Մոռացված ֆիլմերի ստվերները

Պայքար էկրանի համար. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերը հարստացնում են հայկական կինոյի պատմության էջերը։ Այդ նույն էջերը պահպանում են նաև արվեստագետ-անհատի սիրտ մաշող բախումները տոտալիտար ռեժիմի հետ։ Սակայն դրանց մասին նա նախընտրում էր լռել։

Ֆրունզե Դովլաթյան

Ամեն ինչ սկսվել էր իր հարազատ Գավառ քաղաքի թատրոնից, որտեղ կինոռեժիսորի հայրն ու հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում։ Ավագների նախասիրությունները Ֆրունզե Դովլաթյանին տարան բեմարվեստ, ուր նա մուտք գործեց որպես դերասան, իսկ որոշ ժամանակ անց հարմարավետ տեղավորվեց ռեժիսորական աթոռին։

Առաջին երկու՝ «Դիմա Գորինի կարիերան» և «Առավոտյան գնացքներ» ֆիլմերը նա նկարահանեց «Մոսֆիլմում» ՎԳԻԿԻ՝ Սերգեյ Գերասիմովի արվեստանոցն ավարտելուց հետո։

Կինոգետ, սցենարիստ Էվերտ Պայազատյանի և Ֆրունզե Դովլաթյանի պատահական հանդիպումը «Մոսֆիլմում» վերածվեց երկար տարիների ամուր ընկերության։ Հայկական կինոյի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող այս երկու արվեստագետներն այսօր, ցավոք մեզ հետ չեն։ Տարիներ առաջ Էվերտ Պայազատյանի հետ հանդիպման առիթը Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերի մասին վերհիշելն էր։ Այդ հանդիպման ժամանակ էլ Պայազատյանը ցավով փաստում էր, որ ֆիլմերի շուրջ անվերջ բանավեճերը, քննարկումներն ու մեղադրանքները հուսահատեցնում ու թևաթափ էին անում իր ֆիլմերին սեփական զավակի պես վերաբերվող կինոռեժիսորին։

Էվերտ Պայազատյան

«Պետք է խոստովանեմ, որ այդ ծանոթությունն ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Իր աշխատանքին կողքից հետևելու ընթացքում հպարտության զգացումով համակվեցի, որ հայազգի երիտասարդ ռեժիսորը «Մոսֆիլմում» ինքնավստահ  դրսևորում է գիտելիքներն  ու  ստեղծագործական խառնվածքը»,-նշում  էր Էվերտ Պայազատյանը

Անցյալ դարի 70-ականների առաջին կեսին արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանն ու Ֆրունզե Դովլաթյանն աշխատում էին մի հետաքրքիր կինոսցենարի վրա։ Անցյալի անարդարությունների դեմ ընդվզող արխիվի աշխատակցի մասին ֆիլմ ստեղծելու գաղափարը Պերճ Զեյթունցյանի մոտ ծնվեց ազգային արխիվ հաճախակի այցելելու ընթացքում։ Դովլաթյանի կինը՝ Իռեն Օրդուխանյանը պատմում է, որ նման զգայուն թեմայի հանրայնացումը, այն էլ  կինոնկարի միջոցով, չէր կարող վրիպել խորհրդային պետկինոյի պաշտոնյաների ուշադրությունից:

«Այդ արձագանքը սպասելի էր, որովհետև այս ֆիլմը դուրս էր Խորհրդային միության կինոյում  ամրագրված  կարծրատիպերից: Ֆիլմի գլխավոր հերոսի ամենօրյա երազները կարծես Սալվադոր Դալիի սյուռեալիստական նկարների արտացոլանքը լինեին: Եվ այդպիսի ենթատեքստերն էին, որ հասկանալի և անընդունելի եղան պետկինոյի պաշտոնյաների համար»,- վերապրելով անցյալի հուզմունքն ու ափսոսանքը, պատմում էր Իռեն Օրդուխանյանը:

«Երևանյան օրերի խրոնիկայի» անհարթ  ճակատագիրը Ֆրունզե Դովլաթյանի միակ անհաջողությունը չէր։ Այս ֆիլմի Էկրան բարձրանալուց ավելի քան մեկ տասնամյակ անց, նրան ևս մի հարված էր սպասվում, ավելի ցավոտ։

1976 թվականին լույս է տեսնում արձակագիր, գրող-վավերագրող Աշոտ Արզումանյանի՝ «Օրբելյան Եղբայրներ» կենսագրական գիրքը: 80-ականների սկզբին Ֆրունզե Դովլաթյանը բոլորովին պատահաբար ծանոթանում է այդ գրքին։ Դրանում ներկայացված իրադարձությունների շարքում կա մի կարևոր պատմական փաստ այն մասին, թե ինչպես է Հովսեփ Օրբելին կանխել Էրմիտաժի գանձերը վաճառելու մասին բոլշևիկյան նորաթուխ իշխանության ընդունած որոշումը։

Կինոգետ Դավիթ Մուրադյանը պատմում է, որ հենց այդ հետաքրքիր պատմական փաստն էլ գրավել էր կինոռեժիսորի ուշադրությունը:

Դավիթ Մուրադյան

«Անցյալ դարի 30-ականներին ընդունվել էր մի որոշում, ըստ որի արտասահմանում պետք է վաճառվեին Էրմիտաժի արժեքավոր գեղանկարներ, քանդակներ և զանազան այլ աշխատանքներ, իսկ գոյացած հասույթը պետք է ուղղվեր սովետական արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը,- ասում  է Դավիթ Մուրադյանը,-Հովսեփ Օրբելին բողոքի նամակ է գրում Իոսիֆ Ստալինին, որում մանրամասն բացատրում է այդ գանձերի այդպիսի սպառման բացարձակ անթույլատրելիությունը և հետո երեք օր փակվում է իր տանը՝ սպասելով  ձերբակալության։ Դա պատմական փաստ է, և հենց այդ երեք օրվա իրադարձություններն էին տեղ գտել այդ ֆիլմի սցենարում»:

Ֆիլմի սցենարական աշխատանքը վստահվում է «Հայաստանի դասերը» նշանավոր գրքի հեղինակ, այն ժամանակ գրական մեծ հեղինակություն վայելող ռուս գրող Անդրեյ Բիտովին։
«Քանզի ինձ անվանում են առյուծ» վերնագրով սցենարի վերջնական տարբերակի վրա Անդրեյ Բիտովը մեկուկես ամիս աշխատում է Հայաստանում՝ Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը։

Անդրեյ Բիտով

«Ժամանակները սակայն դժվար էին,-պատմում է Դավիթ Մուրադյանը,- Բիտովը այդ տարի «Մետրոպոլ» կոչվող այլախոհ հեղինակների ընդհատակյա ժողովածույում տպագրել էր իր պատմվածքներից մեկը: Դա սկանդալ էր: Եվ Բիտովը դարձել էր այդ պահին ոչ այնքան ցանկալի հեղինակ»:

1982 թվականին Հայաստանում սցենարն ընդունվում է միաձայն։ Սցենարական կոլեգիայի անդամները հիացած էին Անդրեյ Բիտովի կատարած աշխատանքով։ Այնուհետև սցենարն ուղարկվում է Մոսկվա՝ հաստատման, սակայն այնտեղ ծագում են անսպասելի խնդիրներ:

«Եվ հավանաբար, Բիտովի «անցանկալիի» պիտակն էր պատճառը, որ այդ սցենարը չի հաստատվում մոսկովյան պետկինոյում », -նշում է Դավիթ Մուրադյանը։ Խորհրդային միությունում այլախոհների նկատմամբ տոտալ մերժողականության պատճառով նշանավոր գիտնական Հովսեփ Օրբելու մասին պատմող ֆիլմի և ոչ մի սանտիմետր ժապավեն չի նկարահանվում։

«Հայֆիլմում» ծավալած երկարամյա գործունեության ընթացքում Ֆրունզե Դովլաթյանը մեկ անգամ չէ, որ հանդիպել է անառողջ գաղափարական արգելքների և ցավոտ որոշումների: Ու թեև նա նկարահանել է մեկ տասնյակից ավելի ֆիլմեր, բայց այդ ցանկը ավելի հարուստ կլիներ, եթե էկրանին ապրեին ականավոր գիտնական, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու՝ Էրմիտաժի գանձերի փրկության համար մղված խիզախ պայքարի մասին պատմող ֆիլմն ու չմկրատված «Երևանյան օրերի խրոնիկան»։

Back to top button