Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմից հետո առաջին քայլս եղավ զինվելը․ Գեղամ Մարիկյան․ «Կյանքին ասել այո՛»

Գեղամ Մարիկյանը ծնվել է 1993 թվականի մայիսի 11-ին Երևանում, բայց մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Բալահովիտում, որի զորամասում էլ կայացավ առաջին «ծանոթությունը» զենքի ու զինտեխնիկայի հետ։ Ավարտել է տնտեսագիտական համալսարանը, 2014-2016 թվականներին ծառայել է Արցախի Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի տարածքում գտնվեղ զորամասում, հրետանավոր էր։

Հետագայում ՈՄԱ-ի հավաքների ընթացքում հասկացավ, որ, իր բնորոշմամբ՝ հեչ լավ հրետանավոր չէր, ինչպես համոզված էր ծառայության ընթացքում։ Իսկ 44-օրյա պատերազմի օրերին հասկացավ, որ զենքի արվեստին տիրապետելու համար դեռ ճանապարհ ունի անցնելու։ Ճանապարհներից մեկն էլ տարավ «Ազատազէն» հրաձգարան, որտեղ մասնակցում է հրաձգության պարապմունքներին։

«Պատերազմից հետո առաջին քայլս եղավ զինվելը, զինվեցինք ընտանիքով՝ ես , կինս, եղբայրս։ Իմ կարծիքով ամեն ինչ սկսվում է առաջին կրակոցից»,-ասում է Գեղամը։ 44-օրյա պատերազմին Գեղամ Մարիկյանը մասնակցել է որպես կամավորական, եղել է հիմնականում Հադրութի շրջանի «Թութակներ» կոչվող տարածքում։ Այժմ աշխատում է PicsArt ընկերությունում որպես ծրագրավորող։ «Ամուսնացած եմ, ունեմ շուն»,-կատակում է Գեղամը, իսկ եթե ավելի լուրջ՝ գարնանը կծնվի առաջնեկը՝ աղջիկը։

Back to top button