Վերնատուն

Վերականգնողական ոլորտը՝ ճգնաժամի առաջ․ «Վերնատուն»

Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը խոսում է ձեռագրերի վերականգնման ու պահպանման առանձնահատկությունների, ախտորոշման, վերականգնման ու պահպանման փուլերի, վերականգնողի մասնագիտության կարևորության և սոցիալական կարգավիճակի մասին։

Գայանե Էլիազյանը 27 տարի աշխատում է Մատենադարանի վերականգման բաժնում։ Ասում է՝ Մատենադարանի վերականգնման բաժինը գործում է 1957 թվականից, և մենք ունենք շատ մեծ պրակտիկ փորձ, որով հպարտանում ենք։ Խորհրդային տարիներին առաջնորդվել են ռուսական դպրոցի կանոներով, բայց նյութերի պակաս է եղել, քանի որ շատ ձեռագրեր միջնադարից սխալ նորոգումներով են հասել և այսօր դեռեստավրացիայի, այսինքն՝ կրկնանորոգման են ենթարկվում։

Գայանե Էլիազյանն ասում է, որ վերականգնումը մեր ժամանակներում բավականին մեծ թռիչք է ապրում, մոտեցումներն ու նյութերն են փոխվել և վերականգնողների ուշադրությունն ավելի շուտ ուղղված է դեպի պահպանումը։ Կոնսերվացումը ամենակարևոր փուլն է և գիտական մոտեցում է պահանջում։

Կոնսերվացումից և վերականգնումից բացի, միջնադարյան բժշկության բաժնի հետ համագործակցությամբ Վերականգնման բաժնում ստեղծվել են հականեխիչ և հակասնկային բուսական կոմպոզիցիոն նյութեր, որոնք հաջողությամբ կասեցնում են ձեռագրերում ու վավերագիր նյութերում սնկերի աճը։ Վաղուց չեն օգտագործում հականեխիչ և հակասնկային քիմիական նյութեր։

«Ժամանակին ընդառաջ․ վերականգնումը Հայաստանում» սպոնտան ու հանպատրաստից ցուցահանդեսն ուղղված է վերականգնողների սոցալական կարգավիճակի վերանայմանը։

«Մեր՝ վերականգնողների սոցիալական խնդիրները լուծված չեն, և դա շատ վտանգավոր է, ունենք չտեսնված երիտասարդներ, որոնք իրենց տեղերում հետաքրքիր և լուրջ վերականգնումներ են անում, մենք կորցնում ենք նրանց։ Ձեռագիր նորոգելը պատասխանատու գործ է, վերականգնողին միայն 3- 4 տարի հետո կարող ես ձեռագիր վստահել, մարդիկ 10–12 տարի աշխատել են, բայց նրանց սոցիալական խնդիրները լուծված չեն, մեր երիտասարդները հեռանում են։ Վերականգնողական ոլորտը ճգնաժամի առաջ է կանգնած, չի կարելի դրա առաջ աչք փակել։ Մենք անցյալի ու ապագայի միջև կամուրջն ենք ու մշակույթը պահպանողները», – ասում է Գայանե Էլիազյանը։

Back to top button