Խոշորացույց

Հայաստանի դեղին գծերը. «Խոշորացույց»

2021-ի փետրվարի 13-ին Երևանում տեղի ունեցավ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ` էպիկենտրոնը` մայրաքաղաքից 8 կիլոմետր հարավ-արևելք։ Հիշում եմ, թե ինչպես էին այդ օրը շենքերի բնակիչները իջել բակ և պատսպարվել իրենց շենքերի պատի տակ։ Երբ իմ ծանոթներից մեկը բարեկամներին զգուշացրել էր, որ շենքի տակ կանգնել չի կարելի, վերջինս պատասխանել էր, մեր շենքի տակ չկանգնեք, գնանք մի քիչ այն կողմ՝ ուրիշի շենքի տակ ենք կանգնելու։ 

Երևանը գերխիտ կառուցապատված քաղաք է, և Երևանի բազմաթիվ խնդիրներն էլ նաև սրա հետ են կապված։ Նույն այս խնդիրները կան նաև եվրոպական քաղաքներում։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի վարիչ, Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Զարուհի Մամյանը շեշտում է` կարևորը դեղին գծերի պահպանումն է։ Կառուցապատման դեղին գծերը եզերում են հնարավոր փլուզումների սահմանները։ Այդ սահմաններից դուրս պետք է ազատ տարածքներ մնան, որպեսզի հրշեջ մեքենաները, շտաբ օգնությունը, հատուկ այլ ծառայություններ կարողանան անարգել մտնել այս տարածք, այնտեղից անարգել հնարավոր լինի դուրս բերել շինարարական աղբը, բացատրում է ճարտարապետ- գիտնականը։ Միաժամանակ շեշտում է` Երևանի գոնե կենտրոնում այդ գծերը պահպանված չեն։

Հարցնում ենք` արդյոք կա՞ ապօրինի կառույցների սեյսմիկ վտանգի հաշվարկ, Մամյանը պատասխանում է` չկա, դա կարող է հետաքրքիր հետազոտության առարկա դառնալ։ Նաև ապօրինի շինությունների օրինականացման ժամանակ սեյսմիկ վտանգի ուսումնասիրություն չի լինում։ «Օրինակներ կան, որ խորը մասնագետ չպիտի լինել հասկանալու համար, որ, ասենք, այդ շինությունը, կցակառույցը կամ ձեղնահարկը չպետք է օրինականացնել»,- ասում է նա։

Միաժամանակ շեշտում է` վերջին տարիներին կառուցված շենքերը, անգամ այս խտության պայմաններում, որակյալ են, քանի որ կա մրցակցային դաշտ, բնակիչներն ունեն ձևակերպած պահանջները, կառուցապատողները հետևում են որակին։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Քաղաքաշինությունը սեյսմիկ ակտիվ գոտիներում. թեմայի շուրջ ենք զրուցում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Զարուհի Մամյանի հետ։

Back to top button