ԿարևորՀասարակություն

Շենքը հանձնել ժամանակին ու ամբողջությամբ․ նոր պահանջներ շինարարներին

Կառավարությունը խստացնում է պետական մարմինների կողմից շինարարական աշխատանքների գնման պատվերի ընթացակարգը։ Առաջարկվող փոփոխություններով՝ պատվիրատուն կապալառուից պահանջելու է ժամանակին ավարտել շինարարությունը, դրանք կիսատ չթողնել, պահպանել անվտանգության նորմերը։ Նախագիծը լուծում է պետություն–մասնավոր հատվածում ունեցած խնդիրները, մասնավոր հատվածում նույնպես խնդրահարույց է նորմը։ Ուստի առաջիկայում փոփոխություններ են նախատեսում  նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում՝  նույն պահանջները  ընդհանրացնելով նաև մասնավորի համար։

Հայաստանի տնտեսության կառուցվածքում շինարարության ոլորտը առաջատարներից է։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին շինարարության ծավալը կազմել է 300 մլրդ 215 մլն դրամ: 9 ամսում այն աճել է 14.3 տոկոսով: Դրա 42 տոկոսը Երևանին է բաժին ընկնում։ Մայրաքաղաքին հաջորդում են Կոտայքի և Սյունիքի մարզերը։  Բայց միշտ չէ, որ շինարարությունը ավարտին է հասցվում։ Օրինակ՝  մայրաքաղաքի կենտրոնը  չավարտված շինհրապարակ է  հիշեցնում։ Նորակառույց բազմաթիվ շենք–շինություններ տարիներ շարունակ կիսատ են մնում։ Կառավարությունում կարծում են, որ ոլորտի կարգավորումները խիստ չեն։ Բայց այս պահին խստացումները սկսում են պետական գնումների միջոցով իրականացվող աշխատանքներից։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան․

«Այսուհետ պետական մարմինը շինարարական աշխատանքի պատվեր կտա, իր գնման պայմանագրում կնախատեսի նաև պատասխանատվության միջոցներ այդ կանոնների պահպանության համար, կախված այդ կանոնները խախտելու նշանակությունից, դրանք խախտելու բարդության հետևանքից, կամ ծանրությունից, կնախատեսի համապատասխան միջոցներ՝  կասեցում, ֆինանսական տույժ կամ տուգանք»։ 

Ֆինանսների նախարարն ասում է, որ դա ամբողջական կարգավորում չէ։ Նախագիծը լուծում է պետություն–մասնավոր հատվածում ունեցած խնդիրները, մասնավոր հատվածում նույնպես խնդրահարույց է նորմը։ Ուստի «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ են նախատեսում՝  նույն պահանջները  ընդհանրացնելով նաև մասնավորի դեպքում։  Խնդիրն ավելի սուր է դիտարկում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ Նա ընդգծում է, որ գործող օրենսդրությամբ շինարարական նորմերը խախտելու համար կիրառվող տուգանքները  քիչ են՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով․

«Դա ստեղծում է այն վիճակը, որ երբ պետք է շինհրապարակը կարգի բերեն, դրա վրա պետք է գումար ծախսեն։ Շատ դեպքերում դա չեն անում։ Փոխարենը վճարում  են տուգանքները։ Կրկնակի  դեպքում այս պահին նման խիստ պատիժ չի ենթադրվում»։

Վարչապետն արձանագրում է՝ կարգավորումներն արվում են, որ  շինհրապարակներում պահպանվեն  աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերը։ Շինարարության ծավալներն ավելանում են,  մյուս կողմից էլ  փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրում Երևանում:

«Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում, մենք պետք է այս հարցում հետևողական լինենք։ Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է։ ԴՆԹ, իհարկե, փոխաբերական իմաստով, այդ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական ու մեծ, տեսանելի հետևանքների են բերում: Ես կարծում եմ, որ մենք մեր երկրում բոլոր մակարդակներում պետք է ստանդարտներ սահմանենք ու հետևողական լինենք այս ստանդարտների իրականացման առումով»։

Ծանր մետաղներն ու փոշին Երևանի օդի անբաժան մասն են արդեն  երկար տարիներ։ Սա փաստում են նաև գիտական հետազոտությունները։

ԳԱԱ էկոլոգանոոսֆերային կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյան․

«Երևանում ունենք լայն սպեկտրի աղտոտիչներ՝ առաջին հերթին փոշի։ Փոշին հանդիսանում է ինքն իրենով աղտոտիչ՝ կախված մասնիկներից նաև նրա ազդեցությունն է փոխվում, նաև աղտոտիչների կրող է՝ ծանր մետաղները ասոցացվում են փոշու հետ ու երկար տարածքներ տեղափոխվում են, մտնում են մեր բնակարանները»։

Մասնագետը փաստում է՝ աղտոտման աղբյուրների  շրջանակը լայն է։ Փոշուց բացի, նաև ծանր մետաղներն են Երևանի մթնոլորտում շատ։ Հատկանշական է, որ ծանր մետաղները բնական ծագում չունեն, ինչպես հանքալեռնային բնակավայրերում։ Մայրաքաղաքում դրանք արդյունաբերական են, ժամանակակից աղտոտման հետևանք։

Back to top button