Հասարակություն

Համայնքները խոշորացել են, բնակիչները՝ նվազել. հետազոտություն

Համայնքների խոշորացումը վարչատարածքային նոր միավորներձևավորելու հետ նաև բազմաթիվ խնդիրներ էառաջ բերել: Սոցիալ-տնտեսական նոր կարգավիճակից բացի, համայնքներում փոխվել է բնակչության թիվն ու սեռատարիքային կազմը: «Կոմպաս» կրթահետազոտական կենտրոնը վերջին տարիների վարչատարածքային փոփոխությունների արդյունքները վերլուծել ու պարզել է, որ 1-ին խոշորացումներից հետո համայնքներում նկատվել է բնակչության թվի նվազում: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Լոռու մարզում:

Խոշորացված համայնքների մեջ միավորված բնակավայրերում մինչ օրս էլ դժգոհություններ կան: Խոշորացման գործընթացի բացասական ազդեցությունը մարդիկ իրենց մաշկի վրա են զգում։ Թումանյան խոշորացված համայնքի Աթան բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Քոչարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ սկզբում սարեր էին խոստանում, հիմա ոչ ոք չի հիշում խոստումների մասին: Անգամ համայնքի բնակավայրերն իրար կապող Մ6-Աթան ճանապարհի նորոգման ճակատագիրն է անհայտ:

Աշխատանք չկա, մարդիկ ապրուստի միջոց չունեն: Անասնապահությունն ու հողագործությունն էլ ոչ միշտ են բավարար եկամուտ ապահովում: 80 տնտեսություն ունեցող Աթանից ամեն մեկի գնալն էլ ցավոտ է: 270 բնակչից 200-ն են մնացել:

Աթանի վարչական ղեկավար Տիգրան Քոչարյան․«Ճանապարհը մի կողմ, ցավոտ խնդիրը  այն է, որ գյուղի աղջիկը էս տանջանքը տեսնելով, այստեղ չի ամուսնանում, գյուղ էլ հարս չեն գնում: Գյուղում 30 տղա կա: Քչացել են մարդիկ, հիմա ջահելների մեծամասնությունը էլ գյուղերում չեն մնում, դպրոցը վերջացնում են ու գործ լինի, չլինի գնում են քաղաք»:

2016-ին խոշորացված Թումանյան համայնքի մեջ մտան Մարց, Աթան, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Քարինջ գյուղերը, 2021թ.-ին՝ նաև Չկալով և Քոբայր բնակավայրերը: Ամասիան նույնպես 2021-ին կրկնախոշորացվեց՝ միավորվելով Արփի համայնքի հետ: «Կոմպաս» հետազոտական կենտրոնը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է Ամասիա և Թումանյան համայնքների խոշորացման գործընթացի վերլուծություն՝ պարզելու խոշորացված համայնքների սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։

Ինչպես նկատում են հետազոտության հեղինակները, խոշորացումը՝ որպես բարեփոխում, դրական ազդեցություն չի ունեցել 2 համայնքների դեմոգրաֆիկ պատկերի վրա։ Ազգագրագետ, հետազոտող Արտաշես Բոյաջյանը թվեր է հրապարակում ու դժվարանում է ասել՝ արդյո՞ք խոշորացումն է համայնքներում բնակչության թվի նվազման պատճառը, թե՞ ոչ: Մինչև խոշորացումը՝ 1996-2015թթ․-ին, Թումանյանի բնակչության թիվը նվազելէ 1251-ով, 2015-2021թթ-ին՝ 402-ով կամ տարեկան միջինը՝ 1,5%-ով։ Ամասիա համայնքում խոշորացումից հետո բնակչության թիվը պակասել է 1244-ով կամ տարեկան միջինը 3,8%-ով: Ընդհանրացնում է՝ Ամասիա խոշորացված համայնքի այժմյան տարածքում 1996-2021թթ․-ին բնակչության թիվը նվազել է 37,5 , Թումանյան խոշորացվածում՝ 28,6%-ով։

Ազգագրագետ, հետազոտող Արտաշես Բոյաջյան․«Համայնքների խոշորացումից հետո  գրանցվել է բնակչության թվի շեշտակի անկում: Շատ դժվար է ասել՝ խոշորացո՞ւմն է պատճառը բնակչության նվազման, թե՞ ոչ: Ուզում ենք արձանագրել, որ համայնքների խոշորացմանայդ սկզբունքը, որը պիտի նպաստեր բնակչության թվի ավելացմանը, չի պահպանվել»:  

«2 խոշորացված համայնքներն էլ հայտնվել են ժողովրդագրական «փոսում» »,-ասում է Արտաշես Բոյաջյանը: 2020-ից նման իրավիճակ է նաև ողջ հանրապետությունում՝ բացառությամբ մայրաքաղաք Երևանի ու Գեղարքունիքի մարզի:  Խոշորացված 2 համայնքներն էլ համարվում են ծերացող, որովհետև  ամուսնական տարիքի երիտասարդների թիվը գնալով պակասում է: Բնակչության թվի նվազմանը նպաստել է նաև կորոնավարակը: Ամասիայում 1990թ.-ի համեմատ 2020թ.-ին ծնելիությունը նվազել է 6.3, Թումանյանում՝ 7,5 անգամ։ Բնական աճի ցուցանիշը 2 համայնքներում նվազել է ավելի քան 10 անգամ։ Վերջին 5 տարում բնակչության բնական աճի խիստ նվազման միտումները, որոնք կապված են ոչ միայն միգրացիայի և ծնելիության նվազման, այլև՝ համայնքների միավորման բացասական ազդեցության հետ, անհանգստացնող են, թեև այս պնդումը լրացուցիչ ուսումնասիրության և ճշգրտման կարիք ունի,- Բոյաջյանն է ասում։

Ահնիձորից Հայկ Մաթևոսյանը դրական է գնահատում խոշորացման ազդեցությունը: Առաջ, ասում է, գյուղի բյուջեն միայն գյուղապետարանի աշխատակազմին էր բավարարում, հիմա իրավիճակը փոխվել է: Չի ժխտում՝ խոշորացմանը զուգահեռ, բնակչության թիվը պակասել է, բայց երևույթը միայն խոշորացման հետ կապելն էլ ճիշտ չի համարում: Բոլոր ռեսուրսները կենտրոնացված են մայրաքաղաքում: Գյուղերում  ոչինչ չի արվել աշխատատեղեր բացելու ուղղությամբ: Ամենալուրջը ճանապարհի հարցն է։

Ահնիձորի բնակիչ Հայկ Մաթևոսյան․ «Այն, որ Ահնիձորից, Մոտկորի տարածաշրջանից մարդիկ հեռանում են, փաստ է: Խոշորացումից հետո, ըստ էության, մեր գյուղերի բնակչությունը պակասել է, բայց ես չեմ կարող դա կապել խոշորացման հետ:  Ամենաառաջնայինն ու կարևորը ճանապարհների հարցն  է, որ մինչ էսօր չի լուծվել էդքան  մեր խնդրանքներից, հորդորներից հետո, և եթե ճանապարհների հարցը մի քանի տարի էլ ձգձգվի, այ դրա հետևանքով լինելու է նոր արտագաղթ»:

Ուսումնասիրվել են տեղական բյուջեները, գնահատվել զարգացման ծրագրերի արդյունավետությունն ու սոցիալ-տնտեսական իրավիճակը: Հարցումների արդյունքներով դասակարգվել են 2 համայքների կարևորագույն խնդիրները՝գործազրկություն,  աղբահանություն,  ճանապարհների բարեկարգում,  լուսավորություն,  արտագաղթ,  շրջակա միջավայրի պահպանություն, երիտասարդների զբաղվածության ապահովում ու սոցիալական խնդիրներ,- «Կոմպաս»-ի ղեկավար Ղարիբ Հարությունյանն է ասում: Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանն ասում է՝ համայնքներ- կառավարություն համաֆինանսավորմամբ խմելու ջրագծերի նորոգման  մեծ ծրագրեր են նախատեսված Լոռում: Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն է շարունակում՝ իրենք ևս սկսել են կարևոր ենթակառուցվածքներից։

Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան․ «Ոռոգման ցանցերը կառուցվել են 1970-ական թվականներին և հիմնականում շարքից դուրս են եկել: Հիմա մեր համայնքի ու սոցհիմնադրամի միջոցներով ոռոգման ցանցի վերանորոգման բավական մեծ ծրագիր ունենք՝ մոտ 360 մլն դրամի: Ամասիան ոռոգման ցանց չի ունեցել և այս ծրագրով կունենա: Ընդամենը համայնքի կողմից եղել է 10 % ներդրում»:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը համաձայն է հետազոտության արդյունքների հետ: Ասում է բաց կառավարման գործընկերության շրջանակում նախաձեռնություն ունեն՝ ուղղված տեղական բյուջեի կառավարման հարցում բնակչության մասնակցության ներգրավմանը

Աշոտ Գիլոյան․«Մենք հարուստ համայնքներին պիլոտ ենք առաջարկել, դա նաև բաց կառավարման գործընկերության պարտավորություն է, որ վերցրել ենք:  2 տարի  է՝ այդ մեթոդաբանությունը տանք համայնքներին, պիլոտ անենք, որ համայնքը բյուջեով  ինչ որ իքս գումար նախատեսի, նաև ծրագրային ապահովումը համայնքային կայքերի հնարավորություն է տալիս, որ բնակիչը մասնակից դառնա, գնահատի ծրագրերը»:

Հետազոտության հեղինակները նաև առաջարկներ ունեն համայնքների պատասխանատուներին՝ զարգացնել համայնքներում երիտասարդների ներուժը՝ սոցիալ-տնտեսականխնդիրները մեղմելու նպատակով: Համայնքային բյուջեի միջոցներով՝երիտասարդներին տալ բիզնես հմտություններ և խթանել բիզնես նախաձեռնությունները: Այս քայլը կնպաստի ոչ միայն ներքին միգրացիոն հոսքերի կրճատմանը, այլև՝ ներգաղթին: Կապիտալ ներդրումներ ներգրավել տնտեսության 3 սեգմենտում՝զբոսաշրջություն, անասնապահություն և շինանյութերի արդյունաբերություն։ Ամասիա խոշորացված համայնքին ևս տալ քաղաքի կարգավիճակ՝ դեմոգրաֆիկ իրավիճակի կարգավորելու նպատակով: Ինչ վերաբերում է համայնքի կառավարման հարցում բնակչության մասնակցայնությանը, որ բոլոր համայնքների ցավոտ խնդիրն է, առաջարկվում է մշակել մեխանիզմներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

Back to top button