ԿարևորՔաղաքական

Ի՞նչ է թաքցնում Ադրբեջանը «բնապահպանական» օրակարգի տակ

Ստեփանակերտից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իվանյան բնակավայրում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, զորախմբի  հրամանատարական կազմը հանդիպել է մի խումբ ադրբեջանցիների հետ, որոնք ներկայացել են որպես մասնագետներ, որոնց ուղարկել են բնական ռեսուրսների իբր անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակը հետաքննելու համար։ Արցախում այս ամենը կեղծ են համարում և նշում են, որ դա սադրանք է, որով Ադրբեջանն այլ նպատակ է հետապնդում։ Իսկ թե դեպի ո՞ւր են տանում այդ, այսպես կոչված, բնապահպանական բանակցություն-հանդիպումները և ի՞նչ վերջնարդյունք կունենան, դեռևս դժվար է ասել, քանի որ տեղեկատվությունը շատ սուղ է և, մեծ հաշվով, վերջնական որևէ պայմանավորվածության մասին չի հայտարարվել։

Ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների» այցին հաջորդել է Ադրբեջանի բնապահպանական ոլորտի պետական պաշտոնյաների այցը Արցախ։ Խաղաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովի հետ հանդիպումից հետո Բաքուն հայտարարեց, որ հետաքննելու է Արցախում իբր «բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը»։

Ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին է փոխանցել  այդ այսպես կոչված հետաքննության հետ կապված առաջարկներ։ Ադրբեջանի կառավարությունը այդ քննարկումները գնահատել է կառուցողական, նշելով, որ ռուսական կողմի հետ թեմայի շուրջ շփումները կշարունակվեն։ Ռուսաստանի ՊՆ–ը ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումը չի մեկնաբանել և պարզաբանումներ  չի տվել։

Հատկանշական է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՀ ԱԽ խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Այդ փաստը որոշ լրատվամիջոցներ տարակուսանքով էին ընդունել։ Ի՞նչ կարգավիճակով ու նպատակով է Բալասանյանը մասնակցել հանդիպմանը։

ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ թաքցնելու ոչինչ չկա։ Բալասանյանը նման դեպքերում միշտ էլ պատրաստակամորեն հանդիպում է խորհրդարանական խմբակցություննների ղեկավարների հետ և պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին։  

«Մենք շատ լավ գիտենք՝ ինչ պահանջներ է դնում ադրբեջանական կողմը։ Բնականաբար, Արցախի կողմից դրա հակազդման հարցում էլ բոլորիս տեսակետները նույնն են՝ համընկնում են։ Այնպես որ, պարոն Բալասանյանն էլ բացառություն չէ։ Նա տվյալ պահին  ներկայացնում է Արցախի շահերը  անվտանգության առումով»։  

Պատգամավորն անհասկանալի է համարում Արցախում և Հայաստանում որոշ մարդկանց պահվածքը, որոնք փորձում են դրա տակ այլ բաներ տեսնել։ Նա նշում է, որ ռուս խաղաղապահների ղեկավարության հետ ամենօրյա շփում կա և հայկական և ադրբեջանական կողմից։ Մետաքսե Հակոբյանը տհաճ է համարում այն, որ ադրբեջանցիները հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում են նման հանդիպում ունենում, բայց դա այդպես է, քանի որ խաղաղապահների շտաբը Իվանյանում է։

Ի պատասխան տարակուսանքների՝ Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանում տարածեց ադրբեջանցիների հետ Վիտալի Բալասանյանի հանդիպման վերաբերյալ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող: 

Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից»:  

ԱԽ հայտարարությունից տեղեկանում ենք նաև,  որ Բալասանյանը բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված անվտանգային մարտահրավերներիվերաբերյալ:

Անդրադառնալով այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների», կամ «մասնագետների» պահանջներին, Մետաքսյա Հակոբյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ դա կեղծ օրակարգ է և նրանց նպատակն ամենևին էլ բնապահպանությունը չէ։

«Իհարկե, նպատակը դա չէ և բնավ էլ նրանք բնապահպաններ չեն, այլ՝ միանշանակ զինվորականներ են՝ քաղաքացիական հագուստով։ Եթե իրենք ինչ-որ մոնիտորինգի մասին են խոսում, ապա ո՞վ ասաց, որ դրա իրականացնողը իրենք պիտի լինեն։ Կա կարգ, կա ձև՝ թող կազմվի բնապահպանների անկախ միջազգային խումբ, որը կգա և առաջինը կսկսի Քարվաճառից ուսումնասիրություններ կատարել, որն իրենց վերահսկողության տակ է։ Եվ կտեսնեն, որ բնապահպանական հիմնական դրույթներն ու կանոնները խախտվում են հենց այնտեղ և այնտեղ բնապահպանական աղետներ են տեղի ունենում։ Դրանից հետո թող խոսեն մեր վերահսկողության տակ գտնվող հատվածներում, իբրև թե, բնապահպանական խնդիրների մասին»։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ադրբեջանցիներն այդ գործողություններով փորձում են ցույց տալ, որ իրենք են իրավիճակի տերը, և երբ ու որ ճանապարհով ուզեն՝ կանցնեն Արցախ ու ինչ ուզեն՝ կանեն։ Ըստ պատգամավորի՝  դա ուղղված է ինչպես Արցախի հասարակությանը, այնպես էլ՝ Ադրբեջանի ներքին լսարանին, իսկ միջազգային կառույցներին և հանրությանը  ներկայանում են իբրև բնապահպանական խնդիրներով անհանգստացող անձինք։

Հարցը քաղաքական տեսանկյունից դիտարկելով, Մետաքսե Հակոբյանը նկատում է, որ խնդիրը տանում է դեպի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։

«Դեռ օգոստոս ամսից Ալիևը անընդհատ խոսում էր Սյունիքով նախիջևանին կապվող ճանապարհին միջանցքի կարգավիճակ տալու մասին։ Բազմիցս նա հոխորտացել է, շանտաժ է արել, որ եթե միջանցքի կարգավիճակ չտրվի այդ ճանապարհին, ապա՝ իրենք միանշանակ կփակեն Բերձորի միջանցքը»։

Արցախցի պատգամավորի խոսքով՝ քանի որ Բաքուն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ չի կարող ճանապարհի փոխարեն միջանցք ստանալ, փորձում է հենց նման սադրանքներով ճնշում գործադրել՝ հետաձգելու Սյունիքի ճանապարհի մասին խոսակցությունները։  

Ադրբեջանցի չակերտավոր «բնապահպանների» ակցիաներին ՀՀ Ազգային Ժողովում անդրադարձավ նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ նոր պայմանները հայկական կողմի համար անընդունելի են, և եռակողմ  հայտարարություններից չբխող նոր պահանջները կարող են բերել իրավիճակի սրման։  

«Մայրուղու, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9–ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ։ Ընդհանրապես, կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ կամ առաջարկներ, կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռքբերված են, արձանագրված են, ընդունված են բոլոր կողմերի կողմից և հանրահռչակված են։ Պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն և ահա նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի միայն սրացմանը՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր, սա արդեն մեկնաբանությունների հարց է»։

Հիշեցնենք, որ այսպես կոչված «բնապահպանական» թեման Ադրբեջանը հատուկ ընդգծված կերպով օրակարգ բերեց դեկտեմբերի 3-ին՝ մի քանի ժամով փակելով Լաչինի միջանցքը:

Back to top button