ԿարևորՏնտեսական

Խորհրդարանը հաստատել է 2023 թ պետական բյուջեն

Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ հարցեր եւ ընդունել դրանք: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, մոր եւ մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգի եւ ժամկետների սահմանմամբ:

««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը ներկայացրել է Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը` մինչեւ նոր կենսաչափական անձնագրերի համակարգի ամբողջական ներդրումը:

Նախատեսվում է նաեւ մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը դադարեցնել ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը:

Փաթեթում առկա «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծի ընդունման արդյունքում ֆիզիկական անձինք պաշտոնական էլեկտրոնային փոստ ձեռք կբերեն ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից:

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը: Նախագծերի մշակումը պայմանավորված է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ:

Վերջին հարցը, որը քննարկվել է, ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրինագծի վերաբերյալ եղել էր մեկ առաջարկ, որը հեղինակն ընդունել է: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն առաջարկել էր նախագծից հանել առաջին հոդվածը, որն ընդունվել է:

Նախագծերին ԱԺ գլխադասային հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է այսօր եւ նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որոնց թվում նաեւ` «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Վաղը` դեկտեմբերի 9-ին, խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել:
 

Back to top button