Սփյուռքի ձայնը

Անվտանգությունն այսօր գլխավորն է. կարծիքներ օվկիանոսի երկու կողմերից․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստան-տարածաշրջանի երկրների հարաբերություններն ու ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշման մասին ենք խոսում իրանահայ հայրենադարձ քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանի և ամերիկաբնակ քաղաքագետ Ներսես Կոպալյանի հետ։

Խաղաղության առաջարկը՝ առանց ապահով ու անվտանգ նախապայմանի՝ հնարավոր չէ, ասում է Էրիկ Հակոբյանը ու շեշտում` առաջարկվող ծրագրին ամբողջությամբ ծանոթ չենք։
Օվկիանոսի մյուս ափից իրադարձություններին հետևող ամերիկաբնակ քաղաքագետ Ներսես Կոպալյանը կարծում է, որ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված հարցերը դեռևս քննարկման կարիք ունեն։ Ավելին, դեռևս անհայտ են շատ մանրամասներ։

«Խնդիրն այն է, թե ո՞րն է առաջադրված փաստաթղթերի նպատակը։ Եթե դա արվում է խաղաղության համար, ապա ո՞րն է այդ խաղաղությունը, արդյո՞ք Ադրբեջանը անվտանգային հարցերի մեր առաջարկները ընդունել է։ Ոչ, կարծում եմ։ Լինելու է սառը պատերազմ, հիբրիդային պատերազմը շարունակվելու է»,- ասում է Ներսես Կոպալյանը։

Ֆուտբոլային դիվանագիտություն․ հնարավո՞ր է այս ձևաչափի կիրառում, որի մասին այսօր խոսում են թուրք պաշտոնյաները։ Ամերիկահայ քաղաքագետն արձագանքում է․ «Դատարկ խոսակցություն է, քանի որ Թուրքիան միշտ նույն մոտեցումն է ունենալու։ Սա ընդամենը արևմտյան աշխարհի աչքին թոզ փչելն է, ցույց տալ, որ իրենք բանակցում են»,- նշում է։

Անվտանգություն, ինքնիշխանության պահպանում. այս հարցերն են այսօր կարևոր Հայաստանի համար, և կարևոր պետք է դիտարկվեն նաև սփյուռքի կողմից։ Ինչպես է պետք սփյուռքի ներուժն օգտագործել անվտանգային խնդիրների լուծման համար. քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը պատասխանում է․

«Առաջին հերթին սուտ, ապատեղեկատվություն և շփոթմունք առաջացնող հարցերից պետք է սփյուռքը զերծ մնա։ Երկրորդ այս պահին Հայաստանից չհեռանալ։ Հիմա Հայաստանից հետ քաշվելու ժամանակը չէ, հակառակը՝ պետք է երկու անգամ ավել շատ աշխատանքներ տանել։ Նաև կարևոր է հզորացնել ինֆորմացիայի գործիքները»,- նշում է Էրիկ Հակոբյանը։

«Մեզ գումար տվեք և մի խառնվեք մեր գործերին»․ այսպիսի սկզբունքով են, ըստ Էրիկ Հակոբյանի, առաջնորդվել տարիներ շարունակ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Պետք է նախ փոխել այս լոզունգը և ճիշտ կիրառել սփյուռքի ներուժը։

Անվտանգության ոլորտն այսօր գլխավորն է մեր բոլոր գործողություններում, նշում է Ներսես Կոպալյանը։ Թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում պետք է ճիշտ և հստակ կիրառել անվտանգային մեթոդները՝ գիտական, ռազմավարական կամ դիվանագիտական առումով։ Իսկ ի՞նչ պահանջներ ունենք սփյուռքից թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ առումով` մանրամասները` հաղորդման մեջ։

Back to top button