ԿարևորԿյանքին ասել այո՛

Ամեն անգամ «պատերազմ» բառն ասելիս հիշում եմ Դավիթի մահվան լուրը․ Հռիփսիմե Մայիլյան․ «Կյանքին ասել այո՛»

Հռիփսիմե Մայիլյանը ծնվել է 1993 թվականին Արտաշատ քաղաքում։  Մասնագիտությամբ մանկավարժ է։ 2014 թվականին  ամուսնացավ փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի հետ ու տեղափոխվեց Հադրութ։ Դավիթը Հադրութի զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատարն էր։ 44-օրյա պատերազմի ժամանակ կռվել է հիմնականում Վարանդա-Կարախանլու հատվածում, որտեղ էլ  2020-ի սեպտեմբերի 30-ին մահացու վիրավորում է ստացել։ Դավիթ Ղազարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչումը։

Դավիթ Ղազարյանը  ծնվել է 1989 թվականի մայիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։  2010 թվականին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Արցախում։ 2016 թվականին մասնակցել է նաև  Քառօրյա պատերազմին։ Դավիթն ու Հռիփսիմեն ունեն երկու երեխա՝ հինգ տարեկան Անին ու չորս տարեկան Վանը։ Հռիփսիմեն երեխաների հետ Հադրութից տեղափոխվել է պատերազմի առաջին օրը՝ հասցնելով տեսնել պատերազմի առաջին սարսափները։ Իսկ ամենասարսափելին Դավիթի մահվան գույժն էր։ «Ամեն անգամ «պատերազմ» բառը ասելիս հիշում եմ Դավիթի մահվան լուրը»,-ասում է Հռիփսիմեն։  Երեխաների հետ այժմ նա բնակվում է Վեդի քաղաքում՝ Դավիթի ծնողների տանը, աշխատում է «Միասնական սոցիալական ծառայության» Վեդու  տարածքային կենտրոնում։ Հռիփսիմեի նպատակն է ստեղծել Դավիթի անունը կրող հիմնադրամ, զբաղվել բարեգործությամբ ու մեծացնել  Դավիթին արժանի զավակներ։

Back to top button