ԿարևորՀասարակություն

Հայաստանում կրճատվել է դիաբետից մահացությունը․ կառավարությունն ընդլայնում է անվճար դեղերի ցանկը

ՀՀ առողջապահության նախարարության դեղապահովման ծրագրի շրջանակում 2022 թվականին արդեն շուրջ 171 հազար շահառու տարբեր հիվանդությունների գծով անվճար դեղորայքէ ստացել: Դեղերն տրամադրվում են 12 հիվանդությունների դեպքում։ Ամենամեծ խումբը կազմել են շաքարային և ոչ շաքարային դիաբետ ունեցողները: Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ  տարեցտարի ոչ միայն դեղերի քանակական, այլև որակական բարելավում կա։ Դրա ապացույցը  նաև բուժառուների կյանքի որակի բարելավումն է, ասել է առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետը։

Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների դեղապահովումը 100 տոկոսով կատարում է պետությունը։ Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը հավատացնում է, որ դրա շնորհիվ երկրում կրճատվել է դիաբետից մահացությունը։

«2010 թվականին ընդհանուր մահացության մեջ շաքարային դիաբետից մահացությունը եղել է 6 տոկոս, 2021-ին այն դարձել է 1,1 տոկոս։ Սա դեղապահովման բարձր մակարդակի արդյունք է»։

Մասնագետը տեղեկացնում է, որ նախարարության կողմից 2022 թվականին անվճար կարգով դեղապահովում իրականացվել է 12 հիվանդությունների դեպքում, որոնցից 10-ի հատկացումն իրականացվել է 100 տոկոսով, իսկ մյուս երկուսինը՝ 85։

«Անվճար դեղապահովման շահառուները կազմում են շուրջ 171 հազար, և շահառուների ամենամեծ տոկոսը կազմում են դիաբետով հիվանդները։ Մյուս հիվանդություններն են հոգեկան հիվանդությունները, չարորակ նորագոյացություները և այլն»։

Էպիլեպսիա և քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող պացիենտներին դեղորայքը 85 տոկոսով է հատկացվում։ 2023-24 թվականներին ծրագրում են այս հիվանդությունների դեղապահովումը նույնպես դարձնել 100 տոկոս։

«Տարեց տարի քանակային ավելացումներ ունենք։ Երբ համեմատում ենք նախորդ տարիների հետ, ոչ թե 85 տոկոս է մեր ապահովման մակարդակը, այլ սկսվել է 30 տոկոսից։  Դրա համար 85 տոկոսը մեզ համար մեծ ձեռքբերում է։ Համոզված եմ՝ 23-24 թվականին մենք այդ ցուցանիշը ամբողջությամբ կբարձրացնենք»։

Արտահիվանդանոցային պայմաններում քրոնիկ հիվանդություններով տառապող հիվանդների դեղորայքային ապահովումը ամենացավոտ հարցերից մեկն է, նկատում է «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանը։

«Իրականում, եթե մենք ասում ենք 100 տոկոս ծածկույթի ապահովում, մի փոքր չափազանցված է։ Բավական քանակի մարդիկ նույն շաքարային դիաբետով իրենց անձնական գրպանի գումարով, կամ տարբեր մեթոդներով իրենց բժիշկների նշանակած այլ հակադիաբետիկ դեղեր են կիրառում, որոնք կարող են և չլինել և լինել կենտրոնական գնումով ձեռք բերված դեղերի ցանկում»։ 

Զրուցակիցս նաև նկատում է, որ ժամանակ առ ժամանակ տարբեր խնդիրներով պայմանավորված նաև ուշացումներ են լինում, ու քանի որ քրոնիկ հիվանդը չի կարող սպասել, ստիպված ինքն է դեղորայքը ձեռք բերում։

Դեղորայքային անհրաժեշտ քանակություն գուցե կա, բայց հատկապես տարեվերջին այդ պաշարները սկսում են սպառվել կամ արդեն սպառված են լինում, նկատում է ՀՀ միջազգային դեղարտադրողների ասոցիացիայի նախագահ Սամվել Զաքարյանը։ Նա կարծում է, որ խնդիրներ հենց այդ ժամանակ կարող են առաջանալ, սակայն ժամանակավոր։

«Հիմանականում դա  դեկտեմբեր ամսին է լինում, քանի որ հունվար-փետրվարին արդեն կներմուծեն  հիմնական մեծ չափաբաժիններով և ներմուծողները տարվա ընթացքում որոշակի հաշվարկներ ունեն, թե որքան է պետք ամբողջ տարվա համար։  Ինքներդ եք հասկանում՝ ամեն մի ներմուծող որոշակի հաշվարկ ունի, թե որքան կարող է վաճառել։ Ըստ դրա էլ մեծաքանակ խմբաքանակով են գնում, որպեսզի ավելի էժան կարողանան ձեռք բերել և մատակարարել Հայաստանին»։

Նախարարության ներկայացուցիչը չի ժխտում, որ դեղապահովման անընդհատությունը ժամանակ առ ժամանակ խախտվել է և դժգոհությունների առիթ դարձել ։ Այժմ նաև դա են փորձում բացառել։  Նախարարությունը դեղերը ձեռք է բերում արդեն ոչ թե 12, այլ 15 ամսվա համար, որ խնդիրներ չառաջանան:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Մարինե Հարությունյանը նշում է, որ 2023 թվականին նախատեսում են ընդլայնել դեղերի անվանացանկը: Տարբերությունը կերևա թե դեղերի քանակի, թե որակի առումով: Նա չի բացառում նաև ավելացումները դեղերի անվճար տրամադրման ծրագրի հիվանդությունների ցանկում:

Back to top button