ԿարևորՀասարակություն

«Տարհանում»՝ խրախուսանքի փոխարեն․ հնագետները դեմ են այլ շենք տեղափոխվելու առաջարկին

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում քաղաքի կենտրոնից՝ Չարենցի փողոցից տեղափոխվելու առաջարկն աբսուրդ են համարում։ Անսպասելի էր Պետգույքի կառավարման կոմիտեից նման առաջարկ ստանալը, «Ռադիոլուրին» ասել է ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Ըստ նրա՝ այդ տեղափոխությունը կամ ինչպես ինքն է ձևակերեպել՝ տարհանումը, կործանիչ կդառնա ինստիտուտի համար։ Պետական գույքի կառավարման կոմիտեն մոտ մեկ ամիս առաջ էր առաջարկել տեղափոխել ինստիտուտը։ Կոմիտեն դրա համար իր պատճառներն ու բացատրությունն ունի։ Այնտեղ զարմանում են, թե ինչու է իրենց առաջարկը ներքին քննարկման սահմաններից դուրս եկել և հանրային աղմուկ առաջացրել։

«Երբ մեզ քաղաքի կենտրոնից տանում են հեռու և տրամադրում են գործարան, որտեղ մենք պետք է աշխատենք, դա բացառվում է։ Դա նշանակում է՝ ինստիտուտի ուղղակի ոչնչացում»։

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Չարենցի 15 հասցեից Ներսիսյան 25 տեղափոխելու Պետգույքի կառավարման կոմիտեի առաջարկը ինստիտուտի աշխատակիցների համար ոչ միայն անսպասելի է եղել, այլև տարօրինակ։ Տարածքի ընդլայնման կարիք, այո ունեն, բայց ոչ ի հաշիվ եղածը փոխելու՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։

«ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը շատ արդյունավետ աշխատող կառույց է, որը գիտական մեծ արտադրանք է տալիս։ Եվ մենք ավելի շատ կսպասեինք խրախուսում , քան տարածքի զավթում։ Մեր ինստիտուտը լուրջ արտադրանք է տալիս, որը չափելի է ներկայացված գործունեությամբ, աշխարհի ամենաբարձր ազդեցության գործակիցներ ունեցող հանդեսներում իրականացվող հրապարակումներով, հասարակական կարծիքի ձևավորման իր ունեցած դերակատարությամբ, ներդրումային մեծ հնարավորություններով»։

Ինստիտուտի ղեկավարությունը տեղափոխվելու առաջարկը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։

Դրանից հետո ինստիտուտում գիտական խորհրդի ընդլայնված նիստ են հրավիրել, միաձայն ու կտրականապես դեմ են արտահայտվել կոմիտեի առաջարկին։

«Ինստիտուտը երկու մասից է բաղկացած։ Մենք ունենք հիմնական շենք և ունենք լաբորատոր հատված՝ բավականին վատ վիճակում։ Աղետալի վիճակում է գտնվում։ Եթե մենք կարողանայինք այդ տարածքը ինչ որ կերպ վերանորոգել,  կամ նոր շինություն լիներ այդ տարածում, մեզ ամբողջովին կբավարարեր եղած տարածքը։ Կամ, եթե մեզ առաջարկվեր մեկ այլ հավելյալ տարածք մեկ այլ տեղում, և դա համապատասխաներ մեր այսօրվա  գիտական չափանիշներին, մենք դա էլ կմտածեինք»։

Շինությունը, որն առաջարկվել է գիտնականներին,  ոչ թե առաջընթաց է խոստանում, այլ հետընթաց, վրդովվում է Արսեն Բոբոխյանը։ Ավելին՝ այդ , իր խոսքով՝ «տեղահանույթունը» 1-2 օրվա հարց չէ, տարիներ են պահանջվելու։ Այդ ընթացքում նաև շատ կորուստներ են լինելու՝ ժամանակի, մարդկային ռեսուրսի, համոզված է ինստիտուտի տնօրենը։ 

Գիտնականների դժգոհությունը մինչև ԿԳՄՍ նախարարություն է հասել։ Փոխնախարար Կարեն Թռչունյանը կարծում է, որ գիտական կազմակերպությունները չեն կարող պարզապես տեղափոխվել առանց հիմնավորման։ Ըստ նրա՝ պետք է ուսումնասիրել տեղափոխման պատճառները, ծանր ու թեթև անել արդյունավետությունը, ապա նոր կոնկրետ քայլերի դիմել։

«Գիտական կազմակերպությունը առանց այդ էլ քիչ տարածք ունի, անընդհատ խնդիրներ են ունենում տարածքները ընդլայնելու։  Այնպես չէ, որ ազատ տարածքում են իրենք գտնվում և չգիտեն ինչ անել։ Եվ գիտենք, որ դա լավագույն ինստիտուտներից մեկն է, որն ունի բազմաթիվ տպագրություններ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում և շատ լավ գիտնականներ։ Կարծում եմ՝ մեր դիտարկումներից հետո մի փոքր կարող է փոխվել տեսակետը»։ 

Պետգույքի կառավարման կոմիտեի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ առայժմ որևէ որոշում չկա, ներքին առաջարկ է եղել՝ գույքի արդյունավետ կառավարման նպատակով։

«Պետգույքի կառավարման կոմիտեն ներկայումս որդեգրել է մի քաղաքականություն, որով փորձում է ամեն  ինչ անել, որ ժամանակի ընթացքում հնարավորության դեպքում չլինեն այնպիսի պետական հաստատություններ, որոնք կզբաղեցնեն վարձակալած տարածքներ։ Ցավոք ներկայում կան այդպիսի կառույցներ, և պետգույքի կոմիտեն  տարբեր նախագծեր է շրջանառում, որպեսզի հնարավորինս այդ վարձակալություն երևույթը չլինի , երբ պետությունն ինքը ունի բազմաթիվ տարածքներ։ Այդպիսի մի օրինակ է Հաշվեքննիչ պալատի օրինակը»։

Գեղամ Ասատրյանի փոխանցմամբ՝ Հաշվեքննիչ պալատն այժմ  Վարդանանց փողոցում տարեկան 40 միլիոն դրամով տարածք է վարձակալում, և այդ ավելորդ ծախսը կրճատելու համար են որոշել Հնագիտության և ազգագրության ինստիտուտը պետական մեկ այլ շենք տեղափոխել:

«Կարծում եմ այդ 40 մլն դրամը, եթե պետգույքի կառավարման կոմիտեի այս կամ այն առաջարկության արդյունքում կարողանանք խնայել, դա կլինի և մեր, և ձեր, և առհասարակ պետության ու ԳԱԱ ինստիտուտների ձեռքբերումը»։

Պետգույքի կառավարման կոմիտեում հույս ունեին, որ կողմերը կսահմանափակվեին ներքին քննարկումներով։ Որքան Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համար կոմիտեի առաջարկն է անսպասելի եղել, այնքան էլ այդ առաջարկի ստեղծած աղմուկն է անսպասելի եղել կոմիտեի համար ։ Այնտեղ դեռ հուսով են, որ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից ու փոխադարձ առաջարկներից հետո ի վերջո ընդհանուր հայտարարի կգան։

Back to top button