Երաժշտական եռանկյունի

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային միջազգային փառատոն․ «Երաժշտական եռանկյունի»

Երգեհոնային երաժշտությունը արևմտաեվրոպական երաժշտության հնագույն դրսևորումներից է՝ կապված եկեղեցական ծիսակարգի և առաջին հերթին հոգևոր երաժշտության հետ: Դարավոր մշակութային ընթացքը տվել է բազմաթիվ անուններ, կերտել փայլուն երաժշտական դարաշրջաններ և այսօր ներկայացված է աշխարհում նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությամբ:

Հայաստանում այն պայմանավորված է առաջին հերթին երգեհոնահար, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Վահագն Ստամբոլցյանի տարիների նվիրական աշխատանքով և մանկավարժական գործունեությամբ: Իբրև հարգանքի տուրք և աշխատանքի արժևորում՝ առաջին երգեհոնային միջազգային փառատոնը կրում է հենց իր՝ Վահագն Ստամբոլցյանի անունը, այն անցկացվեց սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Հայաստանում՝ Երևանում և մարզերում, ներկայացվեց 12 համերգներով Երևանում, Կապանում և Չարենցավանում:

Փառատոնին մասնակցում էին երգեհոնահարներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Նիդերլանդներից, ինչպես նաև հայկական երգեհոնային դպրոցը ներկայացնող բազմաթիվ երգեհոնահարներ: Փառատոնը անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ:

Իմ զրուցակիցները՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը, երգեհոնահարուհի, Երևանի պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր Թերեզա Ոսկանյանը և երգեհոնահարուհի, Կապանի արվեստի մանկական կենտրոնի տնօրեն Մարինա Նահապետյանը նշեցին, որ մեծ նվաճում է հայկական ժամանակակից կատարողական արվեստի համար կազմակերպել նման փառատոն՝ աննախադեպ մասնակիցների քանակով, աշխարհագրական ներգրավվածությամբ և երգացանկի բազմազանությամբ, քանի որ փառատոնի շրջանակում նաև հանդես եկան մի շարք մենակատարներ, ինչպես նաև «Սաղմոսերգու» երգչախումբը:

Զրույցի ընթացքում նաև նշանակություն տրվեց կրթության, սերնդափոխության և երգեհոնային արվեստը հանրահռչակելու խնդիրներին: Դա հատկապես կարևորեց Կապանի արվեստի մանկական կենտրոնի տնօրեն Մարինա Նահապետյանը, քանի որ մարզային երգեհոնների գործածմամբ պայմանավորված է ոչ միայն համերգային ընթացքը, այլ նաև ուսումնական գործընթացը:

Այս հարցին անդրադարձավ նաև Կոնսերվատորիայի պրոֆեսոր Թերեզա Ոսկանյանը, քանի որ Հայաստանում երգեհոնների տեխնիկական վիճակը անբավարար է, երգեհոնները վաղուց չեն վերանորոգվել և դա նույնպես խոչընդոտում է որոշ առումով:

«Այնուամենայնիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը բարձր կազմակերպվածություն ցուցաբերեց և մենք կարողացանք մեր ունեցած բոլոր ստեղծագործական և տեխնիկական հնարավորություններն օգտագործելով պատշաճ միջազգային մակարդակով անցկացնել մեր փառատոնը»,- հավելում է Արմեն Սուքիասյանը:

Փառատոնը լավ միջոց էր արդիականացնելու երգեհոնային արվեստի նշանակությունը և հասարակության ուշադրությունը բևեռելու այդ արվեստի նկատմամբ ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում երևույթին հանրապետական հնչեղություն տալով:

Հաղորդման ընթացքում հնչում են փառատոնի մասնակիցների բազմաթիվ կատարումներ:

Back to top button