Գերդաստաններ

Սուրեն Մուրադյան․ չծերացող բանաստեղծն ու նրա ճանապարհը շարունակող ժառանգները․ «Գերդաստաններ»

Նա այն անվանի բանաստեղծներից է, ով, սերունդների հետ միշտ նորանալով, ուղեկցում է ընթերցողին մանկությունից մինչև խոր ծերություն, այսինքն՝ ստեղծագործում և՛ մանուկների, և՛ մեծերի համար։ Հենց դրա համար էլ հանրահայտ Համո Սահյանն ասել է. «Սուրեն Մուրադյանն իմ և մանուկների, 7-ից 70 տարեկան ընթերցողների փնտրված բանաստեղծն է»։

Նա նաև բանասիրության այն հիանալի մասնագետն էր, որ իր դստրիկների ձեռքերից բռնած տանում էր գրականության ու բանաստեղծության կախարդական աշխարհ։

1930 թվականի նոյեմբերի 26-ին Լոռվա սարերով շրջապատված Ակներ գյուղում ծնվեց ջաղացպան Զաքարի հինգ որդիներից կրտսերը՝ Սուրենը։ Լոռվա չքնաղ բնության մեջ մեծացավ փոքրիկ տղան և սկսեց հաճախել Ալավերդու Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցը։

«Նա ամեն օր ոտքով երկար ճանապարհ էր անցնում և երգող թռչունները, կարծես, օրհնում էին նրա ճանապարհը դեպի բանաստեղծական մեծ աշխարհ», – պատմում է բանաստեղծի դուստրը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Մուրադյանը։

Բանաստեղծի պատկերացմամբ՝ աշխարհը կանգուն է չորս բարոյական սյուների՝ սիրո, հավատի, աշխատանքի և բարության շնորհիվ։ Այսպես էր ապրում և ստեղծագործում նա։ Ժամանակի երիտասարդությունն արդեն ճանաչում էր նրան։

Եվ իր կյանքի այս ժամանակահատվածում էլ նա հանդիպեց իր կյանքի ընկերուհուն՝ գեղեցկուհի Մարոյին, որն իրեն դիմավորեց հենց Սուրենի բանաստեղծություններով։

Ողջ կյանքի ընթացքում ստեղծվեցին մանկական, երգիծական, գրականագիտական 130 գրքեր, որոնք տպագրվեցին աշխարհի 18 լեզուներով, մանկական պիեսները բեմադրվեցին Երևանի Թումանյանի անվան և Գյումրիի տիկնիկային թատրոններում, հեռուստատեսությամբ և ռադիոյով ձայնագրվեցին բեմականացումներ։

Նրա մանկական պիեսները բեմադրեց մյուս դուստրը՝ Սյուզի Մուրադյանը։ Նա հիշում է, թե ինչպես էր հայրն ուղղորդում իրեն դեպի գեղարվեստական ստեղծագործություններին շունչ ու ձայն տալու գեղեցիկ ճանապարհով։

Նրա բանաստեղծության տեքստերով կոմպոզիտորները գրեցին 250-ից ավելի երգեր։

Գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը հպարտ է, որ եղել է գրողի ժամանակակիցն ու մտերիմ ընկերը։ Նա հուզմունքով է հիշում Սուրենին, երբեմն դաշտային ծաղիկները ձեռքին՝ քայլերը տանում են նրան գերեզմանատուն, որտեղ երկար կանգնում է ու հիշում բանաստեղծի խոսքերը. «Իմ երջանկության գաղտնիքն իմ անչար հոգու մեջ է»։

Բանաստեղծի գրականագիտական ուղղությունը շարունակեց դուստր Արմինեն։ Գերդաստանի երիտասարդները ևս բանասիրության ոլորտի մասնագետներ են՝ Իզան և՛ ռեժիսոր է, և՛ ֆրանսիական մշակույթի և լեզվի մասնագետ։ Նա է պապի երկու ժողովածուները թարգմանել ֆրանսերեն և երկար տարիներ է, ինչ աշխատում է հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում։

Սուրեն Մուրադյանի մյուս թոռը՝ Արսեն Արզումանյանը, գերդաստանի մասնագիտությունը չընտրեց։ Ռումինիայում դիվանագիտական կրթություն է ստացել՝ ասում է մայրը՝ Սյուզի Մուրադյանը։

Մյուս թոռնուհին՝ Լիլիթ Գրիգորյանը, իսպաներենի մասնագետ է, նա ևս իր դաստիարակության և կազմակերպվածության համար պարտական է պապին:

Իսկ գրելու ձիրքն ավելի վառ է արտահայտվել ծոռնուհու՝ Էլիզա Դհերյանի մեջ։ Նա գրում է պատմվածքներ ու հեքիաթներ։
Բանաստեղծի հետ գրական ճանապարհ անցած մեր անվանի գործիչները բարձր են գնահատում նրան, արժևորում նրա դերը հայ գրականության մեջ և այսօր էլ չեն մոռանում խոսել նրա մասին, հիշել և հիշեցնել։

Մինչ օրս նրա բանաստեղծությունները հնչեղ են՝ լցված սիրով ու հավատով մոր, հայրենիքի ու աշխարհի նկատմամբ։

Քնել են ծառերը, մայրիկս արթուն է
Քնել են դաշտերը, մայրիկս արթուն է,
Քնել են բոլորը, մեղմ ձայն է լսվում,
Մայրիկս աշխարհին օրոր է ասում։

Back to top button