ԿարևորՀասարակություն

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին Բեռլինի Ազատ համալսարանի արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտոր Հերբերտ Գրիշոփը և Թեժ գծի հետազոտական ծառայության ղեկավար դոկտոր Անդրեաս Թրամփը, դեկտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել ենմշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Քրիստիան Հաասեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Back to top button