Վերնատուն

Գերժամանակակից մեքենան նույնպես ժամանակակից արվեստ է․ «Վերնատուն»

Արվեստագետ Ստեփան Վերանյանը խոսում է այն մասին, թե ինչու է կարևոր ժամանակակից արվեստը մեր օրերում, ինչ դեր ու գործառույթ ունի։ Վերջին շրջանում արվեստագետն անցկացնում է ժամանակակից արվեստի դասախոսությունների շարք՝ բոլորի համար։

«Ապրել հիմա և չառնչվել այն խնդիրներին, որոնք արվեստն է առաջ քաշում, պրոֆեսիոնալ առումով անիմաստ է։ Եվ հանրությունն էլ լավ կլինի որ իմանա ժամանակակից արվեստում ինչ է կատարվում», – ասում է Վերանյանը։

Ասում է՝ մեր վարորդներից շատերը գերժամանակակից մեքենաներ են վարում, բայց մեքենայի միջավայրը զարդարում են աղվեսի մորթիով և սրբապատկերներով։

«Այստեղ խզում կա․ կենցաղային նախընտրությունն ու գեղարվեստական ճաշակը անհամապատասխան են, և եթե մարդիկ ծանոթ լինեն ժամանակակից արվեստին, այսպիսի դիսոնանսը չի լինի։ Այդ դիսոնանսը տարածվում է հանրային վայրեր, հասարակական տրանսպորտ և ամենուր»,– նշում է արվեստագետը։

«Կահույքի, հեռուստացույցի, մեքենայի ու մեզ շրջապատող իրերի վրա այսօր աշխատում են առաջատար դիզայներներ, նկարիչներ, նույնիսկ քանդակագործներ, իսկ մեր գեղարվեստի ակադեմիայում, օրինակ, արվեստի պատմության դասաժամերի քանակը՝ Վերածննդից մինչև 21-րդ դար, մեկ կիսամյակում ընդամենը 12 ժամ է, և կա դիմադրություն ցանկացած նորարարության նկատմամբ։ Ակադեմիական սիստեմը չի համապատասխանում մեր այսօրվա զարգացումներին ու կյանքի պահանջներին, և արվեստի կրթության համար չկա այլընտրանքային ընտրության հնարավորություն», – ասում է Ստեփան Վերանյանը:

Back to top button