Ծովահայեր

Անհետացած լիճն ու գտնված վիշապը. «Ծովահայեր»

Սևանի ավազանում գտնվող Գիլլիի լճակի շրջակայքն ավելի քան 4000 տարի սրբազան է համարվել, իսկ լճակում ապրող վիշապի մասին առասպելազրույցներ էին շրջում մինչև մեր ժամանակները։ Այդ զրույցներին հանդիպում ենք նաև Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» գրքում և էկրանավորված տարբերակում՝ ֆիլմում։

Խորհրդային Միության տարիներին լճակը ցամաքեց, անհետացավ, բայց հայտնվեց վիշապը՝ վիշապաքարի տեսքով։    

Քրիստոսից առաջ այստեղ վիշապաքար են կանգնեցրել, Քրիստոսից հետո նույն տարածքում՝ մատուռ-եկեղեցի կառուցել։

Լուսանկարը՝ «ԾՈՎԱՅԻՆ­ ՀԱՅԱՍՏԱՆ. ՈՒԴՈՒՐԻ-ԷԹԻՈՒՆԻ ­ԵՐԿՐԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» գրքից

Գիլլիի լճի տարածքն իր առասպելազրույցներով, մշակութային շերտերով, պատմական հուշարձաններով ու երկրաբանական առանձնահատկություններով հայտնվել է գիտնականների ուշադրության կենտրոնում։

Օրերս լույս տեսավ «ԾՈՎԱՅԻՆ­ ՀԱՅԱՍՏԱՆ. ՈՒԴՈՒՐԻ-ԷԹԻՈՒՆԻ ­ԵՐԿՐԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» խորագիրը կրող գիտական աշխատությունների ժողովածուն։

Գրքում տեղ գտած Սևանա լճի ավազանի հարուստ հնագիտական հուշարձանների՝ բնակավայրերի, ամրոցների, դամբարանների, ժայռապատկերների, վիշապ կոթողների, վիմագիր արձանագրությունների հետազոտությունները կարևոր տեղեկություններ են տալիս մեր երկրի տարածքի պատմական անցյալի մասին։

Լուսանկարը՝ «ԾՈՎԱՅԻՆ­ ՀԱՅԱՍՏԱՆ. ՈՒԴՈՒՐԻ-ԷԹԻՈՒՆԻ ­ԵՐԿՐԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» գրքից

«Սրբազան տարածքի կերպափոխումը Գիլլիի լճի ավազանում. Վիշապից դեպի Սպիտակավոր» հոդվածը կազմվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, ինչպես և Երկրաբանական ինստիտուտի յոթ գիտաշխատողի՝ Ավետիս Գրիգորյանի, Արսեն Հարությունյանի, Արտակ Հախվերդյանի, Արշավիր Հովհաննիսյանի, Մարիաննա Հարությունյանի, Հայկ Դավեյանի և Արսեն Բոբոխյանի միջգիտակարգային ուսումնասիրությունների արդյունքում:  

«Ծովահայերի» տաղավարում Ավետիս Գրիգորյանն ու Արսեն Հարությունյանը ուշագրավ տեղեկություններ են ներկայացնում սրբազան տարածքի քաղաքակրթական ու մշակութային փոխակերպումների մասին՝ վերամոդելավորելով պատմության 4000-ամյա ընթացքը: 

Back to top button