Վերնատուն

«Ռետրոսպեկտիվ հայացքից՝ դեպի պրոսպեկտիվ»․ հումանիտար գիտությունների կարևոր դերակատարումը․ «Վերնատուն»

«Պատմություն և մշակույթ» հիմնադրամի տնօրեն, թարգմանիչ Արմեն Բաղդասարյանը խոսում է հումանիտար և հասարակական գիտությունների կարևորության, անհատական ու հասարակական կյանքում դրանց պրակտիկ դրսևորումների ու հնարավորությունների մասին։

Հումանիտար և հասարակական գիտությունների զարգացումը կարևոր է, որովհետև հենց այդ գիտություններն են սահմանում, մշակում և հարցականի տակ դնում հասարակական համակեցության շատ հարցեր։

«Ուզում եմ, որ հումանիտար և հասարակագիտական միտքը ներթափանցի հասարակական տարբեր շերտեր, որոշակի հարցադրումներ առաջացնի և որոշ հարցեր կասկածի տակ դնի», – ասում է Արմեն Բաղդասարյանը։

Ժամանակակից տեխնոլոգիական զարգացումները նույնպես պայմանավորված են փիլիսոփայական մտքի զարգացումով։

«Մեզանում արդի փիլիսոփայական միտքը գրեթե բացակա է, հարցադրումներ չեն արվում, իսկ եթե նույնիսկ արվում են, դրանք չեն հաղորդակցվում հասարակության պահանջմունքների հետ, այստեղից էլ առաջանում է խզում»։

Արմեն Բաղդասարյանը նշում է, որ եվրոպական փիլիսոփայական միտքը խզումն օգտագործում է որպես զարգացում։ Մեզանում ավելի շուտ գործում են գիտական, մշակութային, տեխնոլոգիական կաղապարներ, և մարդիկ պարփակված են այդ կաղապարների մեջ։ Կարևոր է հասարակությանը առերեսել ժամանակակից մտքի հետ, և այստեղ անելիք ունի կրթական համակարգը։

«Դպրոցն այսօր սովորեցնում է անգիր տեքստեր սերտել։ Մեր հայացքը թեքված է դեպի անցյալը, մարդկանց միտքը զբաղեցնում են անցյալի պրոդուկտով, նոր պրոդուկտի միտումները, որը առաջ կտանի մարդկանց գրեթե չկան։ Կրթական համակարգը պիտի աշխատի, որ մեր միտքը ռետրոսպեկտիվից դարձնի պրոսպեկտիվ՝ ուղղված դեպի առաջ, ոչ թե դեպի հետ», – ասում է Արմեն Բաղդասարյանը։

«Պատմություն և մշակույթ» հիմնադրամը հենց այս «պրոսպեկտիվ» մտածողության ջատագովն է, և ողջ գործունեությունն ուղղված է դրա զարգացմանը։ Հիմնադրամի առաջին հայերեն թարգմանությունը ֆրանսիայի հասարակական կյանքում մեծ դերակատարում ունեցող, 20-րդ դարավերջի ֆրանսիացի մտածող, սոցիոլոգ, մարդաբան Պիեռ Բուրդյոյի «Տղամարդու գերիշխանությունը» գիտական էսսեն է։ Առաջիկա տարում պատրաստվում է նաև հեղինակի «Այն մասին, թե ինչ է խոսելը» էսսեի հայերեն թարգմանությունը։

Back to top button