Վերնատուն

«Վերականգնողի խոհանոց»․ նախարարության արձագանքը վերականգնողների խնդիրներին․ «Վերնատուն»

«Վերականգնողի խոհանոց» խորագրի ներքո զրույցների շարքը ծանոթանցրեց վերականգնողի աշխատանքի բնույթին, գործառույթներին, բարձրաձայնեց մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման ու վերականգնողների խնդիրների մասին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ասում է, որ վերջերս շրջանառության մեջ դրված ՀՀ Մշակույթի պահպանության և զարգացման 2023–27 թվականների ռազմավարության ծրագրում կարևոր և առաջնահերթ նպատակներից է մշակութային ժառանգության պահպանումը։

Ողջունում և կարևորում է վերականգնողների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնումը, որը նաև հիմք դարձավ վերականգնողների համայնքի ձևավորման համար ու կառուցողական երկխոսություն սկսվեց պետության և վերականգնողների միջև։

«Վերականգնողների սոցիալական հարցերը մշտապես նախարարության և կառավարության ուշադրության կենտրոնում են, ընդհանուր ոլորտը վերանայման ու զարգացման նոր ուղղության կարիք ունի։ Մեզ համար որպես առաջնահերթություն դրված է հենց սոցիալական, աշխատավարձերի կարգավորման խնդիրը, բայց նաև որպես ռազմավարական առաջնահերթություն՝ դրված է հենց վերականգնողների դպրոցի կայացումը», – ասում է Աստղիկ Մարաբյանը։

Որպեսզի հնարավոր լինի ապահովել և ամրապնդել վերականգնողների դիրքերն ու զարգացման քայլեր ապահովել, կարևոր է ստեղծել ինստիտուցիոնալ հիմքեր։

«Մենք հարցի լուծումը դիտարկում ենք երկու տեսանկյունից՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Երկարաժամկետը վերականգնողների դպրոցի կայացումն է, իսկ կարճաժամկետ առումով դիտարկում ենք ատեստավորման և լիցենզավորման կարգի ներդրումը»։

Աստղիկ Մարաբյանը կարևորում է նաև փորձի փոխանակման ու կրթական ծրագրեի հնարավորությունները, ժառանգության պահպանման գործում հանրության ակտիվ ներգրավվածությանն ուղղված ծրագրերը․ «Հանրային և համընդհանուր պատասխանատվությունը շատ կարևոր է․ պահպանության համար ներգրավել հասարակության տարբեր խմբերի՝ ժառանգության պահպանությունը ներառելով կրթական գործընթացներում։ Սա միայն կառավարության ու իշխանության հարց չէ, բոլորս պատասխանատու ենք մեր ժառանգության պահպանության համար»։

Back to top button