Գերդաստաններ

Սամվել Սևադա․ նա իր գույներով կախարդեց ողջ գերդաստանին․ «Գերդաստաններ»

Սամվել Սևադան ՀՀ վաստակավոր նկարիչ է, լուսանկարիչ ու բանաստեղծ։ Եղել է Երևանի գլխավոր նկարիչը, ԱՄՆ-ում բացել է հայկական առաջին գեղանկարչական դպրոցը, իսկ Երևանում ստեղծել է գեղանկարչության դպրոց՝ Sevada Art Studio-ն։

1830-ական թվականներին Մուշից շատ հայեր գաղթեցին Շիրակի դաշտավայր։ Նրանց մեջ էին հայ գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադայի նախնիները, որոնք հաստատվեցին Ճլոխան գյուղում. այն հետագայում անվանվեց Բենիամին։

Սամվելի պապը հողագործ էր, սակայն 1912 թվականին անսպասելի որոշեց մեկնել ԱՄՆ։ Եվ, բարեբախտաբար ուշացավ Անգլիայից դեպի Միացյալ Նահանգներ մեկնող նավից՝ Տիտանիկից, որն իր առաջին ուղևորության ժամանակ բախվեց այսբերգին ու խորտակվեց Հյուսիսային Ատլանտիկայում։

Այնուամենայնիվ, նա հետագայում մեկնում է ԱՄՆ և ապրում հռչակավոր Չարլի Չապլինի հարևանությամբ` պատմում է Սամվել Սևադան։

Գյումրիի Լենինգրադյան փողոցի 13 տանն էր ապրում Արտաշես Գրիգորյանը, որտեղ էլ 1949 թվականի սեպտեմբերի 12-ին ծնվել է Սամվելը։ Նա մանկության տարիներին սիրով և մեծ հետաքրքրությամբ ընկերություն էր անում իր նկարիչ քեռու՝ Սեթ Մելոյանի հետ, որը Բենիամին գյուղում կառուցված շատ շենքերի վրա պատկերված զարդաքանդակների հեղինակն է, որոնք մինչ այսօր կան։

Արտակ, Սեդա և Արտաշես Սևադաները

Նկարիչն ասում է, որ իր նկարչական և բանաստեղծական մտածողության համար առաջին հերթին պարտական է քեռուն և հանրահայտ նկարիչ Մինաս Ավետիսյանին, ում կողքին նստած միշտ նկարում էր ու խորհուրդներ վերցնում։

Սամվել Սևադան սկսեց տեսնել ու պատկերել կյանքն իր տարբեր ելևէջներով, իր տխրությամբ ու ուրախություններով, կանանց՝ իրենց ողջ ներաշխարհով, երիտասարդներին՝ սրտի թրթիռով, իրենց երջանիկ ու դժգոհ պահերով։

Սամվել Սևադան իր ուսանողների հետ

«Էմալե պրոֆիլը», «Կույսի համաստեղություն», «Կապույտ աղջիկ» և շատ այլ կտավներ գրավեցին շատերի ուշադրությունը ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում, ներկայացրեց 30-ից ավելի ուշագրավ ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում։

1996-98 թվականներին Սևադան դարձավ Երևանի գլխավոր նկարիչը, Երևանում ստեղծեց գեղանկարչության դպրոցը՝ Sevada Art Studio-ն, որտեղ մինչ օրս նկարչություն է դասավանդում։

Նրա ուսանողներն իր հետ աշխատում են, Հայաստանի տարբեր շրջաններում հետաքրքիր լուսանկարներ անում, նկարում, վարպետության դասեր վերցնում գեղանկարչից, դառնում հիանալի մասնագետներ, հաջողություններ ունենում և՛ Հայաստանում, և՛այլ երկրներում։

Back to top button