Վերնատուն

Ամերիկան և ամերիկյան արվեստը՝ մեր բաղձանքներից ու վախերից անդին․ «Վերնատուն»

«Քսաներորդ դարի ամերիկյան արվեստ» գրքի հայերեն թարգմանությունը հայաստանյան մշակութային կյանքում կարևոր իրողություն է` առաջին անգամ 20–րդ դարի ամերիկյան արվեստն ու արվեստի պատմությունը ամբողջական ու համակարգված ներկայացնելու, «հայերենացնելու» և հայկական միջավայր բերելու կարևոր մշակութային նախաձեռնություն։

Ամերիկացի արվեստաբան, ամերիկագետ Էրիկա Դոսսի գիրքը Օքսֆորդի համալսարանի «Արվեստի պատմություն» մատենաշարի թարգմանություններից մեկն է։ Հայերեն թարգմանության հեղինակը արվեստի պատմաբան, տեսաբան Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի համահիմնադիր Վարդան Ազատյանն է։

Խոսելով գրքի առանձնահատկությունների մասին` Վարդան Ազատյանը նշում է, որ հեղինակն արվեստը դիտարկում է լայն մշակութային, հասարակական, քաղաքական տնտեսական իրողությունների համատեքստում։ «Այստեղ Ամերիկան է՝ իր ներքին լարումներով, պայքարներով ու հակասություններով, և սա գրքի երևի թե ամենաարժեքավոր կողմն է մեզ համար, քանի որ Ամերիկան մենք գիտենք առավելապես արտաքին սպառման համար մշակված պատկերի տեսակետից, քան, ներքին կյանքի տեսակետից, իսկ Ամերիկան բարդ ու հակասական երկիր է, իր ներքին լուրջ լարումներով», – ասում է Վարդան Ազատյանը։

Այս գիրքը հնարավորություն կտա ճանաչելու նաև 20–րդ դարի Ամերիկայի պատմությունը։ 20–րդ դարն ընկալվում է որպես «ամերիկյան դար», հատկապես երկրորդ աշխարհամարտից և Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ այն դարձավ միահեծան գերտերություն։ Ու ժամանակակից կյանքն ու ժամանակակիցության չափանիշներն առավելապես Ամերիկայի հետ են կապվում, հետևաբար կարևոր է Ամերիկան համարժեք կերպով հասկանալը՝ ասում է Ազատյանը։

Խոսելով գիրքը «հայերենացնելու» և հայկական լեզվամտածողութան տարածք բերելու խնդրահարույց կողմերից ու դժվարություններից՝ Ազատյանը նշում է․ «Լեզուն կյանքի արտահայտությունն է, այս իմաստով շատ բարդ է զարգացած տեխնոլոգիական, մեդիան, քաղաքական, մշակութային մասշտաբների ամերիկյան կյանքը։

Զարգացած երկրների դեպքում կյանքի ընթացքը այն ճանաչելու ընթացքի հետ քիչ թե շատ համահունչ է։ Մեզ նման երկրներում կյանքը ճանաչելու մակարդակը, կյանքի փոփոխությունները բավական հեռու են իրարից, ուշացած։ Եվ սա ինքնին թարգմանական խնդիր է․ գալիս են նոր հասկացություններ, նոր տեխնոլոգիաներ, ըմբռնումներ՝ իրենց հետ բերելով իրենց բառապաշարը, և մենք կանգնում ենք դրանք միանգամից վերցնելու և շրջանառելու խնդրի առաջ»։

«Գիրքը հնարավորություն է Ամերիկան և ամերիկյան արվեստը տեսնելու մեր բաղձանքներից ու վախերից անդին, իրեն համարժեքորեն ճանաչելու, որը շատ կարևոր է, եթե մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում», – ասում է Վարդան Ազատյանը։

Back to top button