Ժամանակի վկան

Սփյուռքահայ անխոնջ հայագետն ու վաստակաշատ մանկավարժը․ Հակոբ Չոլաքյան․ «Ժամանակի վկան»

Հակոբ Չոլաքյանը սփյուռքահայ այն սակավաթիվ, եթե չասենք հազվագյուտ հանդիպող մտավորականներից է, ում իրավամբ կարելի է անվանել քայլող հանրագիտարան։
Հայագիտության բազմաթիվ բնագավառներ ուսումնասիրած գիտնականը բոլորեց ծննդյան 75-ամյակը։

Շնորհավորում եմ անխոնջ հայագետին, վաստակաշատ մանկավարժին և, պարզապես, համեստ, բարի մարդուն այդ առթիվ և մաղթում նրան երկար, առողջ ու ստեղծագործական ավյունով լեցուն տարիներ՝ ի շահ հայագիտության մեջ նորանոր ուսումնասիրությունների։

Հակոբ Չոլաքյանի հետ երկու հաղորդմամբ կփորձենք ներկայացնել այն ահռելի գիտական, մանկավարժական, գրական աշխատանքն ու ժառանգությունը, որը նրա մտքի ու տքնանքի արգասիքն է։

Երևանի պետական համալսարանում Հակոբ Չոլաքյանը ուսանեց ընդամենը 3 տարի, բայց գերազանց և ժամկետից շուտ հանձնեց հնգամյա կուրսի բոլոր քննությունները։ Համալսարանական դիպլոմը ձեռքին նա վերադարձավ Այնճար։

1973-1976 թթ․ աշխատեց Այնճարի Հայ ավետարանական և ՀԲԸՄ Բեյրութի Երվանդ Տեմիրճյան վարժարաններում և Ազգային Սուրեն Խանամիրյան քոլեջում։ 1975 թ․ սկսված լիբանանյան պատերազմի պատճառով նա 1976 թ․ տեղափոխվեց Սիրիա։ Հալեպի Քարեն Եփփե ազգային ճեմարանում աշխատանքի անցնելով՝ միաժամանակ դասավանդում էր Հալեպի Մխիթարյան վարժարանում և Մխիթարյան հայագիտական ամբիոնում։ 1996 թվականից դասախոսում է նաև Համազգայինի Հալեպի հայագիտական հաստատությունում։

Հակոբ Չոլաքյանը ընտանիքով գրեթե 2 տարի բնակվեց Քեսապի իր ծննդավայր Գարատուրան գյուղում, իսկ, երբ 2014 թ․ մարտին Թուրքիայի հովանավորած ծայրահեղական խմբավորումները զավթեցին Քեսապը, Չոլաքյանները վերջնականապես հաստատվեցին Երևանում։
Հակոբ Չոլաքյանի գրական ժառանգության առաջնեկը՝ բանաստեղծությունների ժողովածուն, ծնվեց 1970 թվականին։

1969-1970 թվականներին այդպիսի դաշտային բանահավաքչական աշխատանքից հետո դեռևս ուսանող Հակոբը Չոլաքյանն իր հավաքած նյութերը տպագրեց իր ուսուցչապետի՝ Գրիգոր Շահինյանի «Ահեկան» պարբերականում։

Վաստակաշատ մանկավարժի կրթական և մանկավարժական գործունեության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում 1990 թվականից հրատարակվող նրա հեղինակած դպրոցական դասագրքերը, որոնք ավելի քան 3 տասնամյակ կիրառվում են Սփյուռքի հայկական նախակրթական, միջնակարգ և երկրորդական դպրոցներում։

Դրանք են․ յուրաքանչյուրը 6-ական գրքից բաղկացած՝ «Հայերենի դասագիրքս» (1990-1993 թթ․) և «Անդաստան» (2009-2014 թթ․) շարքերը։ Երբեմն լինում է նաև այնպես, որ ուսուցիչները կատարում են աշակերտների հորդորը կամ խորհուրդը։ Անսալով իր աշակերտի խորհրդին՝ Հակոբ Չոլաքյանը ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում պաշտպանեց թեկնածուական թեզը, այդպիսով՝ գիտական մակարդակի վրա դնելով սիրողական հետազոտությունները։

Պատմա-ազգագրական ուսումնասիրությամբ երիտասարդ հետազոտողը վեր հանեց արաբախոս կամ լատինացած հայերի պատմությունը, ազգագրությունը, բազմաթիվ խնդիրները։
2016 թ․ Չոլաքյանը պաշտպանեց նաև դոկտորական թեզը, որը նվիրված էր Քեսապին։ Նա հրավիրվեց աշխատելու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնում, այժմ արդեն՝ որպես գլխավոր գիտաշխատողի պաշտոնով։ 2014 թվականից նա դասավանդում է ԵՊՀ-ում և միաժամանակ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնում։

Ընդամենը 8 տարում՝ 2014-2022 թվականներին, Հակոբ Չոլաքյանը հրատարակեց 16 գիրք։ Իսկ նրա ամբողջ գիտական ժառանգությունը ամփոփված է 60 գրքում, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներում, որոնք վերաբերում են հայագիտության բազմաթիվ բնագավառների (ազգագրություն, լեզվաբանություն, բանագիտություն, բարբառագիտություն, հուշագրություն, մանկավարժություն, պատմագիտություն և այլն)։

Սիրիահայ նոր գաղութն իր տարբեր դրսևորումներով, պատմությամբ, մշակույթով ու կենցաղով, սովորություններով ու հասարակական շերտերով նույնպես դարձավ գիտնականի հետաքրքրության առարկան՝ ընդհուպ մինչև անեկդոտների հավաքում և հրատարկում։

Back to top button