ԿարևորՀասարակություն

Գաղտնալսում, արտաքին դիտում․ ո՞ւմ են հաշվետու օպերատիվ հետախույզները

Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու նկատմամբ վերահսկողության անհրաժեշտության և համաչափության հարցը ժողովրդավարական երկրներում անհրաժեշտ է։ Փորձագետները պնդում են, որ ՀՀ-ում մարդիկ հաճախ չգիտեն, որ իրենց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են, կամ  իրենց  նկատմամբ օպերատիվ այլ միջոցներ են կիրառվել, ինչը մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է։ Նրանք օրենսդրական փոփոխությունների ու հաշվետվողականության մեխանիզմի գործարկման անհրաժեշտություն են տեսնում։

Ցանկացած երկրում  հանցավորության դեմ պայքարելու համար գաղտնի միջոցների օգտագործման գործիքակազմ է անհրաժեշտ։ Դա չի վիճարկում նաև ՄԻԵԴ-ը։  Սակայն հաշվի առնելով խիստ միջամտող  բնույթը մարդու մասնավոր կյանքին, դրանց կիրառումը պետք է լինի անհրաժեշտ և համաչափ ժողովրդավարական հասարակություններում, կարծում են  փորձագետները։  Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանի կարծիքով այս հարցում ունենք ինչպես օրենսդրական այնպես էլ իրավակիրառ խնդիրներ։ Առանց օրենսդրական բավարար հիմքերի գաղտնալսումներին հակակշռելու միջոցներ են անհրաժեշտ, որ ապօրինի միջամտություններ չլինեն։

«Հիմնական շեշտադրումները, եթե կատարենք հեռախոսային խոսակցությունների և  փոստային հեռագրական հաղորդումների նկատմամբ միջամտությանը, ապա  սա չափազանց մութ անկյուն է, որպեսզի մենք կարողանանք բոլոր կողմերը վերահսկողության տեսանկյունից ապահովել։ Հիմնականում խնդիրն առնչվում է հետախուզական կամ անվտանգային ծառայությունների կողմից իրականացվող խնդիրներին, որովհետև չի բացառվում, որ իրենք իրենց գործառույթներին զուգահեռ իրականացնեն նաև ներքաղաքական կյանքի միջամտությանը վերաբերող իրենց վերապահված «լիազորություններ», որոնց շրջանակներում մասնավոր կյանքի միջամտությունը կարող է տուժել»։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների հետ կապված այդ խնդիրը առկա է շատ երկրներում, ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նա նշում է, որ նախկինում հետախուզական միջոցառումների թույլտվությունը տալիս էին դատախազները և հիմա էլ չպետք է ձեռնպահ մնան այդ վերահսկողությունից։

Գաղտնալսումները, օպերատիվ հետախուզությունը հնարավորություն չեն տալիս երաշխավորելու մարդու իրավունքները։ Հարցը ոչ այնքան օրենսդրական է, որքան հաշվետվական՝ ասում է փորձագետը ։

Այն մարմինները, որոնք գաղտնալսումներ իրականացնելու իրավասություն ունեն, պետք է նաև հաշվետու լինեն։ 

«Օրինակ, եթե նմանատիպ տեղեկություն լինի, որ օրինակ՝ անվտանգության մարմինները գաղտնալսել են ինչ-որ մեկին, առանց օրինական հիմքի, համապատասխանաբար, նրա հաշվետվությունների շրջանակներում պառլամենտական վերահսկողության շրջանակներում հնարավորություն լինի հարց բարձրացնել դրա իրավաչափության, օրինաչափության կամ խախտման վերաբերյալ։ Մեզ մոտ այդ պրակտիկան չկա, ուստի օրենսդրական կարգավորումները միայն իրենցով ի զորու չեն կանխել այն իրավիճակները, որոնց մենք ականատես ենք եղել»։

Նման իրավիճակի ամենահիշվող օրինակը ՀՀ վարչապետի ու ԱԱԾ ղեկավարի խոսակցության գաղտնալսումն էր։ Քրեական գործ հարուցվեց, բայց իրավական հետևանքներ մինչ օրս չկան։

Back to top button