Սփյուռքի ձայնը

Հայաստանում գիտական գաղափարները կյանքի կոչելու խնդիր կա, ասում է Իլինոյսի համալսարանի պրոֆեսորը․ «Սփյուռքի ձայնը»

ԱՄՆ Իլինոյսի համալսարանի մեխանիկայի և տեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր, ինտելեկտուալ ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի առաջին տնօրեն, մի շարք գրքերի համահեղինակ Նաիրա Հովակիմյանը այն հայ գիտնականներից է, որը պատրաստ է կիսել իր գիտելիքները, աշխատել երիտասարդների հետ և առաջադեմ, ժամանակակից ու ռազմավարական նշանակության միջոցներ ստեղծել Հայաստանի անվտանգության համար։ Նա ստեղծագործական արձակուրդն անցկացնում է Հայաստանում և պատրաստ է իր գիտական հմտությունները, փորձն ու գիտելիքները փոխանցել այս դաշտը զարգացնելու և արդիականացնելու համար։

Նաիրա Հովակիմյանը խորհրդային կրթություն է ստացել, ավարտել է ԵՊՀ տեսական մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը 1988 թվականին։ 1992 թվականին Մոսկվայում` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում, 4 տարի աշխատել է օպտիմալ կառավարման ու դիֆերենցիալ խաղերի թեմայով իր դոկտորական թեզի վրա, հաջողությամբ պաշտպանել է այն Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում:

«Շատ հարցերի պատասխաններ չստանալուց հետո որոշեցի դրանք գտնել ռուսական կրթական միջավայրում, սակայն՝ ապարդյուն։ Հասկանալի էր, որ կրթական բացը համակարգային է։ Ի դեպ, ես նաև Եվրոպայում եմ սովորել։ Պետք է փաստեմ, որ այնտեղ էլ շատ հարցեր անպատասխան մնացին»,- ասում է Նաիրա Հովակիմյանը։

1998 թվականին նա մեկնեց ԱՄՆ, իր գիտական ճանապարհը որոշեց շարունակել Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանում։ Սակայն այս երկրում էլ, հակառակ դեմոկրատական բոլոր հնարավորություններին, գիտական դաշտում կային լուրջ դժվարություններ։

«Ինձանից պահանջվեց 5 տարի՝ գիտական աստիճան ստանալու համար։ ԱՄՆ-ում այսպես է․ եթե դու չես ավարտել ամերիկյան հայտնի համալսարաններից մեկում, չունես անվանի գիտնականների երաշխավորագրերը, դու պրոֆեսորի կոչում չես կարող ստանալ։ Ես կարողացա ապացուցել, որ անկախ առաջադրված պահանջներից, ես կարող եմ հասնել այդ աստիճանին և հասա»,- այսօր արդեն տարիների հեռվից նշում է պրոֆեսոր Հովակիմյանը։

Ադապտիվ կառավարման համակարգերի ներդրումը, օրինակ, թույլ է տալիս ավիացիոն անվտանգության ապահովման միջոցով իրականացնել օդանավերի հսկողությունը և կառավարումը ծայրահեղ անկայուն եղանակի պայմաններում։ Այդ աշխատանքը շատ բարձր գնահատականի արժանացավ և նոր հնարավորություններ բացեց բազմաթիվ այլ ոլորտներում` դրա արդյունքների ավելի լայն կիրառության համար, ասում է Նաիրա Հովակիմյանը։

«ՆԱՍԱՆ հավատաց մեզ և հետաքրքիր ծրագրի մեկնարկ տվեց»,- ասում է հայազգի գիտնականը։
Ինչպիսի՞ն է Հայաստանում գիտական միջավայրը, արդյո՞ք նոր ու ժամանակակից գիտական մեթոդները կիրառվում են այստեղ, հարցնում եմ, Նաիրա Հովակիմայնը պատասխանում է․

«Իհարկե, լավ, պատրաստված գիտնականներ ունենք, նրանցից շատերը լավ գաղափարներ ունեն։ Սակայն, նրանց գաղափարները կյանքի կոչելու խնդիր կա։ Պետք է ներդրում անել ՝ հատկապես ռիսկային մեծ գիտական աշխատանքների վրա, ինչը սակայն չի արվում»։

Նաիրան պատճառը համարում է այն, որ հայ ներդրողն ուզում է միանգամից գերշահույթ ստանալ, սակայն գիտական աշխարհում ներդրումը, խոշոր և ռիսկային ներդրումը շահույթի համար պահանջում է ժամանակ։

Նաիրա Հովակիմյանը նշում է, որ ոչ ռիսկային ներդրումների պարագայում, այսինքն փոքր խմբերի հետ գիտական աշխատանքներ տանելով` առաջանում են այլ խնդիրներ, հիմնականում խոսքը ուղեղների արտահոսքի մասին է։

«Շատ երիտասարդ գիտնականների խրախուսելու համար, հաճախ նաև սփյուռքից ներդրողներ գումար են տալիս, առաջարկում գիտական որևէ աշխատանք։ Իսկ երիտասարդը, որը դուրս է գալիս այլ միջավայր, հաճախ հանդիպում ավելի լավ առաջարկի, բնականաբար մտածում է երկրից գնալու և ավելի լավ պայմաններում աշխատելու մասին։ Ուրեմն, պետք է այսօր մեր գիտական միջավայրը բարելավել, ավելացնել ֆինանսավորումը և ռիսկային ու մեծ ծրագրերի վրա սկսել աշխատել»,- նկատում է։

Գիտական նոր դպրոցների հիմնումը այսօր շատ կարևոր է, ասում է զրուցակիցս։ Իսկ նորին հասնելու համար պետք է նոր ռազմավարություն գիտնականների հետ աշխատանքում։
Մեր գիտական ներուժը բավականաչափ ներկայություն ունի համաշխարհային գիտական միջավայրում։ Մեր երկրին մնում է միայն առաջարկել համագործակցություն։

Back to top button