ԿարևորՄշակույթ

«Ֆողմիդաբլը Ազնավուր»ֆրանսիական հնչյունները՝ հայկական ոգով

Ֆրանսիացի հայտնի պրոդյուսեր Ժիլ Մարսալան Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված «Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացումների շարք է նախաձեռնել։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում համերգ-ներկայացում էր նախատեսված նաև Գյումրիում, որտեղ հանդիսատեսը շատ զգայուն է Ազնավուր արվեստագետի ու մեծ մարդասերի հիշատակի հանդեպ։ Գյումրիի դրամատիկականի բեմում հնչել  են Ազնավուրի ստեղծագործություններից 25-ը, որոնցից մի քանիսը հայ ունկնդիրը լսել է առաջին անգամ։

Ազնավուրը՝ ֆրանսիացի արտիստների կատարմամբ, հայկական միջավայրում․ Գյումրու դրամատիկականի բեմում շանսոնիեի երգերի հնչյունների ներքո բոհեմական կյանքի դրվագներն են՝ լուսանկարներով։

«Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացման պրոդյուսեր Ժիլ Մարսալան հիշում է Շառլ Ազնավուրի հետ հանդիպումը Նյու Յորքի «Մադիսոն գարդեն»-ում։   Այդ ժամանակ շանսոնիեն իր վերջին համերգն էր տալիս, իսկ պրոդյուսերը  Էդիթ Պիաֆին նվիրված համերգ ներկայացումների շարքն էր ներկայացնում, որն, ի դեպ,  համարվել է վերջին տարիներին Ֆրանսիայի ամենահաջողված համերգ ներկայացումներից մեկն ու ներկայացվել է 50 երկրում։  

«Շառլ Ազնավուրը հավանել էր Պիաֆին նվիրված համերգ-ներկայացումը, երբ մենք հանդիպեցինք, ասացի, որ ուզում եմ իրեն նվիրված շարք էլ սկսել և ստացա իր համաձայնությունը»։

«Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացման առաջնախաղը Նիսում էր, այնուհետև սկսվեց շրջագայությունը։ Հայաստանում խումբն առաջին անգամ է, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում երկու համերգ ներկայացում են նախատեսել Երևանում և Գյումրիում։ Գյումրիի հանդիսատեսը շատ զգայուն է Շառլ Ազնավուր արվեստագետի ու մեծ մարդասերի հիշատակի հանդեպ։ Դրամատիկականի բեմում Ազնավուրի 1100 ստեղծագործությունից հնչեցին 25-ը, որոնցից մի քանիսն առաջին անգամ էր լսում հայ ունկընդիրը։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյան։

«Մեզ համար հայտնություն էր, երևի 6-7 երգ մենք ընդհանրապես չգիտեինք, պարզվում է՝ մենք էլ ճանաչելու խնդիր ունենք։ Թվում է, թե Ազնավուրի  ամեն ինչ գիտեինք, բայց դա այդպես չէ»։

Գյումրիից հետո «Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացումը կներկայացվի Կանադայի, այնուհետև Միացյալ Նահանգների բեմերում։ Իսկ հայաստանյան  համերգ-ներկայացման վերջին երգը «Քեզ համար, Հայաստան»-ն էր՝ ֆրանսիական հնչյուններով ու հայկական ոգով։ Երգի առաջին նոտաներից մինչև վերջինը  դահլիճն ունկնդրեց հոտընկայս։ Իսկ ֆրանսիացի երաժիշտների գնահատականը  չդադարող ծափահարություններն էին։ 

Back to top button