբին, հապճեպ հաշվարկներ են արել ու եկամուտներն ավելի շատ են նախատեսել: Արմավիր համայնքում ընդգրկված է 11 բնակավայր: Համայնքապետի տեղակալ Վարշամ Սարգսյան.

«Միանշանակ ավել պլանավորում ունեցել ենք: Պլանավորումը մի քիչ ռեալ չէր, չնչին տարբերություն էր: Քանի որ խոշորացումը նոր էր եղել՝ շատ պատկերացում չունեինք, թե ինչ պլանավորեինք: Նախորդ տարի խոշորացումը դեկտեմբեր ամսին էր ու քիչ ժամանակ կար, իսկ այս տարի ժամանակ ունեինք  և ուսումնասիրությունն ավելի ռեալ կատարեցինք, ավելի հստակ պլանավորեցինք»:

Փարաքար խոշորացված համայնքում ինը գյուղական բնակավայր կա, այստեղ նույնպես եկամուտներն ավելի շատ են հաշվարկել: Համայնքի ղեկավար Դավիթ Մինասյան.

«Պատճառը խոշորացումն էր՝ ենթադրելով այս տարվա մեր բյուջեի սեփական եկամուտները կգերազանցի 100 տոկոսը, բայց  դեկտեմբերի 16-ի դրությամբ ունենք 80.1 տոկոս հավաքագրում: Դե, բնական է, բոլոր համայնքներն իրենց բացերն ունեն,  այդ թվում՝ նաև մենք: Հաջորդ տարի մենք  կփորձենք  բացը լրացնել ու գերազանցել»:

Տարվա վերջին  համայնքներում գումարվում են ավագանու վերջին նիստերը, հաստատվում 2023թ բյուջեն: Մինչ այդ ֆինանսատնտեսական փաստաթուղթը ներկայացվում է հանրային քննարկման: Արմավիր համայնքում բյուջեի քննարկմանը մասնակցում էին հիմնականում ավագնու անդամներն ու վարչական ղեկավարները: Ավագանու անդամ Արշակ Կարապետյանը որոշ փոփոխություններ է նկատել հաջորդ տարվա բյուջեում։

«Մանկապարտեզների հետ  կապված փոփոխություններ կան: Բյուջեն մի քիչ ավելացել է՝ պայմանավորված ձմեռային ջեռուցմամբ: Աշխատողները հարկադիր արձակուրդի չեն գնալու, աշխատելու են, որի համար շատ աշխատավարձ ենք տալու: Բնականաբար, երեխաների սննդի ու մանկապարտեզի տնտեսական ծախսերն ենք հոգալու»:

Այս տարվա բյուջեի կատարողականով է պայմանավորված հաջորդ տարվա բյուջեի պլանավորումն ու համայնքի բարեկարգման աշխատանքները: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ տարին կփակեն բարձր ցուցանիշով:

Back to top button