Մտքի ուժը

Հայկական դեղաբույսերը կբուժե՞ն քաղցկեղն ու շաքարային դիաբետը․ հայ գիտնականների ուսումնասիրում են․ «Մտքի ուժը»

Ի՞նչ կանեիք դուք, եթե իմանայիք, որ կան խոտաբույսեր կամ դեղաբույսեր, որոնք չեք սիրում, բայց դրանք կարող են կանխել քաղցկեղը կամ շաքարային դիաբետը։ Կօգտագործեի՞ք, թե՞ ոչ. մինչ դուք կմտածեք, նույն հարցը տալիս եմ ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի ավագ լաբորանտ Էդիտա Նադիրյանին։   

«Մենք նայում ենք վայրի ավելուկի ազդեցությունը։ Ես ինքս ավելուկ չեմ սիրում, հիմա չեմ էլ օգտագործում։ Բայց գիտեմ, որ օգտակար է, հետագայում միգուցե տարբեր ձևերով օգտագործեմ ուտելիքի մեջ»։   

Հարցը պատահական չէր. հենց այս լաբորատորիայում են ուսումնասիրում ավելի քան 14 դեղաբույսեր, որոնք հայտնի են ավանդական բժշկության մեջ։ ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի գիտաշխատող Միքայել Գինովյանին տավուշյան բուսական աշխարհը գրավել է դեռ մանկուց։ Բայց մանկության տարիներին նրան նաև բժշկությունն էր գրավում։ Բժիշկ չդարձավ, բայց ոլորտից շատ չհեռացավ։ Բույսերը հենց Միքայելն է հավաքում․  

«Բույսերի հավաքագրումը, ընտրությունը ես եմ անում։ Նախկինում հակամանրէային հատկություններն էինք ուսումնասիրում։ Հայկական բուսական աշխարհը մեծ ներուժ ունի, շատ բազմազան է։ Հետո արդեն սկսեցինք դիտարկել նաև այդ բույսերի հակաքաղցկեղային հատկությունները»։

Միջազգային հեղինակավոր ամսագրում տպագրված հոդված արդեն ունեն։ Նիկոլայ Ավթանդիլյանն ասում է, որ տվյալ լաբորատորիան, որը սկսեց հակաքաղցկեղային  ուսումնասիրություններով, կարողացավ նաև մեկ այլ ախտաբանական իրավիճակի՝ շաքարախտի ուղղութամբ նույնպես հետազոտական աշխատանք իրականացնել։ Բացի այդ, դրանց բաղադիչներն արդեն իսկ առանձին անջատված վիճակում  կիրառվում են տարբեր ախտաբանությունների ժամանակ․

2020 թվականին գիտության կոմիտեի գիտական խմբերի մեկնարկի ու լաբորատորիաների ստեղծման դրամաշնորհի շրջանակում նախ փորձարարական ախտաբանության և կիրառական կենսաքիմիայի գիտահետազոտական խումբը ստեղծվեց։ Իսկ արդեն այս տարվա հունվարից ԵՊՀ կենսաբանություն գիատհետազոտական ինստիտուտի կենսաքիմիայի լաբորատորիայի հետ միացման արդյունքում, ստեղծեց այս լաբորատորիան, որտեղ մի քանի խմբեր են գործում։          

Փորձարկումները կատարում են առնետների վրա։ Տվյալ օբյեկտի ընտրությունն ավելի հեշտացրել է աշխատանքը։ Գիտնականներն ասում են, որ նրանց մոտ ստացվող կրծքագեղձի քաղցկեղը նման է մարդու կրծքագեղձի քաղցկեղին։ Ընտրվում են նաև ճագարները։ Սակայն գիտափորձերի համար ավելի շատ կենդանիներ են պետք։ Ուստի ընտրում են առնետներին։ Ճիշտ արդյունք ստանալու համար առանցքայինը 13-րդ, 16-րդ, 20-րդ ու 24 -րդ շաբաթներն են։  

Գիտական այս լաբորատորիայում փորձում են կրծքագեղձի քաղցկեղի բուժման առավել արդյունավետ մեթոդ գտնել՝ համակցելով քիմիաթերապիան ու ֆիտոթերապիան։ Մասնագետներն ասում են՝ ժամանակակից փորձը հուշում է, որ համակցումներն առավել արդյունավետ են։ Վերջին տարիներին Հայաստանում չարորակ նորագոյացությունների 8 տեսակները կազմում են կյանքում առաջին անգամ ախտորոշված չարորակ նորագոյացությունների մոտ 50%-ը:

Քաղցկեղի բուժման հիմնական եղանակներից մեկը քիմաթերապիան է, սակայն, հետազոտությունները փաստում են, որ թույլ իմունիտետ և բորբոքային պրոցեսներ ունեցողների օրգանիզմն անկայուն է քիմիաթերապիայի դեմ։ Հենց այս պատճառով էլ հայ գիտնականները փորձում են համակցել քիմիաթերապիան ու ֆիտոթերապիան՝ ծածկելով կողմնակի ազդեցությունները և խթանելով իմունային համակարգը։   

ԵՊՀ  հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում կարևորոմ են հատկապես կանխարգելիչ միջոցառումները. Նիկոլայ Ավթանդիլյանն ասում է, որ քաղցկեղի առաջացման պատճառները տարբեր են՝ կենցաղային նյութերից մինչև աղտոտված շրջակա միջավայր ու ոչ միայն։  

Լաբորատորիայի համար 14 սարք են գնել, որոնք նվազագույն սարքավորումներն են   անհրաժեշտ բջջային կուլտուրաների հետ աշխատելու համար։ ԵՊՀ  հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում վստահ են՝ եթե դրամաշնորհները  չլինեն, հետազոտություններ չեն կարողանա իրականացնել՝ ծախսերն են շատ։ Գիտական խումբն այս տարի ընդլայնվել է՝ հինգ անդամի փոխարեն այժմ յոթն են գիտությամբ զբաղվում։ Գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհը երեք տարվա համար 55 մլն դրամ է կազմում։

Back to top button