ԿարևորՔաղաքական

«Գաղտնի» ծառայության մասին՝ ի լուր աշխարհի ՀՀ կառավարությունը նոր կառույց է ստեղծում

Ուժային կառույցներում բարեփոխումների շրջանակում Հայաստանի կառավարությունը մտադիր է նոր կառույց ստեղծել, որը տարիների ընթացքում ՊՆ–ից և ԱԱԾ–ից կվերցնի արտաքին հետախուզությանն առնչվող բոլոր գործառույթները։ Կառուցվածքը, թիրախները, նպատակը գործադիրն արդեն հստակեցրել է և համապատասխան օրենքների ընդունումը անհետաձգելի համարել։ Կառույցը անհրաժեշտ է, բայց այդ հարցի հանրային քննարկումը, թեկուզ և չափավոր, միանշանակ չի ընկալվել։ Հիմնական հարցն այն է, թե ի՞նչ չափով կարելի է խոսել կամ , ընդհանրապես, կարելի՞ է խոսել արտաքին հետախուզական ծառայության մասին։

70 տարուց ավելի Բրիտանիայի հետախուզական MI6 ծառայությունը գործեց գաղտնի։ Այդ ծառայության մասին ոչ ոք տեղեկություն չի ունեցել մինչև 1994 թվականը։ Հայաստանում նման առանձին կառույց դեռ գոյություն չունի, բայց դրա ստեղծման մասին հանրային արդեն քննարկումներ են սկսվել։ 2 քննարկում ծավալվել է կառավարությունում, օրենքի ընդունման ժամանակ էլ դեռ կխոսեն Աժ–ում։ Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու քայլին Հայաստանը գնում է, ենթարկվելով փոփոխվող աշխարհի կանոններին, ասում է Հայաստանի վարչապետը, միաժամանակ հիշեցնելով, որ քննարկվող հարցը գաղտնիության տարրեր է պարունակում։

«Ըստ էության աշխարհը փոխվում է դինամիկ ձևով, նաև արտաքին հետախուզական ձևերը և մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում և շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր կարողությունները տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմանների և պահանջներին համապատասխան»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն արտաքին հետախուզությանը վերաբերող ցանկացած բաց քննարկում վտանգավոր է համարում։ Նրա կարծիքով՝ այս դեպքում թափանցիկությունը ժողովրդավարության հետ կապ չունի։

«Այդ ծառայությունների ամբողջ իմաստը գաղտնիության մեջ է և շատ երկրներ երկար ժամանակ նույնիսկ գաղտնի էին պահում, որ առհասարակ նման ծառայություն ունեն։ Լավագույն օրինակը դա բրիտական MI6 է։ Ոչ մեկը չգիտեր այդ ծառայության գոյության մասին, կային ինչ–որ կասկածներ, բայց կառավարության մակարդակում մերժում էին, որ նման ծառայություն գոյություն ունի։ Հիմա հետախուզական ծառայությունը Հայաստանը չունի և հայտարարվում է»։

Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզական ծառայության մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերը քննարկվել են տարբեր մակարդակներով, և գործադիրը այդ փաթեթի ընդունումը անհետաձգելի է համարել։ Առաջարկվում է նոր արտաքին հետախության ծառայություն ստեղծել՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին։ Եթե ՊՆ–ում և ԱԱԾ–ում գոյություն ունեցող համանման ծառայությունները զինվորական են համարվում, ապա այժմ որոշվել է ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որտեղ աշխատանքային գործունեությունը զինվորական ծառայություն չի հանդիսանա։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան․

«Դրանով հնարավորություն կստեղծվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով և արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը։ Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից երե քտարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթը ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»։

Վարչապետը վստահեցնում է, որ գործող հետախուզական ծառայությունները չեն փոխվի այնքան ժամանակ, մինչև չհամոզվեն, որ նոր կառույցը կարող է կատարել այն գործառույթները, որոնք իրականացնում են ՊՆ-ը և ԱԱԾ -ն։ Կառավարությունում արդեն պատկերացնում են նոր ծառայության կառուցվածքը։ ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը «1in. am»–ին տված հարցազրույցում անգամ նախանշել էր ենթադրյալ աշխատակիցների հնարավոր շրջանակը․  

«Իր գործունեությունը հիմնականում ծավալվում է արտերկրում, իր առջև դրված են այլ խնդիրներ։ Այսինքն՝ տեղեկությունների հավաքագրում, այն տեղեկությունների, որոնք կարող են ՀՀ շահերին առնչվել։ Հատկապես Հայաստանի համար ևս որոշակի առանձնահատկություններ կան։ Եկեք հաշվի առնենք, որ մենք ունենք սփյուռք, մենք ունենք ավելի շատ հայազգիներ արտասահմանում, քան՝ մեր երկրում։ Այս ամենը հետախուզական ծառայության համար որոշակի ռեսուրսներ են և շատ լուրջ կառույց կարելի է ունենալ որոշակի ժամանակահատվածում»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով շատ թիրախային հայտարարություն է արվել․

«Իհարկե, թիրախավորում է և որպես հետևանք, այն երկրները, որոնք Հայաստանի հետ խնդիրներ ունեն, տեղի սփյուռքին պետք է արդեն հատուկ վերաբերմունքի արժանացնեն և հետևեն։ իհարկե, սփյուռքը այդ առումով մեծ ներուժ է և Հայաստանը, իհարկե, շատ մեծ հնարավորություններ ունի, բայց դրա մասին խոսել հրապարակային, ես կարծում եմ, որ հատկապես պաշտոնատար անձինք իրավունք չունեն նման հայտարարություններ անել»։  

Նախագծի հեղինակները կարծում են, որ հետախուզությունը հանելով ԱԱԾ կազմից, զգալիորեն կբեռնաթափեն կառույցի աշխատանքը, իսկ դա իր հերթին ԱԱԾ–ին թույլ կտա կենտրոնանալ հակահետախուզության, ռիսկերի կառավարման և անվտանգության վրա։ ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ այս շրջանում դրա անհրաժեշտությունը ավելի քան անհրաժեշտ է․

«Ցավալի է, որ մեր երկրում այդքան լրտեսներ են աճել և շատ էժան՝ սոցիալական ցանցերում որոշակի կոնտակտներ ուղղակի ունենալու արդյունքում․ կանանց հետ, գումարի առումով։ Բնականաբար, այս բոլոր բարեփոխումները միտված են հենց նմանատիպ խնդիրները հենց բնում խեղդելու և անվտանգային միջավայրը ավելի անվտանգ դարձնելու առումով»։

Միայն նոյեմբերին ԱԱԾ–ն հայտարարեց պետական դավաճանության երկու դեպքի բացահայտված մասին։ Վերջինը օրեր առաջ էր՝ նոյեմբերի 29–ին։ ԱԱԾ պաշտոնական կայքում տեղադրված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ 2020-2022 թվականների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու մոտ 15 դեպք, որպես մեղադրյալ է ներգրավվել մոտ 50 մարդ:

Back to top button