Երաժշտական եռանկյունի

Հակոբ Ջաղացպանյան՝ դասական կիթառի արվեստը․ «Երաժշտական եռանկյունի»

Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանն այն երաժիշտների սերնդից է, որոնց շնորհիվ դասական կիթառը հաստատվեց Հայաստանում և ինքնուս մակարդակից բարձրացավ պրոֆեսիոնալ մակարդակի:

«Ես և Տիգրան Տեր Ստեփանյանը առաջին շրջանավարտներն էինք, որոնք ավարտեցին ուսումնարանը՝ ստանալով կիթառահարի մասնագիտացում: Մինչ այդ Երևանում գործում էր շատ փոքր դասական և Ֆլամենկո կիթառի սիրահարների համայնք, որի շրջանակում մենք տեղեկանում էինք այդ արվեստում հանրահայտ երաժիշտների մասին, փոխանակում ձայնագրություններ և հայթհայթում նոտաներ»,- կիսվում է երաժիշտը:

1970-80-ականներին Հայաստանում նույնիսկ կիթառ գտնելը խնդիր էր, քանի որ վաճառքի մեջ էին միայն սովետական արտադրության նվագարաններ, իսկ, օրինակ, իսպանացի վարպետների կիթառների մասին կարելի էր միայն երազել: Կար հսկայական բաց՝ կապված նոտաների բացակայության հետ, իսկ կիթառային համերգները այնքան սակավաթիվ էին, որ դրանք համարձակ կարելի է անվանել եզակի ոչ միայն Երևանում, այլ նաև ամբողջ Խորհրդային միությունում: Միայն նվիրական հետաքրքրությունը և նպատակասլացությունը կարող էր առաջնորդել երիտասարդ երաժիշտներին, որոնք ցանկանում էին ինքնուրույն հասնել բարձր կատարողական մակարդակի, և դրա համար ոչ ջանք էին խնայում, ոչ նյութական միջոցներ և հնարք էին գտնում արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների միջոցով հայթհայթել նոտաներ:

Հակոբ Ջաղացպանյանն իր հետաքրքրությունը կիթառով պայմանավորում է աշխարհահռչակ կիթառահար Պակո դե Լուսիայի այն համերգային կատարմամբ, որը հաճախ հեռարձակվում էր հայկական հեռուստատեսությամբ և վարակում անդալուզյան անհավանական էքսպրեսիայով բոլորին: Հենց այդ հանգամանքով է բացատրվում առաջին սերնդի կիթառահարների հետաքրքրությունը ֆլամենկո երաժշտությամբ, որն, ինչպես նշում է Հակոբ Ջաղացպանյանը, դռներ բացեց դեպի բարոկ շրջանի երաժշտությունը, այնուհետև դասական և տանգոյի:

Այսօր երաժիշտը հանդես է գալիս որպես մենակատար, նաև նվագում է հանրաճանաչ «Կադանս» անսամբլում, իսկ իր գիտելիքներով և փորձառությամբ կիսվում կոնսերվատորիայի ուսանողների հետ:

Իր և իր գործընկերների շնորհիվ այսօր կարող ենք փաստել հայկական կիթառային դպրոցի գոյացումը, որի շնորհիվ կիթառային երաժշտությունը հարստացավ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության ամենատարբեր մշակումներով:

Ջաղացպանյանի նվագացանկում տարբեր դարաշրջանների, երկրների, և երաժշտական ժանրերի ստեղծագործություններ են՝ Ռոդրիգոյի «Առանխուես» կոնցերտից մինչև ժամանակակից կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի ստեղծագործությունները:

Բազմաթիվ են նաև հայ դասականների ստեղծագործությունների փոխադրությունները՝ արված հատուկ կիթառի համար:

Հաղորդման ընթացքում հնչում են Հակոբ Ջաղացպանյանի կատարումները:

Back to top button