Երկրորդ շնչառություն

Այսօր աշխարհում տարեցներն են որոշում, թե մնացածներն ինչ անեն․ «Երկրորդ շնչառություն»

Բնակչության շուրջ 12 տոկոսը տարեցներն են, սա տարածաշրջանի երկրների համեմատ միջին ցուցանիշ է, բայց զարգացած երկրների և հատկապես Ճապոնիայի համեմատությամբ, որտեղ բնակչության մոտ 30 տոկոսը 65-ից բարձր է, տարբերությունն ակնառու է:

«Տարեց մարդ ասելով մենք չպետք է հասկանանք անօգնական մարդ, որին պետք խնամել, հոգ տանել: Այսօր աշխարհի ուշադրությունն իրենց վրա սևեռած պետությունների ղեկավարները նույնպես տարեց կարող են համարվել. Պուտինը և էրդողանը 70-ն անց են, Բայդենն ու Թրամփը 80-ից ավելի տարիք ունեն»,- նկատում է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար, Բ.Գ.Թ, ԵՊԲՀ դոցենտ, հոգեբույժ Արմեն Սողոյանը:

Նրա եզրահանգմամբ, այսօր աշխարհում տարեցներն են որոշում, թե մնացածներն ինչ անեն: Բժշկագիտության նվաճումների և ընդհանուր կենսամակարդակի բարձրացման արդյունքում աճում է աշխարհում տարեց մարդկանց թիվը: Այս առումով դեմենցիայի վաղ կանխարգելմանն ուղղված քայլերը կարող են օգնել, որ տարեց մարդու մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չառաջանան:

Դեմենցիան ձեռքբերովի հիվանդություն է և սովորաբար գնալով խորանում է, դրա համար էլ անհրաժեշտ է կանխարգելել կամ դանդաղեցնել ընթացքը: Ա.Սողոյանը բացատրում է, որ տարիքի հետ ինչպես մարմինն է փոխվում, այնպես էլ հոգեկան աշխարհում են փոփոխություններ կատարվում, և թեև հոգին միշտ երիտասարդ է, և, անկախ տարիքից, մարդիկ ունեն ձգտումներ և ապրելու մեծ ցանկություն, պահանջմունքներ, բայց ուղեղում էլ որոշակի խնդիրներ են առաջանում:

«Երբ տարիքով պայմանավորված մարդկանց մեծ բանակի մենք արագ ուղարկում ենք թոշակի, նրանց կյանքում վակուում է առաջանում: Նախկինում նա աշխատում էր, իրեն պիտանի էր զգում, և մեկ էլ հանկարծ չկա այդ ամենը, եթե բախտը բերում է, որ ընտանիքը մոտ է լինում և կարողանում է ապրել թոռների ու զավակների կյանքով, դեռ կարողանում է հաղթահարել ծերությունը, իսկ եթե դա էլ չի լինում, մարդը մնում է ինքն իր հետ, սկսում է ավելի քիչ պլաններ կազմել և միակ հույսը սերիալներն են դառնում…»,- ասում է հոգեբույժը՝ տեղեկացնելով, որ եկող տարի նախատեսում են դասընթացներ կազմակերպել տարեց մարդկանց հարազատների և խնամողների համար:

Հայաստանում պետությունը հոգում է տարեց մարդկանց միայն սոցիալական պաշտպանության հարցը՝ տրամադրելով կենսաթոշակ, որը հազիվ է բավականացնում սննդին, դեղորայքի և կոմունալ վճարումներին:

Առօրյայի կազմակերպման և զբաղվածության հարցերը մնում են հասարակական կազմակերպությունների վրա: Ա.Սողոյանը խորհուրդ է տալիս փոխել վերաբերմունքը տարեց հարազատների հանդեպ, ավելի շատ ուշադրություն դարձնեն նրանց, խրախուսել, որ զբաղվեն սիրած գործով:

«Եթե դուք այսօր կես ժամը խնայում եք ու չեք տրամադրում ձեր ընտանիքի տարեց անդամին կամ հարազատին, ապա մի քանի տարուց ստիպված եք լինելու ամբողջ օրը հատկացնել կամ խնամող եք փնտրելու»,- զգուշացնում է նա՝ նշելով, որ հասարակական ընկալման մեջ տարեցների նկատմամբ այսօր առկա է խտրական վերաբերմունք ու խարանի գործոնը:

«Մինչդեռ յուրաքանչյուր տարեց մարդ, եթե իր կյանքը կարողացել է հասկանալով ապրել և ֆիզիկապես ակտիվ է, քաշով մեկ ոսկի է, և կշահեն այն գործատուները, որ իմաստնություն կունենան օգտագործել տարեցների փորձը, ում կարող են վճարել երիտասարդների համեմատ ավելի քիչ»,-ասում է նա՝ հավելելով, որ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայում երիտասարդներից ավելի շատ 80 անց գիտնականներն են պահանջված և այսօր էլ մեծ ներդրում ունեն գիտության զարգացման գործում:

Նրա խոսքերով, տարեցները պետք է պահանջեն ընտանիքներից, հասարակությունից, պետությունից կազմակերպություններից օգտագործել իրենց մեծ ներուժը: «Եթե մենք այսօր չմտածենք տարեցների մասին, մեր մասին էլ չեն մտածի»,-կատակով եզրափակում է բժիշկը:

Back to top button