Երկրորդ շնչառություն

Եկեղեցին տարեցներին առաջարկում է ակտիվ կյանք․ «Երկրորդ շնչառություն»

Հայ առաքելական եկեղեցին տարիքային բոլոր խմբերին հոգևոր կյանքին ներգրավելու համար ծրագրեր ունի՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձահատկությունները: Տարեց մարդիկ հատկապես ուշադրության կենտրոնում են:

«Մարդիկ, որ տարիներ շարունակ ամեն օր աշխատանքի են գնացել ու սովոր են տնից դուրս գալուն, վաստակած հանգստի անցնելով, կարող են դժվար հարմարվել իրենց առօրյային, և այս փուլում եկեղեցին է նրանց կողքին՝ առաջարկելով ակտիվ կյանք»,-ասում է Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը:

Արդեն մոտ մեկ տասնամյակ Դիլիջանում նրա շուրջ ու նրա շնորհիվ է եռում հոգևոր կյանքը: Ամեն կիրակի տարեցները պատարագի են, չորեքշաբթի օրերին՝ Ավետարան սերտելու, մյուս օրերին էլ ուխտագնացություններ են կազմակերպվում դեպի Հայաստանի տեսարժան վայրեր և պատմամշակութային հուշարձաններ, սրբավայրեր:

«Այս ամենը նաև միջավայր է նոր ծանոթություններ և սոցիալական շփումներ հաստատելու համար, նոր մարդկանց ներգրավելու համար»,- բացատրում է հոգևորականը: Նրա խոսքերով, մարդուն առ Աստված և դեպի եկեղեցի առաջնորդելու ամենահաստատ ուղին հոգատարությունն է, որի կարիքը բոլորն ունեն, բայց հատկապես՝ տարեցները:

«Մարդուն անունով ճանաչելը, նրա խնդիրներին ծանոթ լինելը և նրա առօրյայից տեղյակ լինելն արդեն բավարար է, որ մարդն իրեն գնահատված զգա, որպես քրիստոնյա համայնք և ընտանիք միասին լինենք և իրար սիրենք ոչ միայն առավելությունների, այլ նաև միասին միմյանց թերությունները սրբագրելու համար»,-համոզված է Տեր Շավարշը: 77-ամյա տիկին Ժենյայի կյանքը թոշակի անցնելուց հետո փոխվել է հենց ակտիվ հոգևոր կյանքի շնորհիվ:

«Եկեղեցի ես միշտ եմ գնացել. ուսանողական տարիներին, անգամ խորհրդային շրջանում, երբ կուսակցական տոմս ունեի: Հավատացյալ լինելը ոչ թե մոմ վառելն է կամ մատաղ անելը, այլ պատարագին մասնակցելն ու հաղորդակից լինելը: Տեր հոր շնորհիվ հիմա պատարագին մասնակցելը մի ուրիշ խորհուրդ ունի իմ հոգում, ամեն կիրակի անկախ ինձանից ոտքերս ինձ տանում են դեպի եկեղեցի»,-պատմում է տիկին Ժենյան՝ ավելացնելով, որ չորեքշաբթի օրն էլ Ավետարանը սերտելուց հետո աղջիկներով երկար քայլում են և ոչ թե առօրեական հարցեր քննարկում, այլ Ավետարանի խորհուրդը:

Տարեց մարդիկ, տիկին Ժենյայի խոսքերով, կարիք ունեն մշակութային կյանքով ապրելու. օպերա և թատրոն այցելելու, համերգ, բալետ ու ներկայացում դիտելու, և դրա համար թոշակը պետք է բավարարի:

Տեր Շավարշը տեղեկացնում է, որ ուխտագնացությունների ժամանակ չեն բավարարվում միայն վանական համալիրներ ու եկեղեցիներ այցելելով, այլ փորձում են տարեցներին ներկայացնել մեր մշակույթն ու պատմությունը: Փորձում են այցելել այն վայրերը, որ հագեցած աշխատանքային կարիերայի ընթացքում տարեցները չեն հասցրել այցելել ու ճանաչել:

Իր երկարակեցության և կյանքի լավ որակի հիմնական գաղտնիքը տիկին Ժենյան համարում է նաև լավատեսությունը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու սերը, որ մղում է դիմացինին օգնել, բարի գործ անել ու լավ խոսք ասել։

Back to top button