Մշակույթ

Կազանում ներկայացվել է համաշխարհային ժառանգության պահպանության հայկական փորձը

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին (դեկտեմբերի 4-9-ը):

Հնգօրյա միջոցառմանը ներկայացել են պատվիրակություններ ավելի քան 30 երկրից: Հայկական կողմից համաժողովին մասնակցում են ԿԳՄՍ և Շրջակա միջավայրի նախարարությունների, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ու Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները:

Հայաստանը նախապատրաստել է երկու զեկուցում Մետաքսի մեծ ճանապարհին միջնադարյան Հայաստանի դերի և պատմահնագիտական ժառանգության պահպանության ոլորտում ունեցած փորձի մասին:

Այցի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է նաև Կազանի ժողովուրդների բարեկամության տան հայկական կենտրոնի ղեկավարությանը և ծանոթացել գործունեությանը: Թաթարստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են երկու երկրների հաջող փորձը և համագործակցության հեռանկարները:

Back to top button