Մոռացված ֆիլմերի ստվերները

«Փառքի օղակներ» ֆիլմի անարդար ճակատագիրը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 60-ականներին լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը Իտալիայում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ՝ օղակներ մրցաձևում նվաճեց Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Փառքի քաղցրությունը ճաշակած մարզիկն այդ իրադարձությունից երկու տարի անց այդ ապրումները պիտի վերապրեր նորովի, այս անգամ «Փառքի օղակներ» ֆիլմի նկարահանման հրապարակում։

2022թ․-ը հոբելյանական տարի է Յուրի Երզնկյանի համար։ Նրա հոբելյանը նշվել է ոչ միայն ծննդյան օրը, այլ նշանավորվել է ամբողջ տարին անցկացվող միջոցառումներով։ Ռեժիսորի դուստրը՝ կինոգետ Անետա Երզնկյանը նշում է, որ այդ միջոցառումները արդյունավետ եղան՝ նպաստելով Յուրի Երզնկյանի գործունեության և մոռացված՝ «Փառքի Օղակներ» ֆիլմի հանրայնացմանը:  

Յուրի Երզնկյան

Իսկ «Փառքի օղակներ» ֆիլմը պատմում է լավագույն հայ մարզիկներից մեկի՝ Ալբերտ Ազարյանի անցած սպորտային ճանապարհի մասին։ Հայ կինոյի պատմության մեջ թեմատիկ առումով, թերևս եզակի գեղարվեստական ֆիլմ։

Անետա Երզնկյան

«Հայրիկիս ծննդյան օրը Հունվարի 26-ին Հայաստանի կինգործիչների միությունում տեղի ունեցավ «Յուրի Երզնկյան գրքի» շնորհանդեսը, իսկ հուլիսին Երզնկյան ընտանիքի ծննդավայր Լոռիում՝ Հաղպատի մշակույթի տանը «Փառքի օղակներ» և մի քանի այլ ֆիլմերի ցուցադրությունը: Ճիշտն ասած ես վաղուց չէի դիտել այդ ֆիլմը, մեծ հետաքրքրությամբ դիտեցի և ողջ ընթացքում մտածում էի, որ այսօր էլ այն շատ ժամանակակից և դիտվող ֆիլմ է, բայց չգիտես ինչու չի ցուցադրվում»,-ասում է Անետա Երզնկյանը:

Սցենարիստներ Յակով Քոչարյանն ու Ալեքսանդր Ֆիլիմոնովն ավելի քան կես դար առաջ որոշեցին հայկական սպորտի զարգացման մեջ մեծ ներդրում ունեցող մի մարզիկի մասին գեղարվետական ֆիլմի սցենար գրել։ Այդ մտահղացման մասին նրանք պատմեցին Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր Հրանտ Շահինյանին։ Լեգենդար մարզիկը շատ ոգևորվեց և առաջարկեց գլխավոր հերոսի նախատիպ ընտրել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։ Սցենարիստները համաձայնեցին, հատկապես, երբ Հրանտ Շահինյանը նրանց ներկայացրեց Ազարյանի սպորտային կենսագրությունը։

1962 թվականին «Փառքի օղակներ» խորագրով ֆիլմը էկրան բարձրացավ։ Գլխավոր դերում Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանն էր։ Այս ֆիլմի մասին այսօր քչերը գիտեն։

ԽՍՀՄ սպորտի վարպետ, մի քանի տարի անընդմեջ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գառնիկ Սարոյանին և Ալբերտ Ազարյանին միավորում է տարիների մտերմությունը։ Գառնիկ Սարոյանը յոթ տարեկան էր, երբ ծնողների որոշմամբ սկսեց հաճախել այն ժամանակ Պիոներների պալատում գործող մարմնամարզության խմբակ։ Իր առաջին քայլերն ու ձեռքբերումները սպորտում նա կատարեց Ալբերտ Ազարյանի ղեկավարությամբ։

Հետագայում Գառնիկ Սարոյանի ջանքերով մոռացությունից փրկվեց և թվայնացվեց իր մարզչի մասնակցությամբ նկարահանված «Փառքի օղակները»։ Ֆիլմի ստեղծման մասին նա շատ է զրուցել Ալբերտ Ազարյանի հետ, ում հետ շփումները վերածվել էին մտերմության։

Գառնիկ Սարոյան

«Իմ կապը Ալբերտ Ազարյանի հետ անմիջական է: Այդպիսի օր չկա, որ ես չայցելեմ իմ վարպետին: Այսօր էլ ես Հանրային ռադիոյ եմ շտապել նրան այցելելուց հետո: Ասացի «Գնում եմ «Փառքի օղակները» ֆիլմի ստեղծման պատմությունը պատմելու», նա էլ ինձ կատակով պատասխանեց «Ամոթով չթողնես»,- չզսպելով ծիծաղը պատմում է Գառնիկ Սարոյանը:

Երկու ամիս տևած նկարահանումներից հետո եղել է «Փառքի օղակներ» ֆիլմի պրեմիերան, ապա և ցուցադրությունը հեռուստատեսությամբ։ Գառնիկ Սարոյանը հիշում է, թե մի խումբ հասակակից պատանիների հետ ինչպիսի հետաքրքրությամբ են սպասել և հետևել ֆիլմի հեռուստատեսային պրեմիերային։ Այն մեծ արձագանք է ունեցել դիտողների՝ հատկապես մարզասերների շրջանում։

«Իմ սերունդը լավ հիշում է այդ ֆիլմը: Ես հիշում եմ 1965-1966 թվականներին, երբ ես ինը տարեկան էի, այդ ֆիլմը հաճախակի հեռուստատեսությամբ ցուցադրվում էր: Բայց հետագայում այն մոռացվեց: Հետագայում ես դիմեցի ազգային կինոկենտրոնին, որի արխիվում բարեբախտաբար պահպանվել էր ֆիլմը և միասնական ջանքերով այն թվայնացվեց և տեղադրվեց համացանցում»,- նշում է Գառնիկ Սարոյանը

Հայ կինոյի պատմության մեջ, իսկապես, շատ չեն սպորտային թեմաներով խաղարկային բարձրարվեստ ֆիլմերը, հատկապես լեգենդար այնպիսի մարզիկի մասնակցությամբ, ինչպիսին Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանն է։

«Փառքի օղակներ» ֆիլմը արժեքավոր է և՛ թեմայի, և՛ տաղանդավոր ռեժիսորի, և՛ անվանի դերակատարների առումով։ Թվում է, թե այսպիսի ֆիլմերն ամեն առիթով հպարտությամբ պետք է ցուցադրվեին, մինչդեռ այսօր, ցավոք, մտահոգությունը մոռացությունից փրկելն է։ Դե, իսկ վրիպակը ուղղելու համար երբեք ուշ չէ։

Back to top button