Ծովահայեր

1000 տարվա զուգահեռներ՝ Սևանի, Վանի, արքաների ու գիտնականների միջև. «Ծովահայեր»

Տեղափոխվենք միջնադար ու 1000 տարվա խորքից զուգահեռներ անցկացնենք Վանա և Սևանա կղզիների, իր ռազմական հանճարով պատմության մեջ հավերժացած Աշոտ Երկաթ արքայի և մեզ պատմական հոյակերտ հուշարձաններ ժառանգած Գագիկ Արծրունու միջև։

Զուգահեռներ անցկացնենք նաև ականավոր հայորդիների՝ Ռուբեն և Հովսեփ Օրբելիների՝ մեզ թողած ավանդի միջև ու հետևություն անենք, թե որքա՞ն կշահեին պատմությունն ու գիտությունը, եթե արքաները ցանկություն, իսկ գիտնական եղբայրներն էլ հնարավորություն ունենային միասնաբար գործելու։ Եվ այն մասին, թե պատմական ի՞նչ վկայություններ դուրս կգան ջրի երես, եթե հայ հետազոտողները հնարավորություն ունենան ուսումնասիրություններ կատարել հայկական ջրասույզ հուշարջանների տարածքում։

Զուգահեռներ՝ արքաների և կղզիների միջև

Վանա լճի Աղթամար կղզու ամենաբարձր հատվածից նայում եմ ծովակին ու մտածում, որ մի ամբողջ միջնադար է թաքնված լճի մեղմ ու փիրուզյա ալիքների տակ։ Դարերի ընթացքում հետզհետե լցվելով՝ ինչպիսի հոյակերտ հուշարձաններ է թաքցնում Վանն իր ջրերում:

Փորձենք հազար տարով հետ շրջել պատմության անիվը։ Հայտնվենք 10-րդ դարում։ Այդ ժամանակ լճի մակարդակը մոտ 30 մետրով ցածր էր, Աղթամար կղզին՝ ավելի մեծ ու ընդարձակ։ 10-րդ դարն Աղթամար կղզու պատմության ամենաերանելի շրջանն էր։ Գահակալ իշխան Գագիկ Արծրունին մեկը մյուսի հետևից հոյակերտ կառույցներ էր վեր հանում ու իր ձեռագիրն անմահացնում Վասպուրականի պատմության էջերում։

Թովմա Արծրունի և անանուն պատմիչները նրան Գագիկ թագավոր են հիշատակում ու պատմում, որ Աղթամարը դարձավ արքայանիստ կղզի։ Արքայավայել շինությունների փառքի վկան է կղզու սբ. Խաչեկեղեցին, պատմության միակ կանգուն հուշարձանը։ Նայում եմ եկեղեցու՝ աստվածաշնչյան սյուժեներով բարձրաքանդակին ու մտովի տեղափոխվում Հայկական լեռնաշխարհի մեկ այլ՝ Գեղամա ծովակ ու Սևանա կղզի՝ դարձյալ 10-րդ դար։ Հայոց ծովակներից մեկում շինարարություն էր, մյուսում՝ պատերազմ։ Աշոտ Երկաթ արքան Սևանա կղզում էր հանգրվանել, Բշիրի զորքը՝ Սևանի արևմտյան ափին։

Աշոտ Բագրատունին ռազմավարական խորամտության շնորհիվ, ընդամենը 11 նավակով ու փոքրաթիվ զորքով, խայտառակ պարտության մատնեց թշնամու զորքին։ Ռազմական պատմաբան Սուրեն Մարտիկյանը Սևանի լեռնային ծովամարտը մտահղացման առումով համաշխարհային ռազմարվեստի ամենաուշագրավ մարտերից մեկն է համարում:

Մտածում եմ՝  պատմությունը որքա՞ն կշահեր, եթե մեր երկու ազնվազարմ արքաները՝ Աշոտ Բագրատունին ու Գագիկ Արծրունին չպառակտվեին, այլ միասնաբար գործեին։

Զուգահեռներ՝ գիտնական եղբայրների ավանդը

1000 տարվա խորքից հետ վերադառնանք 20-րդ դար ու նորից Վանա լիճ։

Ուղիղ 100 տարի առաջ, ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին պեղումներ կատարեց Աղթամար կղզում և պատմիչների նկարագրություններով վերականգնեց կղզու վրա գտնվող ավերված տաճարի տեսքը, որի միայն հիմքերն էին մնացել։ Իսկ հոյակերտ նավահանգստի, պարիսպների ու հանգստարանների մասին միայն ենթադրություններ արեց, քանի որ բացառիկ հուշարձաններն արդեն հայտնվել էին լճի հատակին և այդ ժամանակ Խորհրդային Միությունում գրեթե անհնար է ծովերի ու լճերի հատակին որևէ բան հետազոտել։

Հովսեփ Օրբելու ուսումնասիրություններից մոտ 3 տասնամյակ անց միայն ավագ եղբայրը՝ Ռուբեն Օրբելին, առաջ քաշեց հիդրոհնագիտությունը որպես գիտության ճյուղ զարգացնելու և ջրասույզ պատմական հուշարձաններն ուսումնասիրելու գաղափարը։

Մտածում եմ՝ հայոց միջնադարյան պատմության ինչպիսի հրաշակերտ կոթողներ դուրս կգային ջրի երես, եթե Հովսեփ և Ռուբեն Օրբելիները հնարավորություն ունենային միասին ուսումնասիրել Վանա լիճի ջրասույզ հուշարձանները։

Եթե ջրի մակարդակը բարձրացած չլիներ և չթաքցներ միջնադարի հայկական կոթողները, դրանցից շատերն այսօր ավերած կլինեին, ինչպես 20-րդ դարասկզբին ավերվեցին շատ հուշարձանների հետ։

Մտածում եմ, եթե մեր հարևանը Թուրքիայի փոխարեն լիներ մեկ այլ՝ ոչ թշնամի պետություն և ուղղակի հարևաններ լինեինք ու միասին հետազոտություններ իրականացնեինք հանուն մեր տարածաշրջանի զարգացման, ապա ամեն ինչ այլ կլիներ։

Back to top button