Երաժշտական եռանկյունի

Էդուարդ Զորիկյան․ պատմության էջերը թերթելիս․ «Երաժշտական եռանկյունի»

Էդուարդ Զորիկյանը այն սերնդի երգահաններից է, որոնք ոչ միայն ստեղծագործել են տարիների ընթացքում, այլ նաև ժանրի զարգացման վկաներն են: «Հիշում եմ այն ժամանակը, երբ նոր էի սկսել երգեր գրել, և նույնիսկ կիթառ ունենալը Խորհրդային Հայաստանում մեծ խնդիր էր, բայց դա չէր խանգարում մեզ երազել, փնտրել և ամենակարևորը՝ ստեղծագործել»,- ասում է հեղինակ կատարողը:

Այն ժամանակ, երբ Զորիկյանն իր առաջին հայտն էր ներկայացնում որպես հեղինակ կատարող, Հայաստանում արդեն ստեղծագործում և մեծ ճանաչում էին վայելում երգահաններ Արթուր Մեսչյանը, Վահրամ Թաթիկյանը, Ռուբեն Հախվերդյանը և Արարատ Բոբիկյանը: Այդ սերնդի առաջին երգահանների ուսերին էր հեղինակային երգի ժանրի գոյացումն ու հաստատումը:

Երևույթը ձևավորման ընթացքում էր, և Զորիկյանի սերնդակիցները իրենց ստեղծագործությամբ նոր երանգ և թեմաներ բերեցին: Հայկական հեղինակային երգն ի սկզբանե լուրջ բանաստեղծական բաղադրիչ ուներ, դա վերաբերվում էր ոչ միայն առաջին սերնդի երգահանների հաճախ դիմելուն Մուշեղ Իշխանի, Ռազմիկ Դավոյանի, Հրաչ Թամրազյանի և այլոց բանաստեղծությանը, այլ նաև իրենց սեփական տեքստերը առանձնանում էին բանաստեղծական կուռ կառուցվածքով և գեղարվեստականությամբ:

Ռուսական հեղինակային երգին հատուկ կենցաղայնությունը բնորոշ չէր այդ ժամանակաշրջանի երգահանների ստեղծագործությանը: Բոլորը ճանաչում էին բոլորին, և յուրաքանչյուր համերգ՝ լինի դա Ժուռնալիստների, Ճարտարապետների միություններում, Ֆիզիկոսների տանը կամ բուհական միջավայրում, դառնում էր հնչեղ երևույթ, և ամեն հաջորդ համերգին երիտասարդությունը սպասում էր մեծ անհամբերությամբ:

Քանի որ տեքստերի մի մասը անդրադառնում էին նաև պատմական, սոցիալական և մասամբ քաղաքական խնդիրներին, ժանրի ներկայացուցիչները խորհրդային իշխանությունների և կուսակցական պատասխանատուների ուշադրության կենտրոնում էին: Չնայած ընդհանուր առմամբ ստեղծարարությունը և ինքնագործունեությունը խրախուսվում էր՝ բազմաթիվ ինքնագործ խմբեր, փառատոներ և տարբեր այլ միջոցառումներ:

Այդպես էր մինչև խորհրդային երկրի փլուզումը, և ինչպես հիշում է Էդուարդ Զորիկյանը, ամեն բան փոխվեց երկրաշարժից հետո և անկախացման առաջին իսկ տարիներին: Այդ մութ և ցուրտ տարիներին Արարատ Բոբիկյանը ճարտարապետների միությունում ամեն ուրբաթ երեկո կազմակերպում էր «Մոմի լույսով համերգներ»:

Հանդիսատեսն իր հետ էր բերում մոմեր, որոնցով էլ հաճախ լուսավորվում էր միության մութ բեմը հովհարային անջատումների պատճառով: Դա հեղինակ-կատարողների և այդ ժանրը սիրող հանրույթի հավաքատեղին էր:

Միաբանվելու այդ սովորույթը մինչ օրս պահպանել են արդեն նոր սերնդի հեղինակ-կատարողները՝ «Բարդ» ակումբի մասնակիցները, որոնք կազմակերպում են համերգներ, հրապարակում երգարաններ, ձայնասկավառակներ և ամենակարևորը՝ արդեն միջազգային դարձած «Բարդֆեստ» փառատոնը: Հաղորդման ընթացքում հնչում են Էդուարդ Զորիկյանի տարբեր տարիների երգերը:

Back to top button