ԿարևորՏնտեսական

7% տնտեսական աճ, նվազող պարտք․ խորհրդարանը քննարկեց 2023–ի բյուջեի նախագիծը  

Խորհրդարանում քննարկվել է 2023թ գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը, որի  վերաբերյալ կառավարությունը պատգամավորներից  45 առաջարկ էր ստացել։ Նախորդ նախագծի համեմատ, բյուջեի  ծախսերը  ավելացել են  826 մլն դրամով, 734․5 մլն դրամով էլ ավելացել են եկամուտները։ Բյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ։ Նվազել է  նաև Արցախին տրամադրվող գումարի չափը՝ 144 մլրդ դրամից դառնալով 136 մլրդ։ Բացատրություն կա՝  Արցախի  կառավարության դիմումի արդյունքում 8 մլրդ դրամը հատկացվելու է ավելի շուտ՝ ընթացիկ տարում, իսկ գումարի չափը սահմանվել է՝ հաշվի առնելով սոցիալական և տնտեսական առաջնահերթությունները։

2023 թվականին պետական բյուջեի ծախսերը կկազմեն 2 տրլն 591 մլրդ դրամ, եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ, դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝  նախորդ նախագծի համեմատ, թարմացված տարբերակում ծախսերի մասն ավելացել է 826 մլն դրամով․

«Բյուջեի ծախսերի ավելացումը պայմանավորված է տոկոսավճարների ավելացմամբ՝ 826 մլն դրամով: Առաջնային ընթացիկ ծախսերի, ինչպես նաև կապիտալ ծախսերի հանրագումարը, մնացել է անփոփոխ: Արտարժութային փոխարժեքների վերահաշվարկի արդյունքում ծախսերի հանրագումարը նվազել  4.1 մլրդ դրամով»:

Ոլորտային ծախսային պատասխանատուների առաջարկություններով առանձին ծախսային ուղղություններին հատկացված միջոցներն ավելացել են  27.2 մլրդ դրամով, իսկ դրանց հատկացված ֆինանսավորման պատճառով կառավարության պահուստային ֆոնդը նվազել է 22.3 մլրդ դրամով: Ընդհանուր առմամբ,  բյուջեի ծախսերում ավելացել են  պաշտպանական, սոցիալական ապահովության ու տնտեսական ծրագրերին ուղղված գումարները։

Խորհրդարանական ամիբիոնից ֆինանսների նախարարը մեկ անգամ ևս  բարձրաձայնեց՝  2023 թվականի համար թիրախավորվում է  տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ: Բարձր տնտեսական աճը պետք է ձեռք բերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում։ Իսկ մինչ այդ, ըստ պաշտոնյաների, տնտեսական բարձր աճի համար նախադրյալներ կան․

«Այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշերից մեկը՝ կազմելով ՀՆԱ–ի 13 տոկոսը գերազանցող իրական աճ։ Արդյունքում 2022 թվականի համախառն ներքին արդյունքը դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք սահմանը, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ՝6500 ԱՄՆ դոլարը նախորդ տարվա համեմատ արձանագրելով 1800 դոլար աճ։ 2023 թ բարձր տնտեսական աճի ցուցանիշը պետք է դառնա կառավարության բարեփոխումների ու հատկապես տնտեսական քաղաքականության արդյունավետության  չափման հիմնական ցուցիչը»։

Հայաստանի արտահանման հիմնական շուկաներում ՝ ՌԴ–ում, Եվրագոտում, Չինաստանում, ԱՄՆ–ում  դեռ տնտեսական աճը դանդաղում է, կանխատեսումները զգուշավոր են։ 2023 թվականի ընթացքում ՌԴ տնտեսությունը աճեց 2․3 տոկոսով ։ Հաջորդ տարի գլոբալ տնտեսական աճը կկազմի 2․7 տոկոս։ Սա 2022–ի ու 2021–ի ցուցանիշերից զգալիորեն ցածր է՝ արձանագրում  է Խաչատրյանը։ Նա միաժամանակ նկատում է՝ պարենի ու փոխադրումների գների  նվազման սպասումներ կան։  Իսկ Հայաստանում բարձր տնտեսական աճը անմիջականորեն կապված է  հարկային քաղաքականության ու վարչարարության ուղղությամբ իրականացվող քայլերի հետ․

«2023 թ հունվարի 1–ից եկամտային հարկը կնվազի 1 տոկոսային կետով, մյուս հարկատեսակների դրույքաչափերը անփոփոխ կմնան»։

2026 թ–ին հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը կգերազանցի 25 տոկոսը։ 2023–ին նախատեսվում է  կես տոկոսով ավելացնել։ Ֆինանսների նախարարի խոսքով՝ այս տարվա համար նախատեսված հարկեր ՀՆԱ 23․4 տոկոսը գուցե չկարողանան ապահովել՝ ԵԱՏՄ –ում մաքսատուրքերի նվազման, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձվող գումարների ավելացման պատճառով։ Կանխատեսվում է, որ առաջիկա երկու տարիներին քաղաքացիներին վերադարձվող գումարը կկազմի մինչև 60 մլրդ դրամ։ Գործադիրում խոստանում են՝ 2023–ին կառավարութուն–պարտք հարաբերակցությունը 50 տոկոսից ցածր է լինելու։ Երեք տարվա կտրվածքով սա էական ձեռքբերում է՝ արձանագրում է Տիգրան Խաչատրյանը։  ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հետարքրքում էր՝ արդյոք  պարտք –ՀՆԱ հարաբերակցության նվազումը նոր վարկեր ներգրավելու հնարավորություն կտա՞, թե՞ ոչ։ Սա պատգամավորին միակ հետաքրքրող հարցը չէր։ Լսենք Հովիկ Աղազարյանին , ապա ֆինանսների նախարարին

«Արդյո՞ք 273 մլրդ դրամը սա միայն տոկոսներին ուղղվող գումարն է, թե մարումներն էլ կան այդ գումարի մեջ»։ Նախարարի խոսքով՝ գումարներն ուղղվելու են միայն տոոկսների վճարմանը։ Տարվա ընթացքում ստացվելու են նաև փոխառություններ ու վարկեր։

2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը քննարկվեց՝ առանց ընդդիմադիր պատգամավորների հարցերի։ Միակ դժգոհությունը   «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր ընտրված անկուսակացական Զեմֆիրա Միրզոևայից էր։ Նա էլ  դժգոհ էր, քանի որ երկու տարի է կառավարությանն առաջարկում է ասորաբնակ Վերին Դվին համայնքի դպրոցի նոր մասնաշենքի կառուցման, գործող մասնաշենքի վերանորոգման գումար ներառել բյուջեում, բայց առաջարկը որևէ կերպ նախագծում չի հայտնվում․

«Դպրոցը մեծ դեր ու նշանակություն ունի ասորական համայնքի համար։ Սակայն, այդ փաստն էլ հաշվի չի առնվել ու առաջարկը մերժվել է։ Նշվել է, որ այն կքննարկվի 2023–2025 թ ՄԺԾԾ–ի սահմաններում, իսկ ԱԺ ամբիոնից ֆինանսների նախարարի բանավոր պատասխանը չէր բացառում դպրոցի վերանորոգումը 2022–ին։ Իհարկե այդ խոստումը չի կատարվել։ Այս տարի ևս նույն առաջարկը ներկայացրել եմ ու ավելի անորոշ ու խուսափողական պատասխան եմ ստացել։ Ես երկու տարվա ընթացքում բյուջեի վերաբերյալ մեկ առաջարկ եմ ներկայացրել, այն էլ չի ընդունվում։ Փաստորեն դա է կառավարության վերաբերմունքը ասորական համայնքի նակտմամբ։ Իհարկե ես շարունակելու եմ պայքարել ու պնդել, որ այս դպրոցը վերանորոգվի»։

Պատգամավորի բարձրացրած հարցին ֆինանսների նախարարը չարձագանքեց։ 

Back to top button