Մտքի ուժը

Օդի չորացման նոր առաջարկ՝ էներգիայի խնայողությամբ․ «Մտքի ուժը»

Երբ դրսի ու ներսի ջերմաստիճանների միջև տարբերությունը մեծանում է, հատկապես խոհանոցում գազօջախը միացնելիս, պատուհանների ապակե մակերեսների վրա ջրային գոլորշի է առաջանում։ Երբևէ մտածել եք՝ ինչո՞ւ, իսկ որ ամենակարևորն է՝ ի՞նչ անել, որ ջրային գոլորշին անհետանա կամ չառաջանա։

Լուսինե Երիցյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի ուսանող է։ Նրան էլ էին հետաքրքրում այդ հարցերը։ Միայն թե Լուսինեն նաև լուծումներն է առաջարկում.

«Հատկապես ձմռանը պատուհանների վրա առաջանում է կոնդենսատ։ Օդում ջրային գոլորշիները խտանում են ու պատուհանների վրա ջուր է առաջանում։ Դա առաջանում է դրսի ու ներսի ջերմաստիճանների տարբերությունից, ինչպես նաև խոհանոցում գազի այրումից։ Խնդրից խուսափելու համար օդի նոր տիպի չորացուցիչ ենք մշակել, որի մեջ օգտագործվում է Պելտիեի էլեմենտը։ Էլեմենտն իր մի կողմում տաք մակերևույթ է ստեղծում, մյուս կողմում՝ սառը։ Մի կողմում օդը սառում է, անջատում է ջրային գոլորշիները, այնուհետև չորացած օդը տաքանալով՝ նորից տրվում է սենյակ։ Օդի չորացուցիչներ շատ կան, բայց մեր մշակածի նորույթն այն է, որ երկու ջերմափոխանակիչների փոխարեն օգտագործվում է Պելտիեի էլեմենտը, որի հետևանքով կունենանք էներգիայի խնայողություն»։

Սարքն իրենից ներկայացնելու է քառակուսի արկղ, որի մեջ կդրվի Պելտիեի էլեմենտը, պատմում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի դոցենտ Սիրանուշ Էգնատոսյանը։ Պարզվում է չորացնել կարելի է նաև օդը։ Օդի չորացման տարբեր եղանակներ կան, օրինակ՝ օդի սառեցում սառնարանային մեքենայով, բայց գիտական այս խումբն ունի օդի սառեցման իր տարբերակը, ասում է Լուսինե Երիցյանը.

Արձագանք եղավ նաև միջազգային մրցույթից՝ Եվրասիական արտոնագրային գերատեսչության կողմից հայտարարված երիտասարդական Եվրասիական արտոնագրային ունիվերսիադայի «Հայացք դեպի ապագա» մրցույթում, առաջարկը երկրորդ տեղը զբաղեցրեց։ Անհրաժեշտ է նշել, որ նշված անվանակարգում առաջին տեղ ոչ ոք չի զբաղեցրել։ «Ստեղծի՛ր: Հորինի՛ր: Զարմացրո՛ւ» կարգախոսով անցկացված մրցույթին մասնակցել է ավելի քան 120 երիտասարդ գյուտարար Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի անդամ բոլոր ութ երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Տաջիկստան, Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան և Ղրղզստան։ Ներկայացվել է 53 նախագիծ, և բոլոր նմուշները դիտարկվել են որպես իրական արտոնագրային հայտեր։

Միշտ չէ, որ ամեն ինչ պլանավորած լուծումներով է գնում։ Շատ հաճախ ստիպված են լինում ամեն ինչ փոխել ու օրերով նոր բանաձևեր ու լուծումներ փնտրել։ Նույնը նաև օդի չորացուցիչի վերաբերյալ գիտական հոդվածի ձևավորման ժամանակ եղավ։

Կյանքին ու անգամ կենցաղին գիտական հայացքով նայող ու նոր լուծումներ փնտրող կանանց համար հե՞շտ է արդյոք գիտությամբ զբաղվել Հայաստանում։ Հայաստանի ազգային համալսարանի ջերմագազամատակարարման օդափոխության ամբիոնի դոցենտ Սիրանուշ Էգնատոսյանն արձանագրում է՝ իրենց մասնագիտությամբ հետազոտություն իրականացնելու համար բավականին ֆինանսական միջոցներ են պետք։ Շատ հաճախ սահմանափակվում են միայն տեսական հետազոտություններով և մաթեմատի¬կական մոդելների ձևավորմամբ։ Ընդհանրապես համալսարանում կարևորում են կրթական ծրագրերի արդիականացումը և միջազգային չափանիշերին համապատասխանեցումը ու դրա միջոցով գիտության զարգացումը։

Back to top button