ԿարևորՀասարակություն

Գյումրեցի 36 ընտանիք Նոր տարին կդիմավորի նոր բնակարանում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ ու բարերարների աջակցության շնորհիվ այսօր բնակարանամուտ է տոնել գյումրեցի 36 ընտանիք։ Արարողությանը ներկա են եղել հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՏԻՄ պաշտոնյաներ։ Եվս 40 ընտանիքի համար 2 բազմաբնակարան շենք կկառուցվի հաջորդ տարի։

Թուխիկ Մարտիրոսյանն իր տնակի դուռն է կողպում և վերջին անգամ հայացք գցում իր կյանքի երիտասարդ տարիներին, որոնք ընտանիքի հետ անցկացրել է այդ փոքրիկ ու անհարմարավետ տնակում։

«Երկրաշարժից անմիջապես հետո ապրել եմ տնակում , շատ վատ պայմաններում, բայց չեմ դժգոհում իմ տնակից, ընդհակառակը՝ շնորհակալություն եմ հայտնում, որ 34 տարի մեզ տանիք է դարձել»։

Տիկին Թուխիկի ընտանիքի համար Նոր տարվա հրաշքը նոր, լուսավոր ու կահավորված բնակարանի տեսքով է՝ Մուշ 2 թաղամասում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը բարերարների աջակցությամբ 2 բազմաբնակարան շենք է կառուցել ու բնակարանները կահավորել, որոնց բանալիները րոպեներ անց հանդիսությամբ կհանձնեն գյումրեցի անօթևան 36 ընտանիքի, որոնցից 3-ը 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներն են։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան։

«2019թ․- ին անցկացվեց «Մեր Գյումրի» ծրագրի մարաթոնը ԱՄՆ-ում գործող Artn հեռուստաընկերության աջակցությամբ, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Օղլախչյանին և բոլոր բարերարներին։ 7-8 տարի առաջ, երբ մեկնարկեց ծրագիրը, գնվում էին բնակարաններ և նվիրաբերվում առանձին ընտանիքների։ 2018-ին հիմնադրամում որոշում կայացվեց կառուցել բազմաբնակարան շենքեր, այդպես հարցը և արագ էր լուծվում, և առավել մատչելի էր»։

Գյումրեցիների բնակարանամուտը շնորհավորելու էր եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Մարդիկ, որոնք կմտնեն բնակարան, այնտեղ ամեն ինչ կունենան։ Երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամում քննարկում էինք, բարձրացվում էր այն հարցը, որ մարդիկ կարիքի մեջ են, բնակարանը ստանան առանց կահավորման, հետո ի՞նչ են անելու, դարձյալ դիմելու են տեղական իշխանություններին, բարերարներին՝ օգնության խնդրանքով։ Ես կարծում եմ, որ շատ ճիշտ նախաձեռնություն է բնակարանը հանձնել կահավորած, ուր մարդիկ կարող են մտնել ու ապրել»։

Նորակառույց շենքերի առաջին հարկում 50 փոքրիկի համար մանկապարտեզ է՝ դարձյալ կահավորված։ Իսկ շենքերի տանիքներում արվեստանոցներ են։

Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան։

«Ձեղնահարկերում 4 ստուդիաներ են, արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք բերել տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ, այդ թվում՝ Սերժ Ավետիքյանի հետ։ Վերջին հարկերի 4 արվեստանոցները կտրամադրվեն տարբեր արվեստագետների, որոնք 6 ամսից մինչև երկու տարի կարող են գալ այստեղ, ստեղծագործել և այս շենքերին մշակութային շունչ հաղորդել»։

Բնակարաններն առայժմ բնակիչների սեփականությունը չեն համարվում, բաշխվել են սոցիալական հիմունքներով ու պայմանով, որ այն ստացողները պետք է անպայման քանդեն տնակները, որպեսզի հետդարձի ճանապարհ չունենան։ Նոր բնակարանում 5 տարի բնակվելուց հետո կդիտարկեն նաև բնակարանի սեփականաշնորհման հարցը՝ ասում է Հայկակ Արշամյանը։

«Խնդրել ենք բոլորին, որ խնամքով վարվեն իրենց տրված բնակարանի և գույքի հետ, իսկ 5 տարի հետո կդիտարկենք բնակարաններն իրենց նվիրաբերելու հարցը»։

Տիկին Թուխիկը մեծ, լուսավոր ու կահավորված իր նոր բնակարանում ուրախության առաջին սեղանն է բացել, սպասում է ՀՀ նախագահին ու բարձրաստիճան հյուրերին։ Աղջիկն ամուսնացած է, որդին՝ դեռ ոչ, պայմանագրային զինծառայող է։ Տիկին Թուխիկը ոգևորությամբ ասում է՝ որդին դիրքերից իջնի, հարմարավետ տանը իր հանգիստը կվայելի։ Նոր տանն առաջին տոնածառը զարդարելիս տիկին Թուխիկը երազանք կպահի։

«Ամուսնացնեմ որդուս, տոնածառի պես մի գեղեցիկ ու շքեղ աղջիկ բերենք մեր օջախ, որ այս տան մեջ երջանիկ ապրի, ինձ ճուտիկներ պարգևի, որ վազվզեն այս ընդարձակ բնակարանում ու մեզ երջանկացնեն։ Միակ երազանքս է»։

Հաջորդ տարի Հայաստան համահայկական հիմնադրամը բարերարների աջակցությամբ, նույն սկզբունքով ևս 2 բազմաբնակարան շենք կկառուցի և 40 գյումրեցի անօթևան ընտանիքի կյանքում նոր էջ կբացի։

Back to top button